«Հայաստանն ընտրել է իր ճանապարհը, Մաքսային միությունն այդ ճանապարհի հանգրվաններից մեկն է». Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյա
«Հավատում եմ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներուժին»,- «Եվրոպական միությունը Հայաստանում. համագործակցության հեռանկարներ» խորագրով երիտասարդների համար նախատեսված հանրային քննարկման ընթացքում այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը:
Բանախոսն անդրադարձավ երեք թեմաների` ի՞նչ մարտահրավերների առջև է կանգնած ԵՄ-ն, ինչպե՞ս կարելի է դրանք հաղթահարել ԵՄ-ի գործընկերների հետ միասին, ինչպիսի՞ն է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներուժը:
Դանիելսոնն ասաց, որ ԵՄ-ի համար դժվար ժամանակներ են, որի պատճառով ԵՄ շատ քաղաքացիներ հարց են տալիս, թե ինչի համար է ԵՄ-ն, ինչը ևս մարտահրավեր է, որին պետք է արձագանքել և ակտիվորեն աշխատել այդ մտահոգությունները չեզոքացնելու ուղղությամբ: Սա, նրա որակմամբ, քաղաքական մարտահրավեր է:
Դանիելսոնի խոսքով, ԵՄ-ն ապրում է նաև տնտեսական մարտահրավերներ, քանի որ ԵՄ-ի համար վատթարագույն ռեցեսիան տեղի է ունեցել 2008-2009թթ., որի հետևանքով ԵՄ մի շարք պետություններ տնտեսական լուրջ վնասներ են կրել, աճել է գործազրկությունը, սակայն ԵՄ-ն դեռ շարունակում է այդ պայմաններում գոյատևել: Հաջորդ մարտահրավերը, եվրոպացի պաշտոնյայի խոսքով, միգրացիան և գաղթականների խնդիրն է, քանի որ ԵՄ-ն հասկանալիորեն շատերի համար դարձավ ապաստան: Դանիելսոնն ասաց, որ ԵՄ-ն ունի նաև անվտանգության մարտահրավեր` Բատակլան, Բրյուսել, Բեռլին: Ըստ նրա, այս բոլոր երկրներում, քաղաքներում եղել են ահաբեկչական հարձակումներ: «Մարտահրավեր ունենք նաև արտաքին կողմից` շատ լուրջ սուր քայլեր կատարող Ռուսաստան, ԱՄՆ-ի նոր վարչակազմ, Բրեքսիթ»,- ասաց Դանիելսոնը:
Այս մթնոլորտում, նրա խոսքով, ԵՄ-ի համար կարևոր է, որպեսզի հարևանները կայուն լինեն: «Հայաստանի համար, Ադրբեջանի, Մոլդավայի, Բելառուսի համար կան մարտահրավերներ: ԱլԳ-ն թույլ է տալիս ԱլԳ անդամ երկրներին ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ կազմակերպել հարաբերությունները, որպեսզի կարողանանք համատեղ կերպով լուծել առկա հիմնախնդիրները: ԱլԳ-ն սկիզբ առավ տասը տարի առաջ, այն իր կայացման փուլում է, այս տարի հնարավորություն ունենք դրանից ավելին քաղելու, մենք մտադիր ենք, որպեսզի Բրյուսելում կայանալիք գագաթաժողովն առավելագույնս ծառայի իր նպատակներին: Ցանկանում ենք այնպես անել, որպեսզի ապագայում ԱլԳ-ն լիարժեքորեն անդրադառնա դրա մաս կազմող պետությունների մարտահրավերներին»,- ասաց Դանիելսոնը: Վերջինս ասաց, որ ԱլԳ-ն ԵՄ-ի և ՀՀ-ի հարաբերությունների համատեքստն է:
«Այն կետին ենք հասել, որում ամրապնդելու ենք այդ հարաբերությունները, ընթացող բանակցությունների վերջնական փուլի մասին եմ մտածում, որը վերահաստատելու է մեր փոխադարձ շահերը բազմաթիվ ոլորտներում, այն մեծ ներուժ ունի խորացնելու մեր հարաբերությունները, կաշխատենք ՀՀ-ի տնտեսությունն արդիականացնելու ուղղությամբ, ուստի, որպեսզի արդյունավետ լինենք, ՀՀ կառավարության հետ միասին ձևակերպում ենք սահմանափակ թվով գերակա ուղղություններ: Մենք տնտեսական զարգացման ներուժ ունենք, միասին ՀՀ-ի դիմադրողականությունն ենք բարձրացնում, առևտրային ամենամեծ գործընկերն ենք, Հայաստանը լուրջ ջանք է գործադրում այս ներուժն իրացնելու համար»,- ասաց բանախոսը:
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է դառնալ այն առանձնահատուկ օրինակը, երբ մաս կկազմի ինտեգրացիոն երկու ուղղություններին, մաս կազմելով ԵՏՄ-ին, խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի հետ, Դանիելսոնը պատասխանեց, որ հակասություն չկա: Ըստ նրա՝ «ՀՀ-ն ընտրել է իր ճանապարհը, Մաքսային միությունն այդ ճանապարհի հանգրվաններից մեկն է, մեկ այլ բաղադրիչ է հարաբերությունները ԵՄ-ի հետ: Ներկայումս բանակցելով՝ մենք հասկանում ենք, թե որքանով մոտ և հարուստ հարաբերություններ կարող ենք ունենալ: Վստահ եմ, որ այդ ներուժը գոյություն ունի և, ապագա համաձայնագրից օգտվելով՝ այդ ներուժը կարող է ընդլայնվել»,- ասաց Դանիելսոնը: