Բաժիններ՝

ՀՀ-ում տուֆին նորմալ հարգանքի տուրք չենք մատուցում. Փաշինյան

Հայաստանը քարերի երկիր է, սակայն երկրում քարի դեֆիցիտ ունենք, ներկրում ենք։ Այդ մասին այսօր հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Երբ շինարարության տեմպերն ավելացան, նաև ՀՀ կառավարության ուղիղ ներդրումները սկսվեցին համայնքներում` սուբվենցիոն ծրագրերը, մենք զարմանքով արձանագրեցինք, որ ՀՀ–ում քարի դեֆիցիտ կա, մինչդեռ ասում ենք` քարերի երկիր Հայաստան»,- հայտարարեց նա։

Ըստ Փաշինյանի` քարի մշակման և արդյունահանման ոլորտում մենք անելիքներ կան, քանի որ առաջին հերթին դա ՀՀ տնտեսության պոտենցիալն ու կոլորիտն է։

Նա նշեց` երբ Չինաստանում էր, ևս զարմանք է ապրել, երբ տեսել է քարերից հուշարձաններ, որը էլ ավելի է գեղեցկացրել միջավայրն ու բնակավայրերին կոլորիտ հաղորդել։

«Մենք ոչ միայն շինարարության համար քար չունենք, այլև ՀՀ–ի 60 տոկոսը տուֆից է կառուցված, սակայն տուֆին նորմալ հարգանքի տուրք չենք մատուցում և տուֆի արձան կամ մոնումենտ չունենք։ Այդ պատճառով որոշեցինք առաջիկայում Արթիկ համայնքի հետ այդ բացը լրացնել։ Դա կլինի բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև, ինչպես նաև մեր ունեցածը արժևորելու քայլ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը խնդիրների է բախվում նաև ոչ մետաղական հանքերի շահագործման առումով և այդ պատճառով կարևորեց ոլորտի թափանցիկությունը։

«Մենք հսկայական խնդիրներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որտեղ հատկապես թափանցիկության լրջագույն խնդիր ունենք։ Երբ այստեղ մենք վճռական քայլերի դիմելու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների դեպքում շատ արագ ճնշում ենք զգում, քանի որ պարզվում է` եթե մենք ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, բավականին երկար ժամանակ ՀՀ–ում շինարարությունը կկանգնի, քանի որ ավազի ոլորտում բավականին մեծ ստվեր կա, որը ամեն օր մեր փողոցներով ու մայրուղիներով երթևեկում է, սակայն մենք այդ ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել»,– հայտարարեց նա։

Ըստ նրա` անվտանգության խնդիր է ստեղծում նաև այն, որ Արաքս գետից ավազ արդյունահանելով, պարզվում է` մենք մեր երկրի տարածքն ենք այդպիսով կրճատում։

Փաշինյանը համոզված է, որ լորտի մեծագույն խնդիրներից մեկը ոլորտի իմիջն է։

«Հանքարդյունաբերության ոլորտի շուրջ բավականին մեծ նեգատիվ կա կուտակված։ Այստեղ գիտելիքահեն կրթություն ունեցող մասնագետների պակաս կա»,- ասաց նա։

Նա նաև անդրադարձավ երկրի հանքարդյունաբերության հսկայի աշխատանքներին՝ ասելով. «2018–2025 թթ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», այսինքն` նախորդող 7 տարվա համեմատ ՀՀ պետական բյուջե կատարած վճարումներն ավելացրել է շուրջ 148 տոկոսով, այսինքն` կրկնակիից ավելի ավելացել են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս