«Ապրիլի մեկի` լույս երկուսի գիշերը, զորամասում հանգիստ քնած էինք ու հանկարծ ականանետերի պայթյունի ձայներից արթնացանք…»
«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Նորայր Զախարյանին և նրա սխրանքի պատմությունը։
Նորայրն ապրում է Գավառում, սովորում գյուղատնտեսական քոլեջի չորրորդ կուրսում՝ անասնաբուժության ֆակուլտետում։ Երբ քոլեջն ավարտի ցանկանում է սովորել Գավառի համալսարանի դեղագործական ֆակուլտետում։ Բայց նաև մտածում է ընդունվել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, քանի որ շատ է ուզում ուսումնասիրել հայ ժողովրդի դարավոր պատմությունը։
Մինչև բանակ գնալը զբաղվել է գյուղատնտեսությամբ և ձիերի ու շների խնամքով, զորացրվելուց հետո էլ շարունակում է կենդանիների խնամքը։ Ազատ ժամանակ ունենալու դեպքում, շատ է սիրում ձիավարել և շներին զբոսանքի տանել։ Խոսելով երազանքներից՝ Նորայրն ասաց, որ ինչպես բոլորը, իհարկե, ինքն էլ ունի երազանք, բայց, նրա համոզմամբ, ոչ բոլորն են իրականանում։ «Ուղղակի չեմ ուզում խոսել այդ մասին, կարևորը ամեն ինչ իր ժամանակին լինի։ Ես կարծում եմ, որ երազանքը պետք է դարձնել նպատակ և առաջ շարժվել այդ ամենը իրագործելով»:
Նորայրը ծառայության է մեկնել 2015 թվականին։ Սկզբնական ամիսներն անցկացրել է Էջմիածնի ուսումնական գումարտակում, որտեղ ստացել է ինժեներ-սակրավորի մասնագիտություն։ Դրանից հետո շարունակել է ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Պաշտպանության Բանակի հյուսիսային զորամասերից մեկում։ «Էջմիածնի ուսումնական գումարտակը ավարտել եմ լավ գնահատականներով և կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել ԼՂՀ»,- հպարտությամբ ասաց մեր պատմության հերոսը։
Այժմ պաշտպանության ոլորտում աշխատելը նրա նպատակներից մեկն է։ Նորայրի այդ նպատակը ծնվել է բանակում ծառայելուց հետո, բայց դրա խորը հիմքերը գալիս են ինչպես ինքն է ասում ժառանգաբար` իր պապիկի հորից, ով մասնակցել է 1918 թվականի մարտերին և պապիկից, ով կռվել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ: Նրա խոսքով՝ այդ ամենը նույնպես պատճառ է հանդիսացել, որ միշտ ցանկություն է ունեցել ծառայելու հայրենիքին։ «Ինքնակամ եմ գնացել ծառայության ու ոչ իմ կամքով հեռացել։ Ընդամենը 9 ամիս էր անցել իմ ծառայությունից, երբ պատերազմը սկսվեց։ Հիմա, արդեն տուն եմ վերադարձել, բայց միևնույնն է ինձ տեսնում եմ նորից բանակի շարքերում, հատկապես, որ ունեմ ինժեներ-սակրավորի մասնագիտություն։ Հույս ունեմ, որ ՊՆ-ն կսատարի և աշխատանքի կընդունի։ Կցանկանայի մայիսից աշխատել, երբ կավարտեմ ուսումս։ Ծառայության ընթացքում սիրել եմ զինվորականի կյանքն ու առօրյան, ինչին նպաստել է ընտանիքում ստացած ռազմահայրենասիրական դաստիարակությունս»,- ասաց Նորայրը։
Մեր պատմության հերոսը ծառայել է Մարտակերտի դիվիզիայում և մինչև վիրավորվելը աշխատանքներ է իրականացրել Մատաղիսում, Մարտակերտում ու Թալիշում։ Ապրիլյան պատերազմի արձագանքը լսվել է նաև ապրիլի 21-ին, երբ ականի պայթյունից վիրավորվել է Նորայր Զախարյանը։ Պատերազմի մասին պատմելիս Նորայրի դեմքը մի փոքր փոխվեց՝ կարծես տխրեց։ Բայց մեզ մոտ աշխատում էր ցույց չտալ զգացմունքները, թաքցնելով իր բարի ժպիտի տակ։ Նա սկսեց պատմել քառօրյայից.
«Ապրիլի մեկի` լույս երկուսի գիշերը, զորամասում հանգիստ քնած էինք ու հանկարծ ականանետերի պայթյունի ձայներից արթնացանք։ Սկզբում մտածում էինք, որ ուղղակի հերթական գործողություններն են, բայց հետո հասկացանք, որ ամենևին էլ այդպես չէ։ Հակառակորդը կիրառում էր ծանր զինատեսակներ։ Հենց այդ օրվանից էլ բարձրացանք դիրքեր։ Սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը»:
Նորայրը մինչև ապրիլի 2-ը դիրքերում չի ծառայել։ Ասում է սակրավորի գործը այնտեղ չի լինում։ Վիրավորվելու ժամանակ կատարել է ինժեներական աշխատանք, և հենց այդ պահին, ինչպես մեր հերոսն է ներկայացնում, պատերազմը իրենց տան դուռն էլ է թակել։
«Առաջին վիրահատությունս կատարել են Մարտակերտում, հետո տեղափոխել Ստեփանակերտ, ապա ուղարկել են Երևանի Կենտրոնական կայազորային հոսպիտալ։ Ամեն ինչ շատ հաջող անցավ, և դրվեց նախնական պրոթեզ»,- պատմեց Նորայրը։
Ոտքի երկրորդ վիրահատությունը կատարվել է մոտ յոթ ամիս հետո, որից օրեր անց «Արմենպրես»-ի ստեղծագործական խումբը նրան հանդիպեց հենց հոսպիտալում՝ վիրակապարանի մոտ։ Նորայրը ժպիտով և խանդավառությամբ դիմավորեց մեզ։ Քանի որ այդ օրը դուրս էր գրվում՝ շատ ուրախ էր. «Անչափ ուրախ եմ, որ դուրս եմ գրվում ու գնալու եմ տուն։ Տանը լավ է»։
Այժմ Նորայրը քայլում է ժամանակավոր պրոթեզով և վերականգնվում է վիրահատությունից հետո, իսկ հիմնականը կստանա փետրվարին։ Նորայրն ասաց, որ չնայած ինքը պրոթեզավորված է, իրեն բնավ հաշմանդամ չի համարում։ «Մարդ հաշմանդամ է դառնում այն ժամանակ, երբ ինքն է իրեն զգում այդպիսին։ Ես ինձ վատ էլ չեմ զգում, Աստծուց շատ շնորհակալ եմ, որ այսպես է ամեն ինչ ավարտվել, կարող էր ավելի վատ էլ լինել։ Քառօրյայի ժամանակ վիրավորված տղաներ կան, ովքեր դեռ հիվանդանոցում են և քայլել չեն կարողանում։ Ուրախ եմ, որ այսպես եմ փրկվել և հիմա ընտանիքիս կողքին եմ ու իմ տանը&r aquo;,- մեծ լավատեսությամբ ասաց Նորայր Զախարյանն ու հավելեց, որ դեռ երկու ամիս էլ չէր անցել ոտքի անդամահատումից, պրոթեզը հագել է և մոտ երկու շաբաթ քայլել հենակներով։ Դրանից հետո հանգիստ տեղաշարժվել է առանց որևէ օգնության։
Չկարողացավ չնշել, թե որքան շատ է գնահատում իր բժիշկ օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանի կատարած աշխատանքը և ասաց. «Մկրտիչ Գինոսյանի ջանքերով մեր բոլոր տղաների պրոթեզավորումը բարեհաջող է կատարվել, իմը նույնպես, որից հետո վազել եմ, ձի և մեքենա եմ վարել։ Շատ լավ հարմարվել եմ ու իմ ոտքից ընդհանրապես չեմ տարբերում ու չեմ էլ մտածում այդ մասին»:
Նա շեշտեց, որ ամենայն հավանականությամբ Աստված է իրեն պահել, երբ աղոթել է, որպեսզի ողջ մնա։ Նորայրի խոսքերով` Աստված չի ցանկացել իր ընտանիքին ևս մեկ անգամ տեսնել թաց աչքերով. նրա քույրն առաջին կարգի հաշմանդամություն ունի։
Չնայած այսպիսի դժվարություններին, Նորայրը լավատեսությամբ էր լցված և ժպիտը դեմքից չէր իջնում։ Մարտական գործողությունների ժամանակ զինվորական պարտքը կատարելիս նա վիրավորվել է և անգամ այդ պահին չի մտածել սեփական անձի մասին։ «Ես հերոս եմ համարում Մոնթեին, Մովսես Գորգիսյանին, ինչպես նաև Կոմանդոսին և այլ ազգային հերոսների, բայց ամենևին էլ ոչ ինձ։ Հերոս են նաև Աբաջյան Ռոբերտը և այլ տղաներ, ովքեր իրենց կյանքը զոհեցին ապրիլյան պատերազմի ընթացքում։ Իմ կարծիքով` մենք դեռ այդքան գործ չենք արել, որպեսզի դասենք մեզ նրանց շարքերը և արժանանանք այդ կոչմանը»,- շեշտեց Նորայր Զախարյանը։
Կարծես խոսակցությունն արդեն ավարտում էինք, բայց Նորայրն ասելիք ուներ, նա անկեղծացավ, իր համար շատ կարևոր բան պետք է նշեր. «Սիրելի աղջիկ ունեմ և նա երևի գիտի այդ մասին։ Բայց հիվանդանոցից դուրս գրվելուց հետո անպայման անձամբ կասեմ, քանի որ խոսքերով չեմ արտահայտել իմ զգացմունքները»:
Լիլիթ Դեմուրյան
Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի