Բաժիններ՝

«Խնդրահարույց է արտահանման կենտրոնացման մեծ աստիճանը». Սուրեն Կարայան

Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ամփոփեց նախարարության վերջին միայն իր պաշտոնավարման ընթացքի, եռամսյակի աշխատանքները:

Ըստ նրա` արտահանման աճն այս ընթացքում եղել է ռեկորդային, չորրորդ եռամսյակում այն կկազմի 25%, իսկ տարվա արդյունքներով շուրջ 21%. «Կայուն տնտեսական աճ ապահովելու համար մենք գտնում ենք, որ միջնաժամկետ հատվածում մեր ամբողջ ներուժը պետք է դնենք, որ արտահանման ծավալները կազմեն ՀՆԱ-ի 40-50%»:

Ս.Կարայանի խոսքով` խնդրահարույց է արտահանման կենտրոնացման մեծ աստիճանը` ինչպես շուկաների, այնպես էլ ապրանքների, և պետք է դիվերսիֆիկացնենք. «Մենք շատ ցածր արտահանման ներուժ ունենք մեր հարևան և առաջին առևտրատնտեսական գործընկերների հետ: ՌԴ արտահանումը մեկ շնչի հաշվով կազմում է 1.7 ԱՄՆ դոլար, իսկ Իրանը` 1 դոլար: Այսինքն` կա բավականին չօգտագործված ներուժ և այս երկրներ արտահանումը մեծացնելը լինելու է մեր առաջնահերթ քայլերից մեկը»:

Նախարարը նշեց, որ շարունակելու են աշխատանքը, որպեսզի ավելացնեն այն շուկաների թիվը, որոնց հետ ՀՀ-ն ունի առևտրի արտոնյալ ռեժիմներ:

Ս.Կարայանի խոսքով` ՊՆ հետ համատեղ քննարկումներ են իրականացրել և որոշակի պայմանավորվածություն ունեն, որ երբ Վերին Լարսը փակ կլինի եղանակային պայմանների պատճառով, օդային բեռնափոխադրումների համակարգ է մշակվել և այն տնտեսվարող սուբյեկտները, որ արագ փչացող ապրանքներ են արտահանում, կկարողանան շատ մատչելի գնով դրանք փոխադրել օդով. «Լոգիստիկ ընկերությունների հետ, որոնք ԵՏՄ-ում ունեն առանձնացված կառույցներ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում մեծ ծավալներ չունեցող ապրանքները պետք է համախմբենք և այդ լոգիստիկայի միջոցով արտահանենք»:

«Միաժամանակ աշխատանքներ ենք տանում ԵՄ արտահանումն ավելացնելու համար»,- ասաց նախարարը` հավելելով, որ ՀՀ հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ը դարձել է ԵՄ հավատարմագրման մարմնի անդամ, նաև Իրանի հետ են բանակցում, որպեսզի ՀՀ-ում սերտիֆիկացումը այնտեղ ճանաչեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս