«ԵՏՄ-ն, չնայած տարաձայնություններին, կգործի, քանի դեռ Ռուսաստանը կարողանում է բավարարել իր գործընկերների պահանջները». փորձագետ

«Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում աղմկահարույց խնդիրներ ստեղծելը Լուկաշենկոյի քաղաքական ոճն է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով ռուս-բելառուսական էներգետիկ լարվածությանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախ հերքել է օրերս ԶԼՄ-ներում տարածված տեղեկություններն այն մասին, որ Բելառուսը լքում է մոսկովյան ինտեգրացիոն պրոյեկտները, ապա Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովին մեղադրել է «գրչի մի հարվածով» միջպետական սահմանի մասին համաձայնագիրը ջնջելու մեջ: Բացի այդ, Բելառուսի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ, ում մեղադրել է «պետությանը վնաս հասցնելու մեջ»:

Հունվարի վերջին ռուսական գերատեսչությունը սահմանափակել է երկու բելառուսական ընկերությունների արտադրանքի ներմուծումը՝ պատճառաբանելով, թե կասկածներ ունի, որ նրանք ուկրաինական միս են ներկրում: Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ Բելառուսն առանց ռուսական նավթի էլ կարող է ապրել, միևնույն ժամանակ, սակայն, Բելառուսը դատարան է դիմել Ռուսաստանից ներկրվող նավթի ծավալների կրճատման պատճառով: Մինսկը համարում է, որ Ռուսաստանը երկկողմ պայմանավորվածություններ է խախտել:

Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Լուկաշենկոյի նման պահվածքից Մոսկվայում արդեն վաղուց չեն զարմանում, քանի որ Ռուսաստանի և Բելառուսի հարաբերություններում նման աղմկահարույց խնդիրներ ստեղծելը նրա քաղաքական ոճն է, խնդիրներ լուծելու նրա մարտավարությունը: Սիմոնովի խոսքով, նման խնդիրներ ստեղծելով, իր հայտարարություններով փորձում է վախեցնել Մոսկվային, որ Մոսկվան կկորցնի Բելառուսին, այնինչ դրանով Բելառուսը փորձում է հավելյալ միջոցներ կորզել Ռուսաստանից: Սրանից ելնելով, ըստ նրա, պետք է բացառել Բելառուսի ելքը ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, քանի որ Բելառուսը զարգանալու և ինտեգրվելու այլ միություններին չի կարող համապատասխանել:

«Բելառուսը երբեք չի լքի ԵՏՄ-ն, քանի որ այդ անդամակցության քողի տակ նա մեծ արտոնություններ է ստանում Ռուսաստանից, այսինքն՝ այս միությունը, կարելի է ասել, որ ամենաարդյունավետը Բելառուսն է կարողանում օգտագործել, պահանջելով Ռուսաստանից բավականին լուրջ ներդրումներ և էներգակիրների ամենաէժան գները: Բացի այս արտոնություններից, Բելառուսի դեպքում առևտրաշրջանառությունը բավականին ակտիվ է գործում և շահեկան Բելառուսի համար, քանի որ բելառուսական ապրանքները ներկայացված են ռուսական շուկայում մեծ ծավալներով, նախավերջին խնդիրներից մեկն այն էր, որ Բելառուսը եվրոպական ապրանքները ներմուծում էր ռուսական շուկա բելառուսական կնիքներով, իսկ վերջին խնդիրն ուկրաինական միսն է, որը կրկին նույն խարդախությունների կիրառմամբ հասնում է ռուսական շուկա:

Պարզ է, որ համապատասխան կառույցը սկսում է համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ սահմանափակելով կասկածելի ապրանքների մուտքը ռուսական շուկա, իսկ Լուկաշենկոն պահանջում է, որպեսզի Ռուսաստանն աչք փակի այս խնդիրների վրա: Նրան հունից հանում է նաև Ռուսաստանի անկում ապրող տնտեսությունը, նավթի և գազի գները, որոնք Լուկաշենկոն կրկին ցանկանում էր իջեցնել»,- պարզաբանեց Սիմոնովը: Վերջինիս համոզմամբ՝ այս լարվածությունն էլ կհարթվի, ինչպես նախորդները, քանի որ Լուկաշենկոն փախչելու տեղ չունի, իսկ Ռուսաստանը կփորձի որոշ վերանայումներ իրականացնել:

Հարցին, թե խորացող տնտեսական ճգնաժամի և անընդհատ բռկվող ռուս-բելառուսական, ռուս-ղազախական լարվածությունների պայմաններում որքա՞ն կհաջողվի երկարաձգել ԵՏՄ գործունեությունը, Սիմոնովը պատասխանեց, որ ԵՏՄ-ն կգործի այնքան, քանի դեռ Ռուսաստանը կկարողանա բավարարել իր գործընկերների թեկուզ ամենաչնչին պահանջները, ինչը ներկայումս դեռ կարողանում է անել: Ըստ նրա՝ Հայաստանն այդ անդամակցությունից մեծ օգուտներ չի ստանում ընդհանուր սահմանի բացակայության պատճառով: Նա շեշտեց, որ Հայաստանը ԵՏՄ-ին միացավ ոչ թե՝ տնտեսական, այլ՝ քաղաքական նկատառումներից ելնելով:

«Սակայն այդ բացը Հայաստանի դեպքում լրանում է երկկողմ համաձայնագրերի շրջանակում, Ռուսաստանը փորձում է արտոնյալ գնով գազ տրամադրել Հայաստանին և որոշ նոր պրոյեկտներ նախաձեռնել, որտեղ Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ և հավելյալ միջոցներ աշխատել. խոսքն Իրան-ԵՏՄ համագործակցության մասին է, ինչի շուրջ քննարկումները դեռ ընթացքի մեջ են»,- ասաց Կոնստանտին Սիմոնովը:

Տեսանյութեր

Լրահոս