«Վստահ եմ, որ նույն բանը, ոնց դուք եք ձևակերպում, մեր դռան առջև չի կանգնելու». Կարեն Կարապետյանը՝ Արամ Մանուկյանին
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքը նույն` գազի հարցի հետ կապված 3 վարչապետ և 4 նախարար է փոխել, և վստահություն հայտնեց, որ հաջորդ խորհրդարանում էլ է ինքը լինելու ու խոստացավ հարցը կրկին բարձրացնել:
Նա նշեց, որ վարչապետն անցած տարի նոյեմբերին ներկայացրել է, որ հունվարի 1-ից 7 դրամով իջնելու է գազի սակագինը` գազի սպառման ավելացման և Վրաստանի տրանզիտի գնի իջեցման արդյունքում: Սակայն, ըստ պատգամավորի, 2015թ-ին Ռուսաստանից Հայաստանը ստացել է 2 մլրդ խմ գազ, 2016-ին` 1.8 մլրդ խմ, այսինքն` սպառումը` 6.8% նվազել է:
«Սա էլ այն դեպքում, երբ խիստ նոյեմբեր և առավել խիստ դեկտեմբեր էր: 9 ամիսների կտրվածքով գազի մուտքը պակասել է 22%-ով: Նոււյն տրամաբանությունը կա նաև էլեկտրաէներգիայի մասով»,- ասաց Ա.Մանուկյանը:
Նա հետաքրքրվեց, թե Վրաստանից տրանզիտի վճարը` կեսը գազով, կեսը` գումարով, ընդհանուր գումարային առումով քչացե՞լ է, թե՞ ոչ, նաև «Գազպրոմը» հայտարարել է, որ իր ֆինանսական վիճակն էլ այն չէ, նույնիսկ ճգնաժամային են համարում, այդ դեպքում ինչպե՞ս է «Գազպրոմն» իր վրա վերցնելու գազի սակագնի նվազեցման մասը` մոտ 14 մլրդ:
«Ծավալների բարձրացման մասին մենք խոսել ենք որպես սակագնի նվազեցման հետևանք, ոչ թե փաստ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` թվարկելով իր ֆիքսած 4 գործոնները` տրանզիտի հնարավոր զիջում, վարկի սպասարկման տոկոսների նվազեցում 2017-ին, սեփական ծախսերի նվազեցում և շուկայի արձագանքը ցածր գնի վերաբերյալ:
Նա նշեց, որ «Գազպրոմը» պատրաստ է սուբսիդավորել այն տարբերությունը, որ տարվա կտրվածքով կստացվի:
Վարչապետը ներկայացրեց Վրաստանի հետ պայմանագրի պայմանները` առաջին 1 մլրդը վերցնում են 10% գազով, հաջորդ քանակը վճարվում է դոլարով, որը 10%-ից ցածր է:
Ա.Մանուկյանը նկատեց, որ 1 մլրդը կազմում է մեր սպառման գազի մոտ 60%-ը: Նա ուշադրություն հրավիրեց ամենակարևոր գործոնի` արտագաղթի վրա. «Դուք հաշվի չեք առել և դա ձեր կամքից կախված չէ, դա սպառողի քանակն է պակասում` ամեն տարի մոտ 3-5%: Ձեր հաշվարկներն ուղղակի չեն կաորղ դիմանալ մրցակցության, որովհետև սրա դեմը ոչ ոք չի կարող առնել: Այսինքն` դուք լրացուցիչ մարտահրավեր ունեք այս մասով»:
Ա.Մանուկյանը նախազգուշացրեց, որ քանի որ «Գազպրոմը» ծանր վիճակում է, այս 14 մլրդի տեղը ինչ-որ բան ուզելու է. «Մենք պատրա՞ստ ենք դիմակայել դրան, որ մեր էն տխուր, դառը փորձը, որ պարտք ենք կուտակել և փոխարենը հզորություն ենք տվել, նույն բանը չի կանգնելու մեր դռանը»:
«Վստահ եմ, որ նույն բանը, ոնց դուք եք ձևակերպում, մեր դռան առջև չի կանգնելու»,- հավաստիացրեց Կ.Կարապետյանը` հավելելով, որ «Գազպրոմ Արմենիայի» և Հետազոտությունների ռազմավարական կենտրոնի մասնագետները կարող են աշխատել Ա.Մանուկյանի հետ: