Ադրբեջանի զինված ուժերը փորձել են գիշերով հարձակում գործել Արցախի պետական սահմանը պաշտպանող զինծառայողների նկատմամբ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Մելիքյանը 2016 թվականի մայիսից իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում ուսումնասիրել է նաև 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Թալիշ գյուղի հրետակոծության, ինչպես նաև փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները՝ որպես մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումների կատարմանն ուղղված փոխկապակցված իրադարձություններ:
Ինչպես տեղեկացրին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, մարտի 2-ին կատարվել է փաստահավաք այցելություն Թալիշ գյուղ, որի ընթացքում կատարվել է փաստերի անմիջական ուսումնասիրություն, ինչպես նաև իրականացվել են հարցազրույցներ վարչակազմի ներկայացուցիչների և Թալիշում բնակվող քաղաքացիական անձանց հետ:
Հարցազրույց է իրականացվել նաև փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիմնվելով փետրվարի 26-ին հրապարակված տեսագրության վրա: Հարցազրույցն իրականացվել է Արցախի պաշտպանության բանակի՝ տեսավերահսկողություն իրականացնող սպայի հետ:
Փաստահավաքության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 24-ի առավոտյան և հաջորդ օրը երեկոյան Թալիշ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակվել է ընդհանուր առմամբ շուրջ 15 արկ, որոնք պայթել են օդում և մահացու վտանգ ստեղծել գյուղում
բնակվողների համար: Ընդ որում, արկերի հիմնական մասը պայթել է գյուղի կենտրոնում՝ դպրոցի շենքի մերձակայքում:
Այլ կերպ՝ Ադրբեջանը կիրառել է ոչ ընտրողական զինատեսակ քաղաքացիական նշանակության օբյեկտի նկատմամբ:
Փետրվարի 24-ի լույս 25-ին գիշերը Արցախի պետական սահմանի Մարտունու հատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցազրույցի ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի փորձել են գիշերով հարձակում գործել Արցախի պետական սահմանը պաշտպանող զինծառայողների նկատմամբ:
Նպատակին հասնելու դեպքում առկա էր մեծ հավանականություն, որ զինծառայողների և
քաղաքացիական անձանց նկատմամբ կկատարվեին 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների հետ նույնաբնույթ վայրագություններ:
Այդպիսի հավանականության մասին, ի թիվս այլոց, վկայում է Ադրբեջանական
հասարակությունում հայատյացության շարունակական խորացման փաստը:
Այսպես, փետրվարի 26-ից ի վեր ադրբեջանական օգտատերերը վերստին սկսեցին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածել 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Իսլամական պետության ոճով կատարված ռազմական հանցագործություններ պատկերող լուսանկարներ և տեսագրություններ՝ ինչպես մեր կողմից փաստագրված, այնպես էլ նոր ի հայտ եկած:
Այսպես, նոր ի հայտ եկած տեսագրությունում պատկերված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը փաստացի հնչեցնում է «ցեղասպանություն կատարելու» սպառնալիք (տեսագրության 0:240:42 վայրկյաններ):
Ընդ որում, մեր կողմից արձանագրված բոլոր մեդիանյութերը համատարած ուղեկցվել են ակնհայտ հայատյացություն պարունակող մեկնաբանություններով:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի թույլ տված վայրագության համակարգված դեպքերին միջազգային հանրությունը պատշաճ արձագանք և իրավական գնահատական դեռևս չի տրվել, որի արդյունքում ձևավորվել է Ադրբեջանի անպատժելիության ընկալում: Դա ինքնին հիմք է տալիս պնդելու, որ 2017 թվականի փետրվարի 24-ին և 25-ին արցախաադրբեջանական սահմանին տեղի ունեցած
իրադարձությունները առերևույթ պատճառական կապի մեջ են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ: