«Պուտինը Թրամփին ցույց տվեց, որ այն տարածքներում, որոնք համարում է իր ազդեցության գոտիները, անելու է այն, ինչը ցանկանում է»

Հունվարի 29-ից կտրուկ սրվել է իրավիճակն Ուկրաինայի արևելքում` Դոնբասում: Ուկրաինական կողմն ու ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտարարել են բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին: «168 Ժամը» բռնկված լարվածության աշխարհաքաղաքական պատճառների շուրջ զրուցեց Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկի հետ։

Պարոն Գերասիմչուկ, այս օրերին կտրուկ ակտիվացան մարտական գործողություններն ուկրաինական Դոնբասում, որի համար Մոսկվայի և Կիևի իշխանությունները միմյանց են մեղադրում։ Փորձագիտական հանրության կարծիքները ևս հակասական են։ Այնուամենայնիվ, գերիշխող կարծիքի համաձայն, այս սրման նպատակը Թրամփի աշխատակազմի հնարավոր արձագանքը փորձարկելն էր։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ` սրվեց իրավիճակը Դոնբասում։

– Իրավիճակի սրման պատճառները մի քանիսն են։ Առաջին գործոնը, անկասկած, ԱՄՆ-ում իշխանությունների փոփոխությունն է, Եվրոպայի և մասնավորապես ուկրաինական խնդրի հարցում այս նոր աշխատակազմի քաղաքականության անորոշությունը։ Մենք գիտենք, որ ուկրաինական ճգնաժամն օրերս քննարկվեց Թրամփ-Պուտին հեռախոսային խոսակցության ժամանակ, սակայն հստակ կարծիք ոչ մեկի մոտ չձևավորվեց այն հարցի վերաբերյալ, թե ձե՞ռք է բերվել արդյոք որևէ համաձայնություն, թե՞ ոչ։ Երկրորդ գործոնն իրավիճակն է Եվրոպայում, որն աչքի է ընկնում իր տուրբուլենտությամբ և անկայունությամբ։

Ունենք մի իրավիճակ, երբ Ֆրանսիայում պետք է նախագահական ընտրություններ կազմակերպվեն, որը նշանակում է, որ Նորմանդյան ձևաչափում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա պատերազմի կարգավորման գործընթացում խաղացողի փոփոխություն է սպասվում, այսինքն` փոխվելու է Ֆրանսիայի նախագահը։ Այս հարցը ևս անորոշություն է մտցնում իրավիճակում։ Ինքնին լարվածությունն առաջացավ, երբ նախագահ Պորոշենկոն աշխատանքային այցով Բեռլինում էր, որտեղ հանդիպեց տիկին Մերկելին։

Սա ևս մեկ ազդանշան է այն բանի, որ լարվածությունը հրահրել է ռուսական կողմը։ Ռուսաստանին անհրաժեշտ էր մի կողմից` ցույց տալ Թրամփին, որ, եթե նա պատրաստ չէ պայմանավորվել Ռուսաստանի հետ այս հարցում, միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով միջամտությունից, ապա Ռուսաստանն այն տարածքներում, որոնք համարում է ազդեցության սեփական գոտիներ, անելու է այն ամենը, ինչը ցանկանում է։ Սա նաև ազդանշան էր, ուղղված Գերմանիային` ինչպես էլ որ Մերկելը վերաբերվի պատժամիջոցների հարցին, որքան էլ որ սուր նա արտահայտվի ՌԴ-ի իշխանությունների հանդեպ, ՌԴ-ն պատրաստվում է անել այն, ինչ իրեն է ձեռնտու այն գոտիներում, որոնք համարում է իր հետաքրքրության տարածքները։ Եվս մեկ գործոնի մասին կցանկանայի խոսել։ Ինչ որ-առումով պատճառ հանդիսացավ նաև ուկրաինական կողմի թուլությունը։

Այսինքն` մի կողմից` ուկրաինական բանակն այնքան ուժեղ է, որ կարող է հակազդել, դիմադրել ռուսական կողմի հարձակումներին, իրադարձությունները հստակորեն ցույց տվեցին դա, քանի որ ուկրաինական բանակը կարողացավ պահել իր դիրքերը, մյուս կողմից` Կառավարությունը բավականաչափ ամուր չէ ներքաղաքական տեսանկյունից, քանի որ կան գործիչներ, որոնք չեն աջակցում Կառավարությանը, կան անձինք, որոնք ավելի ռադիկալ քայլեր են պահանջում, կամ հակառակը` պահանջում են բանակցություններ ահաբեկիչների հետ, և փորձեր` կարգավորել հակամարտությունը զիջումների միջոցով, որի մասին դեռևս նախորդ տարվա վերջին իր` The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում գրել էր ուկրաինացի օլիգարխ Դմիտրի Տիմչուկը։

Ուստի ուկրաինական կողմն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ կա բանակ, որը փորձում է և կարողանում դիմադրել, բայց նախագահն ու կառավարությունը չունեն բավարար քաղաքական աջակցություն, որպեսզի առաջ տանեն իրենց օրակարգը։

Այս ամենին գումարվում է այն, որ անհասկանալի է, թե ինչ է ցանկանում Թրամփը, անհասկանալի է նաև, թե որքանով ամուր կլինեն Մերկելի դիրքերը։ Այս բոլոր գործոնները միասին հանգեցրին այն իրավիճակին, որը մենք ներկայումս ունենք Դոնբասում։

Այնուամենայնիվ, ըստ Ձեզ` ինչպե՞ս իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմն այս հարցում` հաշվի առնելով նրա աղմկահարույց որոշումները երդմնակալությունից հետո, հանդիպման արդյունքները Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։

– Ինձ թվում է, որ, եթե դիտարկենք ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները, ապա մենք ներկայումս հայտնվել ենք մի պարադոքսային իրավիճակում։ Եղել են ժամանակներ, երբ ԵՄ-ն ԱՄՆ-ին կոչ էր անում կրճատել իր ազդեցությունը Եվրոպայում, ԵՄ-ն կոչ էր անում ԱՄՆ-ին դուրս բերել իր ռազմական բազաները, ԵՄ-ն պնդում էր, որ տրամադրված է Ռուսաստանի հանդեպ պրագմատիկ հարաբերությունների, ու ԵՄ-ի և Ռուսաստանի լարված հարաբերությունները միայն խոչընդոտում են եվրոպական բիզնեսին։ Ներկայումս իրավիճակը կտրականապես փոխվել է։

Այսինքն` ԵՄ-ն այսօր պատրաստ է ողջունել ամերիկացիներին իր տարածքում, ամերիկյան բազաներն է պատրաստ ընդունել, ամերիկյան ռազմական ներուժը` ևս, ներկայումս Եվրոպան փոխել է իր «ձայնը» Մոսկվայի հարցում, որի մասին է փաստում նաև Մերկելի դիրքորոշումը, որը բավականին արմատական է դարձել, նաև Օլանդի դիրքորոշումն է փոխվել, ով կրկնում է, որ անթույլատրելի է պատժամիջոցների վերացումը, Տուսկի դիրքորոշումը ևս փոխվել է, նա կոչ է անում Եվրոպային միասնականության։

Իսկ ԱՄՆ-ը իր հերթին` կենտրոնացել է սեփական ներքին խնդիրների վրա, այսինքն` մենք տեսնում ենք, որ չնայած նրա, որ բոլորը հետևում են Թրամփին և աշխարհում նրա քաղաքականությանը, Թրամփն առաջին հերթին ձեռնարկեց քայլեր, որոնք վերաբերում են ԱՄՆ կյանքին։ Ստացվում է, որ ԱՄՆ-ը անում է այն, ինչի կոչը Եվրոպան էր անում տարիներ շարունակ։

Թրամփը, ինչպես հայտնի է, դուրս է եկել բիզնես միջավայրից, նա ակտիվ քաղաքական գործիչ չի եղել, ուստի բացառված չէ, որ Թրամփի մոտեցումները ձևավորվում են, ըստ նրա, բիզնես կողմնորոշման և բիզնես շահերի։ Այս կապակցությամբ, այո, մենք չենք կարող բացառել, որ Թրամփը որոշակի բանակցություններ կվարի Մոսկվայի հետ, միակ բանը, որը պետք է հաշվի առնել, այն է, որ շատերը պնդում են, որ նա հետաքրքրություն կցուցաբերի Եվրոպայի և Ուկրաինայի հարցում, բայց բիզնեսմենի տեսանկյունից նա հետաքրքրություն կցուցաբերի բարձր գնի դիմաց, դրանում է բիզնեսի էությունը։

Այլ հարց է, որ մինչ այսօր ոչ նրա նշանակումներից, ոչ նրա արտաքին ու ներքին քայլերից հնարավոր չէ հստակ ձևակերպել նրա ռազմավարությունը, քանի որ նրա աշխատակազմ են եկել տարբեր կողմնորոշման գործիչներ, որոնք կտրուկ են Ռուսաստանի հարցում, և որոնք, ընդհակառակը, կապեր ունեն Ռուսաստանի հետ, ուստի Թրամփի հնարավոր վերաբերմունքը, մոտեցումները կանխատեսելը բավականին բարդ է։ Կարծում եմ` սրանում էլ հենց կայանում է Սպիտակ տան ուժը, այսինքն` անկանխատեսելիության ուժը, ոչ մեկը հստակ չի կարող հաշվարկել, թե ինչպիսին կլինի Թրամփի պահվածքը, ինչն անհանգստացնում է թե՛ Եվրոպային, թե՛ Կիևին, թե՛ Մոսկվային։

Հնարավո՞ր է, որ Մոսկվան, ինչպես Դոնբասում, փորձի ստուգել Վաշինգտոնի արձագանքը` լարելով իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, իսկ ԼՂ-ն ավանդաբար Մոսկվայի համար եղել է այն օջախներից մեկը, որը նա օգտագործել է նաև Արևմուտքի հետ իր հարաբերություններում` որպես լծակ։

– Անկեղծ ասեմ, ինձ թվում է, որ այս ուղղությամբ լարվածություն ակնկալելու հարկ չկա այս պահին, հնարավոր է` լինի լարում, բայց ես չէի փորձի պնդել, որ կնախաձեռնվի նման լարում, չէի ակնկալի լարվածություն նաև Մերձդնեստրում, ինչո՞ւ, որովհետև և Մոլդավայում, և ՀՀ-ում, և Ադրբեջանում Մոսկվան բավականին ուժեղ ազդեցություն ունի, որպեսզի ազդանշաններ ուղարկի առանց ռազմական ուժի կիրառման, որը հավելյալ ռեսուրսներ է պահանջում։

Այսինքն` Մոսկվան կարող է լարվածություն հրահրել այս երկրների ղեկավարների հայտարարությունների մակարդակով, լարվածություն կարող է հրահրել Մոլդավայում նոր ընտրված նախագահի միջոցով, բայց չկա անհրաժեշտություն այս հակամարտություններում ռազմական ներուժ սպառել այս պահին Վաշինգտոնին ինչ-որ բան հասկացնելու համար։ Սակայն ուկրաինական հակամարտության դեպքում Մոսկվան չունի բավարար ազդեցություն, վերահսկողություն Կիևի նկատմամբ, ուստի ուկրաինական ուղղությամբ Մոսկվան գործադրում է ռազմական ռեսուրսներ և փորձում ցույց տալ, որ այնտեղ, որտեղ չունի բավարար քաղաքական ազդեցություն, դրան կփորձի հասնել ռազմական ճանապարհով։

Հաշվի առնելով այդ հանգամանքը, Ձեր նշած բոլոր գործոնները, որքա՞ն կերկարաձգվի ներկայիս իրավիճակը Դոնբասում։

– Ցավոք սրտի, իրավիճակն անընդհատ տատանվելու է լարումից լարում, և ներկայումս անհնար է խոսել կարգավորման մասին։ Իմ համոզմամբ` ներկայումս, երբ Թրամփի աշխատակազմը փորձում է հստակեցնել իր ներքին և արտաքին քաղաքականությունը, Ֆրանսիայի նոր նախագահն է հստակեցնելու իր քաղաքականությունը, և երբ Գերմանիան կողմնորոշվի նոր կոալիցիայի և նոր կանցլերի հարցում, տուրբուլենտությունը կշարունակվի։

Իսկ մինչ այդ Դոնբասում հումանիտար ճգնաժամի վտանգ է հասունանում։ Չեմ բացառում, որ կողմերը կրկին հրադադար հաստատեն, բայց այդ հրադադարը կրկին խոցելի կլինի, և ամեն պահի պետք է սպասել իրավիճակի սրման։

Տեսանյութեր

Լրահոս