«Ծնողներին կոչ եմ անում երեխաներին զերծ պահել արդեն պատուհաս դարձած այս «խաղալիքներից» եւ տոնական օրերին խուսափել դժբախտ պատահարներից»
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժ Արամ Սահակյանը հորդորում է ծնողներին՝ Ամանորին ընդառաջ հնարավորինս զերծ պահել երեխաներին պայթուցիկների եւ տարբեր հրավտանգ նյութերի հետ շփումից: «Այս տարին ունեցավ ծանր ապրիլյան օրեր եւ իր չսպիացող հետեւանքները: Ցավոք կորցրեցինք մեր հերոս տղաներին, կան նաեւ շատերը, ովքեր մնացին հաշմանդամ, անդամալույծ: Ցավոք, խաղա ղ օրերին նույնպես ականատես ենք լինում պայթյունային ծանր վիրավորումների՝ հատկապես երեխաների եւ երիտասարդների շրջանում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում միկրովիրաբույժը նշեց, որ յուրաքանչյուր տարի տոների ժամանակ պայթուցիկների եւ հրավառության համար նախատեսված նյութերի հետ անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով 10-15 դժբախտ պատահար է գրանցվում: «Տոնական այս օրերին պայթյունային վնասումների առավել կտրուկ աճ է գրանցվում երբեմն անդառնալի հետեւանքներով: Ծնողներին կոչ եմ անում երեխաներին զերծ պահել արդեն պատուհաս դարձած այս «խաղալիքներից» եւ տոնական օրերին խուսափել դժբախտ պատահարներից», -ասաց Արամ Սահակյանը՝ մտահոգություն հայտնելով, որ հրավառության պարագաների տարբեր տեսակներ ազատ վաճառվում են խանութներում: «Հուսով եմ նաեւ, որ խոսքս կհասնի պատկան մարմիններին, որոնք վերահսկում են ոլորտը»,-հավելեց բժիշկը:
Աշխատանքային գործունեության ընթացքում նման դեպքերի ականատես եղած միկրովիրաբույժը պատմեց, որ այս տարի դեկտեմբերի 18-ին Աշտարակից իրենց մոտ էր տեղափոխվել 14-ամյա պատանի` ձախ դաստակի բաց կոտրվածքներով, մատների անդամահատումով եւ նյարդանոթային խրձերի վնասումներով: «Վնասված երկու մատները, բարեբախտաբար, հնարավոր եղավ վերականգնել»,-ասաց Արամ Սահակյանը:
Շնորհավորելով բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ Արամ Սահակյանը մաղթեց առողջ տարի:
Պետք է նշել, որ պայթուցիկ նյութերի հետ վարվելու կանոնները չպահպանելու հետեւանքով 2016 թվականին մահացել է Արարատի մարզի Վանաշեն գյուղի բնակիչ 13-ամյա Գագիկ Մինասյանը:
Տոներին ընդառաջ ոստիկանությունն ամեն տարի հայտարարություն է տարածում` պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները պահպանելու հետ կապված: Անչափահասների շրջանում դժբախտ պատահարները բացառելու, ինչպես նաև հասարակական կարգի և անվտանգության պահպանման նկատառումներով քաղաքացիների կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք 100.000 դրամի չ ափով: Նշված ժամանակից սահմանված է բացառություն, և Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն: