«Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու մեկնարկը կտրվի մինչև 2017թ. ապրիլ». Սուրեն Կարայան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, որ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և մինչև հաջորդ տարվա ապրիլ կտան դրա մեկնարկը։
«Դա լայն հնարավորություն կստեղծի նոր ներդրումային ծրագրեր իրականցնելու և կակտիվացնի Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը»,- ասաց նա:
168.am-ի հարցին, թե ի՞նչ խնդիրներ են եղել ԵՏՄ-ի հետ այդ ազատ տնտեսական գոտու հետ կապված, որի մասին կառավարության վերջին նիստերից մեկում խոսել է վարչապետ Կարեն Կարապետյանը, Ս.Կարայանը պատասխանեց, որ Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգրքի նախագծով նախատեսված չէր, որ Հայաստանում էլ կարող է սահամանմերձ ազատ տնտսական գոտի լինի, սակայն այդ հարցը կարգավորվել է և նախագծում ներառվել է, որ Հայաստան-Իրան սահմանագծին կարող է գործել ազատ տնտեսական գոտի։
Նախարարը նաև նշեց, որ 3 անգամ նվազեցվել է Իրան մուտք գործելիս սահմանված երաշխիքային վճարները, որոնք չափազանց մեծ էին: