Բաժիններ՝

«Հայաստանում հանդիսատեսին համարում են անուղեղ արարածներ». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանին հարցազրույցի հրավիրելն առանձնակի հաճույք է: Մարդն ինչ մտածում՝ «շրխկացնում» է ճակատիդ: Նրան սիրում են բոլոր այն դերասանները, որոնց հետ համագործակցում է, և ենթադրում եմ, որ տանել չեն կարող բոլոր նրանք, ում նա իր անմիջականությամբ՝ «դեպի հեռուն գնացող» ճանապարհով է ուղարկել՝ անմիջապես քասթինգի օրը: Ռեժիսորը հանդիսատեսի դատին հանձնելով «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը՝ անմիջապես գործի է անցել՝ նկարահանելով նովել, և արդեն իսկ սերիալի նկարահանումներ է իրականացնում: Նախագծերի, տգետների և աստղայինի մասին մենք զրուցեցինք Մհեր Մկրտչյանի հետ:

– «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերայի ժամանակ լրագրողի հարցին, թե խոսակցություններ են տարածվել, որ ֆիլմն «Օսկարի» առաջադրելու մտադրություններ ունեք, Դուք նշեցիք, որ կլինեք օրիգինալ և չեք նկարի ֆիլմ հատուկ «Օսկարի» համար: Որտեղի՞ց այդ բացահայտ հակակրանքը, հոգու խորքում, հատուկ «Օսկարի» համար նկարահանող ռեժիսորների «ծածուկ երազանքի» հանդեպ:

– Դա հակակրանք չէ։ Ընդունեք իմ ասածը՝ որպես անհաջող կատակ։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դեռ նկարահանումների ժամանակ հայտարարել, որ ֆիլմը հավակնում է բարձր մրցանակների։ Ռեժիսորն իր աշխատանքով դեռ կախված է մի շարք մասնագետներից, ովքեր դեռ պետք է աշխատեն ֆիլմի վրա։ Եվ, ի վերջո, դա անհամեստություն է։

Կարդացեք նաև

– Եթե մի կողմ թողնենք Ձեր օրիգինալ լինելու ցանկությունը, որքանո՞վ կլինեին մեր ֆիլմի, ասում եմ՝ մեր, քանի որ սիրվել է՝ մերը կոչվելու չափ, շանսերը՝ «Օսկարի» կամ այլ հեղինակային փառատոնի առաջադրվելու դեպքում:

– Չեմ կարծում, որ շանսեր կան։ Ֆիլմն անկեղծ է, էմոցիոնալ, հիանալի դերասանական կազմով, բայց ռեժիսուրայի տեսանկյունից հեռու է կատարելությունից։ Իսկ փառատոներում ֆիլմը գնահատելու գլխավոր չափանիշը ռեժիսուրան է։

– Ձեզ տխրեցրե՞ց հանդիսատեսի անթաքույց ցանկությունը՝ տեսնելու երկրորդ ֆիլմի մեջ առաջինի «կրկնօրինակումը»՝ որպես շարունակություն, ինչպես նաև հետագա հիասթափությունը, որ՝ «ախր սա ուրիշ ֆիլմ էր, է՜»…

– Ճիշտ չեմ համարում հանդիսատեսի հետ խաղալը։ Սրանք երկու, լրիվ տարբեր ֆիլմեր են։ Եվ յուրաքանչյուրն ունի իր սիրահարներն ու քննադատները։ Ամեն դեպքում երկու ֆիլմն էլ ես եմ նկարել։ Այդ փաստը մի փոքր հանգստացնում է, թե ո՞ր ֆիլմն է ավելի լավը՝ բանավեճում։

– Ֆիլմի դերասաններն իրենց հարցազրույցներում միաբերան նշում էին, որ Ձեր շնորհիվ է, որ կարողացել են ֆիլմում լինել հնարավորինս օրգանական, ոչ թատերական, իրական… «Նա կարողանում է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ակամայից անում ես այն, ինչ ուզում է ստանալ կադրում». այս արտահայտությունը գրեթե նույնությամբ կրկնում էին բոլոր դերասանները: Նկարահանումից առաջ այդ ի՞նչ եք «լցնում» նրանց բաժակների մեջ, որ բոլորը նույն «մթնոլորտում» են հայտնվում:

– Ես ընդամենը փորձում եմ ինձ շրջապատել լավ մարդկանցով։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ։

– Առաջին ֆիլմում շատերիս անհայտ դերասանները Ձեր շնորհիվ ճանաչում ձեռք բերեցին: Կայի՞ն դերասաններ, որոնց «կափարիչները» թռան՝ հանկարծակի վրա հասած ճանաչելիությունից: Եվ, որպես ռեժիսոր, ի՞նչ խորհուրդներով եք նրանց կրկին «իջեցրել երկիր»:

– Ես մի քիչ համաձայն չեմ «իմ շնորհիվ» արտահայտության հետ։ Տվեք ինձ վատ դերասան կամ դերասանուհի և կհամոզվեք, որ ես հրաշագործ չեմ։ Իսկ «աստղային հիվանդությունը» բուժվում է միայն վաղ փուլում: Երբ այն դադարում է լինել ուղղակի հիվանդություն և դառնում է տվյալ մարդու էությունը, արդեն ոչինչ անել չես կարող։ Ինչպե՞ս բուժել։ Շատ պարզ։ Սպասել։ Աստղային հիվանդությունը կամ ինքն իրեն բուժվում է, կամ վերածվում է մշտական հոգեվիճակի։

– Ի՞նչ է զգում ռեժիսորը, որի ֆիլմի ավարտին հանդիսատեսը դեռ երկար լռում է դահլիճում՝ անգամ չփորձելով թաքցնել արցունքները:

– Այն, որ և դու, և քո թիմն իրենց կյանքի մի մասը զուր չտվեցին այս նախագծին։

– Երբ բարձր նշաձող ես վերցնում, հաջորդ քայլերն ակամայից համեմատության մեջ են դրվում այդ բարձր մակարդակի հետ: Չկա՞ մտավախություն, որ հաջորդ նախագծերն իրագործելիս՝ ինքներդ Ձեզ «կպարտվեք»:

– Վախ միշտ էլ կա։ Բայց մյուս կողմից էլ՝ պարտվելու այդ վախը, կապ չունի՝ ուրիշների՞ն, թե՞ ինքդ քեզ, միշտ օգնում է, որ սթափ ու ձիգ մնաս, չթուլանաս։

– Նկարահանել եք նովել՝ Բաբկեն Չոբանյանի և Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ: Ո՞ւմն էր առաջարկը՝ Իվետային նկարահանելու, և ինչպե՞ս նա հաղթահարեց այդ առաջադրանքը:

– Իվետան շատ բնական է, իսկական։ Դերասանի վարպետության բացակայությունն ու կրթությունը երբեմն կոմպենսացվում է մարդու օրգանիկայով։ Կա երկու հարթություն, ինչից ռեժիսորը կարող է բռնվել դերասանի հետ աշխատելիս. առաջինը՝ շնորհքն ու մասնագիտական փորձը, երկրորդը՝ մարդու բնական օրգանիկան։ Լինում են դեպքեր, երբ դերասանը բացարձակ մասնագիտական հմտություններ չունի, և որպես մարդ էլ՝ կեղծ է։ Այդ դեպքում ռեժիսորին միայն մի բան է մնում՝ փակել աչքերը: Ինձ դուր եկավ Իվետայի հետ աշխատելը։Նա շատ լավ և տաղանդավոր մարդ է։ Դերասանների ընտրությունը հիմնականում ես եմ անում:

– Փոփ արտիստին նկարահանելիս չկա՞ մտավախություն, որ հանդիսատեսը նրա կերպարի մեջ, միևնույն է, իր սիրելի երգչուհուն է տեսնելու: Այդ առումով ֆիլմը չի՞ տուժելու:

– Ոչ։ Ամբողջ հարցն այն է, թե արդյոք քեզ հաջողվո՞ւմ է դուրս բերել նրան դրա միջից, թե՞ ոչ։

– Սերիալ և Մհեր Մկրտչյան. որքանո՞վ է դա համադրելի:

– Ռուսաստանում ես նկարել եմ սերիալ։ Ինչո՞վ է Հայաստանն ավելի վատը։ Միայն նրանով, որ Հայաստանում հանդիսատեսին համարում են անուղեղ արարածներ։ Հիմնվում են 300 ընտանիքներում տեղադրված ինչ-որ սարքավորումների վրա, և կազմելով անհավանական ռեյտինգներ՝ ասում են. «ժողովուրդն է սա սիրում»։ Իսկ դուք ժողովրդին ուրիշ ինչ-որ բան ցույց տվեք։ Ինձ համար սա սկզբունքի հարց է: Ես չգիտեմ՝ կստացվի՞ ինձ մոտ, թե՞ ոչ։ Բայց ես ազնիվ եմ նրանում, որ անկեղծորեն փորձում եմ հանդիսատեսին ընտրության հնարավորություն տալ՝ լավի ու վատի, այլ ոչ թե՝ վատի ու հակահիգիենիկի միջև։

– Ի՞նչը Ձեզ գայթակղեց տվյալ նախագիծը հեղինակելու որոշման մեջ: Ինչի՞ մասին է այն: Անունը: Ովքե՞ր են նկարահանվում:

– Ես դեռ իրավունք չունեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ՝ իր ժամանակին։

Ի՞նչն է Ձեզ համար անընդունելի և անհանդուրժելի՝ քասթինգի, հետո արդեն՝ նկարահանումների ժամանակ:

– Մարդկային տգիտությունը։ Երբ մասնագիտական առումով մի ոչնչություն գալիս ու իրեն գիտունիկ է երևակայում։

– Կա դերասանուհիների մի տեսակ, որոնց համար շատ կարևոր է կադրում սիրուն, պուպուշ լինելը: Իսկ ո՞րն է դերասանների նմանօրինակ «ծիկը»:

– Տղամարդ դերասանների մի որոշ զանգված նույն բանով է տառապում։ Իհարկե, տղամարդկանց մոտ այդ երևույթի ավելի այլասերված ձևն է։

– Ո՞վ է լավագույն ֆիլմի ռեժիսորը: Պատմեք Ձեր մասին, պարոն Մկրտչյան: Ընտանեկան ստատուս, բնակության վայր և այլն…

– Մոտակա մեկ տարին ես Երևանի բնակիչ եմ։ Իսկ անձնականի մասին չեմ պատմի, որովհետև այն անձնական է։ Ես երբեք չեմ հավակնում հանրային մարդ դառնալ։ Միայն մի բան կասեմ ՝ ես շատ գոհ եմ իմ կյանքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս