«Չի բացառվում, որ Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակն Արցախյան հատվածից մեր ուշադրությունը շեղելն էր». Դավիթ Բաբայան

«Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը եղել է ինչպես միշտ, այս օրերին շարունակվել են հրադադարի խախտումները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև՝ մեր մարտական դիրքերի հատվածում:

«Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը»,- ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

168.am-ը փորձեց պարզել՝ ինչպիսի՞ն է եղել իրավիճակը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս օրերին և այսօր։ Դավիթ Բաբայանն ասաց, որ իրավիճակը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցնող օրերի ընթացքում եղել է այնպես, ինչպես միշտ։ Այսինքն, ըստ նրա, շարունակվել և շարունակվում են հրադադարի խախտումները՝ կրակահերթերը։ Բաբայանի խոսքով՝ դիվերսիոն ներթափանցման փորձեր չեն եղել։

«Մենք չենք տարբերակում այն, ինչ տեղի է ունեցել Տավուշում, այն զարգացումներից, որոնք ծավալվում են Ղարաբաղում ժամանակ առ ժամանակ։ Չի բացառվում, որ Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակն Արցախյան հատվածից մեր ուշադրությունը շեղելն էր, զգոնությունը թուլացնելը, որպեսզի այստեղ էլ ինչ-որ բան անեն։ Ամեն վայրկյան պատրաստ ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի հակառակորդին ետ շպրտենք։ Ղարաբաղյան ուժերը չեն կորցնում իրենց զգոնությունը»,- վստահեցրեց Բաբայանը։

Նրա գնահատմամբ՝ սա հայության դեմ ուղղված անմարդկային, ստոր, թշնամական քայլ էր։ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը տոն օրերին միշտ դիմում է նման ստոր քայլերի։ «Պետք է այստեղ հաշվի առնել, որ նրանք յուրահատուկ կերպով փորձում են «շնորհավորել» մեր տոները և «զվարճանալ», երբ մենք կունենանք կորուստներ։ Նույնիսկ հաշվի չեն առնում, որ իրենք ևս կորուստներ են տալիս։ Հաշվի առնենք նաև, որ դեկտեմբերի 31-ը ոչ միայն Նոր տարի է, այլև ադրբեջանցիների, այսպես կոչված, միջազգային համախմբման օրը, արհեստական տոն է, հենց այդ օրն էլ ցանկանում են յուրովի «տոնել» և դիմում են այդպիսի քայլերի»,- ասաց Բաբայանը։ ԼՂՀ նախագահի խոսնակը Տավուշում ձեռնարկված դիվերսիոն փորձերում քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ «Այս ներթափանցման փորձի ներքո կա բարոյական ենթատեքստ, գործ ունենք ահաբեկչական ուժի հետ»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

 

Տեսանյութեր

Լրահոս