Հայրիկյանը բանակցում է Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ՝ նախընտրական դաշինք ստեղծելու ուղղությամբ

«Հայաստանում, որտեղ կեղծվեց Սահմանադրությունը, խոսել քաղաքական ընտրությունների մասին, ինքնախաբեություն կլիներ, բայց եթե քաղաքական ուժ ես, դու պարտավոր ես ընտրությանը մասնակցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Նա հիշեցրեց, որ իրենք եկել էին ժողովրդավարական դաշինք ստեղծելու ճանապարհով երկիրն արմատապես բարեփոխելու եզրահանգմանը. «Հստակ արձագանք չեղավ, 1996 թվականի փորձը չանցավ։  Պետք է արձանագրենք, որ մեր այդ փորձը հաջողությամբ չպսակվեց, բայց մենք ունենք երկրորդ քայլը, դա քաղաքացիական միավորում ստեղծելն է՝ 1987 թվականի Ազգային ինքնորոշում միավորման ձևաչափով։ Այսինքն՝ տալիս ես գաղափարը և այդ գաղափարի շուրջ համախմբում ոչ թե գործող կուսակցություններին, այլ հրավիրում ես քաղաքացիների։

Հիմա դա ընթացքի մեջ է, ընդամենը 3 օրվա ընթացքում մի քանի հարյուր մարդ է դրական արձագանքել, և 67-68 հոգի արդեն լուրջ պատրաստակամություն են հայտնել։ Դա ֆեյսբուքյան նախաձեռնություն է։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, կստացվի՞, լավ, չի՞ ստացվի, մեզ համար ընտրությանը մասնակցելն ինքնանպատակ  չէ, մենք չունենք նպատակ՝ խորհրդարանում մի քանի տեղեր ստանալ և այդկերպ իբրև թե հարցեր լուծել»։

Պ. Հայրիկյանը գտնում է՝ դաշինքներ ստեղծելու համար ուշ չէ, ճիշտ ժամանակն է. «Սադրանք են բոլոր խոսակցությունները գաղափարական դաշինք ստեղծելու վերաբերյալ, դրանք իշխանություններին ձեռնտու սադրանք են, որովհետև, եթե դու գաղափարական դաշինք ես ուզում ստեղծել, նշանակում է՝ քո հակառակորդը գաղափարական է, ո՞վ է տեսել, որ քրեական հանցագործը լինի գաղափարական։ Սահմանադրություն կեղծողները քրեական հացագործներ են, հիմա նրանց դեմ է պայքարը։ Այսօր մենք կարող ենք խոսել միայն նպատակային դաշինքի մասին»։

Պ. Հայրիկյանը հայտնեց, որ  իրենք այս պահին բանակցություններ են վարում երկրորդ ստեղծվելիք դաշինքի ներկայացուցիչների հետ՝ Վարդան Օսկանյան, Սեյրան Օհանյան և այլք. «Այդ շրջանակների հետ մենք ոչ միայն բանակցությունների մեջ ենք, այլև փաստաթղթային փոխանակումների, և այլն, և այլն»։

Տեսանյութեր

Լրահոս