
ՀՀ գլխավոր դատախազությունը ստանձնեց ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը

Երևանում ընթացող ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց խորհրդի նախագահությունը։ Խորհրդի նոր նախագահ է ընտրվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Իգոր Մալաշևիչը նիստում նշեց, որ խորհրդի կանոնակարգի համաձայն՝ նախագահությունը իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ այբբենական կարգի։
«Այս կապակցությամբ առաջարկվում է խորհրդի նախագահությունը հանձնել Հայաստանի Հանրապետությանը, իսկ խորհրդի նախագահ նշանակել Աննա Վարդապետյանին՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին»,- նշեց Մալաշևիչը։
Նիստին մասնակցում են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդան, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը, Ղազախստանի ԱԱԿ նախագահի առաջին տեղակալ Ալի Ալթինբաևը, Ղրղզստանի գլխավոր դատախազ Մակսատ Ասանալիևը, Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Աքմալ Բուրխանովը, Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Խմառուկը, ինչպես նաև ԱՊՀ անդամ այլ պետությունների ներկայացուցիչներ։
Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է 2013 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ԱՊՀ անդամ վեց պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրի հիման վրա։ Խորհուրդը հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։
Նախագահությունը մինչ այժմ իրականացնում էր Տաջիկստանի Հանրապետությունը։