Բաժիններ՝

Երևանը չի պատրաստվում բալիստիկ հրթիռներ արձակելուց առաջ որևէ մեկից թույլտվություն հայցել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ նովոստի»‐ին ասաց, որ «Իսկանդեր» հրթիռահրետանային համալիրները և դրանք կիրառելու որոշումը պատկանում է Հայաստանի Զինված ուժերին, ռուսաստանցի անկախ, կիսանկախ և ոչ անկախ վերլուծաբանները մեկը մյուսի հետևից կասկածի տակ դրեցին այդ հայտարարությունը:

Մինչ այդ նրանք ղարաբաղյան ճակատում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ էին կանխատեսում: Դրանից հետո կանխատեսումները փոխվեցին, պարզվեց, որ չկան նախադրյալներ այնպիսի մասշտաբային առճակատման համար, որը հայկական կողմին բալիստիկ հրթիռ արձակելու հիմքեր կտա: Ոմանք ուղղակի, անուղղակի վրդովմունք էին արտահայտում, չթաքցնելով, որ ռուսական ականջին հաճելի չեն Երևանից հնչող այդօրինակ համարձակ հայտարարությունները:

Սույն հայտարարությունը համարձակ է համարվում, որովհեև ՌԴ‐ն «Իսկանդեր»‐ները Հայաստան է ուղարկել` համոզմունքով, որ հրթիռ արձակել‐չարձակելու որոշումը միևնույն է, ինքն է կայացնելու: Մոսկվան այդպես է արդարացել նաև ադրբեջանցի բարեկամների հետ զրույցներում: Եվ հանկարծ Հայաստանի ՊՆ երիտասարդ նախարարը, որն անգամ բանակում կարգին չի ծառայել, ամենայն հանգստությամբ և ինքնավստահությամբ հայտարարում է, թե Հայաստանը կորոշի՝ երբ եև որ ուղղությամբ արձակել «Իսկանդերի» հրթիռները: Ռազմավարական դաշնակցի ցասումը մեծ է:

Կրեմլի արձագանքը Սարգսյանի հայտարարությանը լավագույնս ներկայացրել էր քաղաքագետ Վադիմ Դուբնովը «168.am»-ի հարցազրույցում։ Հարցին՝ պաշտոնական Երևանը կարո՞ղ է  «Իսկանդերը» կիրառել առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու, նա պատասխանել էր. «Այս դեպքում «համաձայնեցում» բառը բավականին նուրբ որակում է, քանի որ խոսք է լինելու թույլտվություն խնդրելու մասին»։

Եթե միայն Վիգեն Սարգսյանի հայտարարությունով ամեն ինչ ավարտվեր, դեռ կարելի էր մեկնաբանել, թե նոր նախարար է, անփորձ է, չգիտի`ինչ կարելի է ասել, ինչ`ոչ: Բայց նախօրեին կրկին ռուսական հարթակից այս անգամ Բակո Սահակյանը շեշտեց, որ «Իսկանդերները» գտնվում են ՀՀ տրամադրության տակ, ունեն ռազմաքաղաքական հավասարակշռությունը և տարածաշրջանի կայունությունն ապահովող նշանակություն:

Նրան էլ հաջորդեց Սերժ Սարգսյանը: «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»,- նախօրեին ԱԳ նախարարությունում ասաց նա:

Ընդ որում, Սարգսյանը նաև հստակեցրեց, որ տրամադրված չէ համակարգերը կիրառելուց առաջ ինչ‐որ մեկին զանգել` համաձայնեցնելու կամ թույլտվություն վերցնելու համար: Դրանք ժամանակ պահանջող գործողություններ են, մինչդեռ նա հայտարարեց. «Մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու….»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս