«Երկրում ցուցակամանիա է». Մանվել Սարգսյան

Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, հանրապետականներից ոմանք հայտարարել են կուսակցության շարքերը լքելու մասին։ Սա ՀՀԿ-ի ինքնամաքրո՞ւմ է, թե՞ առնետավազք։

– Մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, դուրս են գալիս։ Ես չգիտեմ՝ իրենք ինչ պատճառններ ունեն, բայց իշխանության ձևավորման խնդրում մի էական փոփոխություն է նկատվում։ Եթե առաջ տարիներ շարունակ հանրապետականների մոնոպոլիան էր հիմքում դրված, այս անգամ կարծես թե կայուն մեծամասնության կոնցեպտն է կիրառության մեջ՝ ըստ նոր Սահմանադրության։

Գործընթացների կենտրոնում կայուն մեծամասնության խնդիրն է։ Բնական է, որևէ մեկը լավ չի հասկանում՝ դա ոնց է արվում, ընդհանրապես որևէ մեկը չի հասկացել, թե ոնց եղավ, որ կառավարությունից հեռացվեցին խոշոր օդիոզ դեմքերը։ Բնական է, այս վիճակում այդ հները տեղ չեն գտնում ցուցակում, որոնք տարիներ շարունակ իրենք էին հիմքն իշխանության, և իրենց միջոցով էր ձևավորվում իշխանությունը։ Հիմա, երբ այլևս այդ դերակատարումը չունեն, փորձում են հասկանալ՝ նոր կայուն մեծամասնության կոնցեպցիայի մեջ որտե՞ղ կարող են իրենք լինել, որտե՞ղ չեն կարող լինել։

ՀՀԿ-ի կողմից այն հայտարարությունը, որ որոշել են փոխվել, այդպես էլ որևէ մեկը երևի չի հասկանում, թե ինչպես է խոշոր սեփականատերերի այդ քաղաքական ակումբը փոխվելու։ Այդ մթնոլորտն այդտեղից է գալիս, որ փորձում են իրենց տեղը գտնել կամ այլ ցուցակներ մտնել։ Հատկապես, որ ցուցակներ կազմելու և ընտրություններին մասնակցելու պահ է, այսինքն՝ դաշինքների ստեղծման ֆոն է, որովհետև, եթե ցանկություն ունես զբաղվել այս քաղաքականությամբ, պետք է կայուն մեծամասնության ցուցակ ունենաս, որովհետև կուսակցական ցուցակներն անցյալում են մնում։ Թե մնացած հանրապետականներն ինչ տեղ կգրավեն այդ կայուն մեծամասնության մեջ, դեռ կերևա, կարծում եմ՝ դա էլ դեռ պարզ չէ։

– Օլիգարխներն ապագա խորհրդարանում ի՞նչ տեղ կունենան, օրինակ՝ ՀՀԿ-ականներից ոմանք ասում են, թե իրենց ցուցակում ամեն մեկն իր տեղում է լինելու, գործարարները՝ իրենց, օրենսդիրները՝ իրենց։

– Դե, դա կախված է նրանից, թե ոնց են ստեղծելու մեծամասնությունը։ Պարզ է մի բան, որ արդեն գործող իշխանությունը նոմենկլատուրային մոտեցում է ցուցաբերում։ Եթե ժամանակին շատ պարզ էր այն, ինչ կոչվում էր քրեական օլիգարխիա Հայաստանում, և քաղաքական ակումբի հիմքում խոշոր սեփականատերերն էին, որոնք էլ ձևավորում էին իշխանությունը։ Բա լավ, այդ խեղճուկրակները հիմա ի՞նչ պիտի անեն։

Պարզ է, որ այդ նոմենկլատուրային մոտեցման հիմքում ուրիշ բան է, դա կոալիցիաներն են, որ անգամ, եթե խորհրդարանում խմբակցություններ ստեղծվեն, դրանք իրականում խմբակցություններ չեն լինի։ Դրանք ընդամենը ցուցակներ են ԱԺ անցնելու համար, իսկ թե այնտեղ ինչպես կգործեն, դա գործող խորհրդարանում էլ է արդեն իսկ երևում, երբ շատ կուսակցություններ կոալիցիաների միջոցով փորձել են ստեղծել խմբակցություն՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», բայց իրականության մեջ այդ խմբակցությունները չեն գործել։ Գործել են անձերը՝ ամեն մեկն իր որոշումով։ Հաջորդ խորհրդարանում ամբողջությամբ անձերի վրա հիմնված համակարգ կլինի, և երրորդական է դառնում՝ օլիգարխները կլինե՞ն, թե՞ ոչ։ Եթե որոշեն լինեն՝ կլինեն, եթե որոշեն չլինեն՝ չեն լինի։

– Իսկ Հանրապետականի դիրքերը կայո՞ւն են, թե՞ քաղաքական մենաշնորհը կկոտրվի, այնուամենայնիվ։

– Քաղաքական մենաշնորհ չի լինի, իշխանություն կլինի կայուն մեծամասնությունը, որի մեջ կուսակցություններն այլևս դեր չեն խաղում, նոմենկլատուրան է երկիր պահելու, որոշումներ կայացնելու։ Այդտեղ էական չի՝ հանրապետական կա՞, թե՞ ոչ։ Բայց այդ մեխանիզմը դեռ պարզ չի երևում։ Ընդհանուր կոնցեպտն է պարզ։ Մեխանիզմների մասին ավելի պարզ կարելի է խոսել, երբ դաշինքները վերջնականապես ձևավորվեն։

– Ընդդիմադիր դաշտում ի՞նչ է տեղի ունենում։ Նախկին իշխանավորները դառնում են ընդդիմադիր, քննադատում, դժգոհում երկրի վիճակից։

– Դա ցուցակամանիան է։ Քանի որ բոլորը հասկացել են, որ պետք է կայուն մեծամասնության ցուցակներում տեղավորվեն։ Կան կոնկրետ մարդիկ, որոնց ձեռքում է իշխանությունը և բոլոր մնացածները։ Ժամանակին դիպուկ ասել են՝ ոչ իշխանականներ։ Կարելի է հասկանալ՝ միևնույն ոհմակի մեջ՝ իշխանական լծակ ունեցողներ և չունեցողներ։ Հիմա այդ չունեցողները ցուցակամանիայի մեջ են, որ կարողանան մանդատներ ձեռք բերել։ Էլ ի՞նչ տարբերություն՝ ով է ընդդիմադիր, ով՝ ոչ։ Առավել ևս, որ որևէ մեկին ո՛չ գաղափարախոսւթյուն, ո՛չ էլ ծրագիր չի հետաքրքրում։

Ոչ ոք չի խոսում ծրագրերից, և այնպիսի մարդիկ են կոալիցիաներ ստեղծում, որ չես էլ հասկանում, թե այդ մարդկանց քաղաքական հայացքները որն են, ծրագրերը որն են, և թվում էր, թե նրանք երբևէ չեն կարող նույն ցուցակում լինել։ Բայց պարզվում է՝ դա երկրորդական բան է, մարդկանց դա չի հետաքրքրում, նպատակահարմարության խնդիր է։

Տեսանյութեր

Լրահոս