«Եթե Ռուսաստանից կարտոֆիլի սերմացու ներկրվի, մեր կարտոֆիլագործությունը կփակվի»
Օրերս գյուղատնտեսները հանդիպել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, ոլորտի ո՞ր խնդիրներն են առավել կարևորվել, և որո՞նք լուծում կստանան առաջիկայում։
Հրաչ Բերբերյանն ասաց, որ նախ` վարչապետը հավանություն է տվել հակակարկտային ցանցային համակարգի գործարկմանը. «Կարծես թե ցանկություն կա, որ ցանցային համակարգը վերջապես ներդրվի, ու հենց Հայաստանում էլ այն արտադրվի։ Ցանցային համակարգի դեպքում բերքի կորուստներ չենք ունենա. ոչ թե 3-4 տարին մեկ կունենանք ծիրանի բերք, այլ` ամեն տարի։ Ցրտահարություն չի լինի, որովհետև, եթե ձյունը նստի ցանցի վրա, դա չի նշանակում, որ ծաղիկը կցրտահարվի, որովհետև ցանցը կպահի ձյան շերտը»։
Ինչ վերաբերում է այս համակարգի ներդրման ծախսերին, ապա մեր զրուցակցի խոսքով` համաձայնության են եկել երկարաժամկետ ու անտոկոս կամ շատ ցածր տոկոսներով վարկեր տրամադրել ֆերմերներին, քանի որ վստահեցնում է` ցանցային համակարգը 15 տարի կծառայի. «Կարծիք եղավ` օգտագործել բազալտի հայկական թելերը, և կաշխատենք ամենամատչելի գներով արտադրել դա։ Այս պահին անհրաժեշտ է 10-15 հազար հեկտար տարածք փակել ցանցային համակարգով, հետագայում ֆերմերները կփակեն լոլիկի, պղպեղի դաշտերը։ Այս համակարգի ներդրումից հետո ակտիվ կսկսի գործել նաև ապահովագրությունը, որովհետև ռիսկերը լուրջ կնվազեն»։
Քննարկմանը պահանջ է ներկայացվել կառավարությանը` մարզերում բարեփոխումներ կատարել, և, ինչպես մեր զրուցակիցն է նշում` ազատվել տերթոդիկային համակարգից. «Գյուղապետներ-մարզպետներ համակարգը պետք է բարելավվի, արտադրողն այս երկրում իր տեղը պետք է ունենա։ Մենք կաշխատենք ընտրել մի մարզ մինչև ընտրությունները, որ չասեն` քաղաքական է, որտեղ գյուղացին ակտիվ կմասնակցի բարեփոխումներին։ Խոսքը համայնքների և արտադրողների ասոցիացիաների բաժանման մասին է։ Այն գումարը, որը պետությունը հատկացնում է գյուղատնտեսությանը, պետք է հասցնել արտադրողներին, այլ ոչ թե մարզպետարանների գրպանները լցնենք»։
Հրաչ Բերբերյանն ասաց, որ պարարտանյութերի հարցը ևս քննարկվել է հանդիպման ընթացքում. «Պետք է տարբեր տեսակի պարարտանյութեր վաճառվեն խանութներում, այլ ոչ թե` միայն ազոտական։ Նույնը` նաև դիզվառելիքի հետ կապված։ Գյուղացին պետք է ուղղություններով սուբսիդավորվի. կլինի դա լոլիկի, թե կարտոֆիլի արտադրություն։ Ի դեպ, ամոթ է մեզ համար, որ այսօր լոլիկ ներկրելու միտում ունենք։ Սա այն հանրապետությունն է եղել, որ մոտ 30 հազար տոննա լոլիկի մածուկ ենք արտահանել»։ Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է այդպես նվազել լոլիկի արտադրությունը, և ի պատասխան` մեր զրուցակիցն ասաց, որ սխալ քաղաքականություն է վարվել, ցեցի դեմ չեն պայքարել, և չնայած` գումարներ են ծախսվել, բայց դրանք տեղին չեն ծախսվել։
Ագրարագյուղացիական միավորման նախագահն ասաց, որ վարչապետի հետ քննարկվել են նաև արտահանումների հարցերը, մորմազգիների դեմ պայքարը, Հայաստան-Վրաստան գյուղատնտեսական համագործակցությունը. «Մենք վերջին տասը տարում վրացի ֆերմերներ Հայաստանում չենք տեսնում, վրացիներն էլ հայ ֆերմերներին չեն տեսնում։ Ժամանակին ինչ-որ չինովնիկ խոչընդոտեց այդ համագործակցությանը, և արդյունքում` ընկուզեղենի, մանդարինի գները հայկական շուկայում կրկնակի աճեցին։ Հիմա նախատեսվում է Հայաստանում վրացական շուկա բացել, իսկ Վրաստանում` հայկական, և այդ ծրագրին մասնակցող ֆերմերների համար սահմանին պետք է կանաչ լույս լինի։ Ոչ թե վրացին գա, այստեղից էժան կարտոֆիլ գնի, տանի Վրաստան` թանկ գնով վաճառի, կամ մերոնք էլ մանդարինը բերեն` մեզ վրա եռակի թանկ գնով վաճառեն, այլ ամեն ինչ էժան գներով կարողանանք գնել։ Վարչապետն այս ծրագրին հավանություն է տվել, նա մոտ օրերս մեկնում է Վրաստան, և քննարկմանն ասաց, որ այդ հարցն առաջնահերթություն է լինելու»։
Նա ընդգծեց` եթե նախկինում կարտոֆիլով ինքնաբավ էինք ու կարողանում էինք նաև արտահանել, ապա այս տարի արտահանել չենք կարողանա. «Հաջորդ տարի արդեն կարտոֆիլի արտադրությունը կպակասի, և Հայաստան կներկրվի թուրքական կարտոֆիլը, որի փորձն արդեն եղել է։ Իմիջիայլոց, կա վարչապետի խիստ հանձնարարականը, որ այդ շուկան վերահսկվի։
Աստված մի արասցե` պարենային կարտոֆիլը սերմացու դառնա, ինչի պրակտիկան ունեցել ենք, և արդյունքում առաջացել է կարտոֆիլի քաղցկեղ, ու մինչև Արագածոտնի տարածքում չենք կարողանում դա բուժել. տասը տարի է պետք, որ այդ քաղցկեղը հողից վերանա։ Մենք երկու տարի առաջ 50 հազար տոննա կարտոֆիլ ենք արտահանել, բայց հիմա սորտաթարմացում չարեցինք, ու այս խնդիրն առաջացավ։ Նախկին կառավարության մեղքն էլ կա այստեղ, որին մենք դիմեցինք, բայց մայիս ամսին, երբ ցանքը վերջացել էր, նոր գումար հատկացրեց, որից հրաժարվեցինք։ Այսինքն` մինչև մենք էլիտա դասը փորձեինք ներկրել հանրապետություն, լավագույն դեպքում, հուլիս ամսին նոր ցանք կանեինք, որը խեղկատակություն կլիներ»։
Ինչ վերաբերում է Թուրքիայից և այլ երկրներից անորակ ու չփորձված սերմացուների ներկրման խնդրին, ապա Հրաչ Բերբերյանի կարծիքով` պետք է խիստ վերահսկողություն լինի. «Մենք ունենք լուրջ գործընկեր երկրներ, որտեղ սերմարտադրությունն ամենաբարձր մակարդակի վրա է, և պետք է նրանցից ներկրել։ Դրանք այն պետություններն են, որոնք ունեն միջպետական պայմանագրեր Հայաստանի հետ, և որտեղի փաստաթղթերը հիմք կարող են լինել Հայաստանի մաքսատանը։
Օրինակ, Հնդկաստանի կամ Թուրքիայի հետ այդ պայմանագրերը չունենք և այնտեղից ներկրվող սերմացուն պետք է խստագույնս ստուգվի։ Նույնիսկ ինֆորմացիա ունենք, որ Թուրքիայից կահույքի հետ սերմ է ներկրվել։ Հավատացեք` նրանք ամեն ինչ կանեն, որ մեր հողերը վարակեն, որ այստեղ որևէ բույս չաճի, և մենք դառնանք ինչ-որ «կույր աղիք» այս տարածքում, որը որևէ արտադրություն չունի։ Վերջերս Ռուսաստանից էլ էին կարտոֆիլի սերմացու առաջարկում, բայց եթե Ռուսաստանից կարտոֆիլի սերմացու ներկրվի, մեր կարտոֆիլագործությունը կփակվի։ Կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդ կարանտին հիվանդությունը մեզ մոտ եկել է Ռուսաստանից, կոլորադյան բզեզը մեզ մոտ եկել է Բելառուսից»։