«Վարկառուները կարող են օգտվել նոր առավելությունից». Գագիկ Մելիքյան
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Օրինագծի հարակից զեկուցող Գագիկ Մելիքյանն ասաց, որ այն քննարկվել է Ֆինանսաբյուջետային հանձնաժողովում, և նրա խոսքով՝ նման քննարկում վերջին 3 տարիների ընթացքում չի եղել. «Շուրջ 3 օր այս նախագիծը քննարկվել է հանձնաժողովում։ Ասել, որ այդ քննարկումներից հետո ունեցանք կատարյալ նախագիծ, այդպես չէ, բայց բավականին լուրջ աշխատանք կատարվել է, և դեռևս ունենք աշխատանք կատարելու»։
Գ. Մելիքյանի խոսքով՝ շատ հաճախ լինում են դեպքեր, որ բանկերի վատ աշխատանքի հետևանքով ավելանում են ծախսերը, և բանկերը միշտ ցանկանում են իրենց վատ աշխատանքի հետևանք հանդիսացող ծախսերը պարտադրել վճարելու վարկառուներին, նույնիսկ այն պարագայում, երբ դրանք պայմանագրով գրեթե նախատեսված չեն։
«Բանկերին պարտադրվեց հանել այն դրութը, որ միակողմանիորեն նրանք կարող էին փոփոխել վարկային պայմանագիրը։ Թափանցիկությունը իրավահարաբերություններում հնարավորինս վերականգնվեց։ Հնարավորություն ընձեռվեց 3 տարիների ընթացքում վարկառուի ցանկությամբ տվյալ տարվա մայր գումարի մարումն իրականացնել տարվա հենց առաջին ամսվա ընթացքում՝ նվազեցնելով տոկոսադրույքը ու չվճարելով տույժեր ու տուգանքներ։ Վարկառուները կարող են օգտվել այդ առավելությունից։ Հնարավորություն կա նաև 3 տարուց հետո գրավը տեղափոխել այլ բանկեր՝ ավելի ցածր տոկոսադրույքով հիպոթեքային վարկեր ստանալու դեպքում։ Այս առավելությունները բավականին լուրջ են ու հիպոթեքային շուկայի վրա մեծ ազդեցություն կունենան»,- նշեց Գ. Մելիքյանը։
Նա կիսեց պատգամավորների մտահոգությունը, որ հիպոթեքային տոկոսադրույքները շատ բարձր են. «Ես նույնպես կարծում եմ, որ հիպոթեքային շուկայի զարգացման ուղիներից մեկը պետք է լինի տոկոսադրույքի նվազեցման ուղղությամբ լուրջ աշխատանքներ կատարելը ու բանկերին նույնիսկ հանձնարարականներ տալը, որ նրանք կարողանան ֆինանսական շուկայում ստեղծել, ունենալ ավելի ցածր տոկոսադրույքներով վարկային ռեսուրսներ»։