«Հնարավոր է՝ քաղաքացիներին տեղամասեր ուղղորդելը բոլորովին էլ հակաիրավական բովանդակություն չունենա»

Այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» քննարկումը: Ներկայացվեց Ոստիկանության կողմից մշակված ուղեցույցը, որը, սակայն, ամբողջական տեսքի կգա միայն առաջիկայում, քանի որ քննարկման նպատակն էր՝ նաև քաղհասարակության առաջարկները ներառել այնտեղ:

Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը, խոսելով նոր ուղեցույցի մասին, ասաց, որ Ընտրական նոր օրենսգրքի որոշ դրույթների փոփոխության հետ լրամշակվել է նաև այս ուղեցույցը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանդես եկավ մի շարք առաջարկություններով: Նա ասաց, որ ուղեցույցում հիմնականում անդրադարձ է արվում քվեարկության օրվա հետ կապված անելիքներին, մինչդեռ, ըստ նրա՝ պետք է ավելացվի նաև նախընտրական քարոզչության ընթացքը. «Կարևոր է նաև քրեորեն հետապնդելի արարքների ուղղությամբ գործողությունների նկարագրությունը. մասնավորապես՝ ընտրակաշառքների վերաբերյալ բազմիցս ահազանգել ենք: Քրեական հանցագործություն ենթադրող արարքների բացահայտման ուղղությամբ նյութերի նախապատրաստումը և այլն, պետք է լինի ուղեցույցի հիմնական մասը»:

Իրավապաշտպանն առաջարկում է նաև վարչական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ ևս դրույթներ ներառել ուղեցույցում. «Արդեն ժամանակն է, որ Ոստիկանությունը վարչական ռեսուրսների օգտագործման հետ կապված քայլեր անի, օրինակ՝ երբ ծառայողական մեքենայով նախընտրական հանդիպման են գնում, նույն տարածքում մի թեկնածուին տեղ են տրամադրում, իսկ մյուսին՝ ոչ, աշխատողներին աշխատանքի ժամից ազատում ու թեկնածուի հետ հանդիպման հնարավորություն են տալիս, և այլն: Սրանք բավական լուրջ խախտումներ են, որոնք ընտրական հանձնաժողովների գործառույթներից դուրս են»:

Սաքունցի խոսքով՝ պետք է նաև օպերատիվ շտաբների գործառույթների մանրամասն նկարագրություն լինի: «Օրինակ՝ պետք է ներկայացվի, որ օպերատիվ խումբը պետք է հետևի այդ օրը նախընտրական շտաբների գործառույթներին. ինչ է անում նախընտրական շտաբը քվեարկության օրը: Որովհետև մենք ունենք հիմնավոր կասկածներ՝ պնդելու, որ նախընտրական շտաբները ղեկավարում են քաղաքացիների ուղղորդված հոսքը դեպի ընտրական տեղամասեր, էլ չասեմ, որ հիմնավոր ահազանգեր կան՝ որոշակի ընտրակաշառքների վերաբերյալ: Այսինքն՝ օպերատիվ խմբի մասով Ոստիկանության հիմնական թիրախը պետք է լինեն նախընտրական շտաբները»,- ասաց նա՝ նկատելով, որ ոստիկանական հարկադրանք կիրառելու կարգը ևս բաց է մնացել ուղեցույցում:

Իրավապաշտպանի առաջարկներին ի պատասախան՝ Հովհաննես Քոչարյանն ասաց, որ որոշ դրույթների հետ համամիտ է ու դրանք կներառվեն ուղեցույցում. «Մենք էլ ենք նկատել, որ ոստիկանական հարկադրանք կիրառելու կարգը բաց է մնացել ուղեցույցում. Ոստիկանության միջամտության սահմանները պետք է նկարագրվեն, ինչն անպայման կանենք: Կիսում եմ նաև այն տեսակետը, որ օպերատիվ շտաբը պետք է մանրամասնել ուղեցույցում, որովհետև այն հիմնական գործող սուբյեկտն է ընտրական ողջ գործընթացի ընթացքում, հատկապես՝ քվեարկության օրը, և ճիշտ կլինի, որ դրա գործառույթներն անպայման բացվեն: Ինչ վերաբերում է կարգավորման առարկայի ընդլայնմանը, ապա մենք կփորձենք չսահմանափակվել քվեարկության օրվա կարգավորումներով, բայց քրեորեն հետապնդելի դեպքերի հետ կապված գործողությունների մասով դժվար կլինի ներկայացնել բոլոր գործողությունների նկարագրությունը, թեկուզ՝ ընդհանրական ձևով, տալ»:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքների դեպքերին, ապա Ոստիկանության շտաբի պետը նշեց, որ դրանք հնարավոր է կանխարգելել հիմնականում հանրության և ընտրական գործընթացում շահագրգռված սուբյեկտների աջակցությամբ. «Հակառակ պարագայում՝ ընտրակաշառքների բացահայտման դեպքերի աճ չի գրանցվելու, որքան էլ որ Ոստիկանությունը թիվ 1 իրավապահն է, այնուամենայնիվ, սա թաքցվող հանցագործություն է, և թող բոլորի մոտ չստեղծվի այն տպավորությունը, թե ընտրակաշառքները բաժանվելու են երթուղայինների մեջ: Այդ կադրերը կան, բայց խնդրում եմ՝ ընտրակաշառք հասկացությունը միայն մի բերեք՝ հանգեցրեք «մարշրուտնիներից» փող բաժանելուն: Սա ավելի խորը արմատներ ունեցող հանցագործություն է, և հանրության աջակցությունը շատ ենք զգալու»:

Նա նաև ասաց, որ միշտ չէ, որ ընտրողներին տեղամասեր ուղեկցելը կարող է հակաիրավական տարրեր պարունակել. «Մենք կարող ենք միայն այն դեպքերին անդրադառնալ, որոնք Քրեական օրենսգրքով համարվում են հանցագործություն կամ արգելված են Վարչական օրենսգրքով: Իսկ այդ դեպքերը, որքան էլ աչքի համար նեգատիվ լինեն, քրեորեն պատժելի արարքներ չեն, և շատ հնարավոր է, որ կազմակերպված ընտրություններին քաղաքացիներին տեղամասեր ուղղորդելը բոլորովին էլ հակաիրավական բովանդակություն չունենա, և սրա տակ հանցավոր կամ ապօրինի բան տեսնելը ճիշտ չէ, որովհետև Քրեական օրենսդրությունը սրան ընդհանրապես չի անդրադարձել»:

Տեսանյութեր

Լրահոս