«Տվեք մեզ ժամանակ և կտեսնեք, որ դա հնարավոր է»
«168 Ժամն» Ամուլսարի ոսկու հանքավայրի, բնապահպանական ասպեկտի և տնտեսական էֆեկտի մասին զրուցել է «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահ Ռոբերտ Քարրուի հետ
– Պրն Քարրու, Հայաստանում տարածված կարծիք կա, որ հանքարդյունաբերությունն աղքատ երկրների զբաղմունքն է. այսինքն` ոչինչ չարտադրել, նոր արժեք չստեղծել, փոխարենը` պարզապես վաճառել այն, ինչ դուրս է գալիս ընդերքից։ Օրինակ, Կանադայի դեպքում ինչպես է. Կանադան աղքատ երկիր չէ, սակայն հանքարդյունաբերությունը տնտեսության ամենակարևոր ճյուղերից է։
– Մենք մեր երկիրը` Կանադան, կառուցել ենք բնական ռեսուրսների վրա` հանքարդյունաբերություն, անտառ, վերջերս` նաև գազ։ Հարցն այն է, թե ինչպես դա անել` ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների միջոցով, առանց շրջակա միջավայրին էական վնաս հասցնելու։ Շրջակա միջավայրի հանդեպ անփույթ վերաբերմունքից ոչ ոք չի շահի, անհրաժեշտ է կայուն զարգացում` բալանս այսօրվա կարիքների և ապագայի հնարավորությունների միջև, առանց վտանգի ենթարկելու կենսական միջավայրը։ Այդ առումով Կանադան կայուն զարգացման լավագույն օրինակներից մեկն է։ Կանադայի հանքարդյունաբերությունը մեծությամբ 5-րդն է աշխարհում։ Կարծում եմ` Հայաստանի դեպքում նույնն է. եթե հանքարդյունաբերությունն իրականացվի ճիշտ, պատշաճ ձևով, ապա երկիրը դրանից միայն կշահի։ Ի վերջո, երկրները զարգանում են ոչ թե օգնության, այլ արդյունաբերության միջոցով, որը բերում է աշխատատեղեր, հարկեր և նոր ենթակառուցվածքներ։
– Իսկ աղքատ երկիրը կարո՞ղ է ճիշտ կամ պատասխանատու հանքարդյունաբերություն ունենալ։
– Տեսեք, մենք կառուցում ենք Ամուլսարի հանքը Հայաստանում, սակայն մենք միջազգային ընկերություն ենք և աշխատում ենք միջազգային այն նույն չափանիշներով, որոնցով աշխատում են նաև կանադական ընկերությունները։ Ես ունեմ 4 զավակ և 10 թոռ, և այս նախագծին ներգրավվել եմ բավականին մեծ տարիքում, որովհետև սա լավ նախագիծ է։
Ձեր 5 տարեկան որդին մեծանալու է, սկսի թերթեր կարդալ, ու հարցնելու է` հայրիկ, սա արդյոք քո ընկերությունը չէ՞, որ այսքան վատ բաներ է արել։ Ոչ ես, ոչ դուք, ոչ էլ մեր թիմից որևէ մեկը չի ցանկանում նման իրավիճակում հայտնվել, ու վստահ եմ` չի էլ հայտնվի։ Մենք հպարտ ենք մեր արած գործով, որովհետև լավ բան ենք անում։ 1979 թվականից ես հանքարդյունաբերության ոլորտում եմ, զբաղվել եմ շրջակա միջավայրի խնդիրներով` որպես բնապահպան գիտնական։
Ու երբ «Լիդիանն» ինձ առաջարկեց այս նախագծում ներգրավվել, ես մեծ ծավալի «տնային աշխատանք» կատարեցի, ուսումնասիրեցի այս նախագիծը` համոզված լինելու համար, որ դրական ծրագիր է, և ես անհարմար վիճակի մեջ չեմ հայտնվելու, չեմ զղջալու իմ որոշման համար։ Այս հարցում ես ունեմ գիտնականի սկզբունքայնություն։ Սա լավ նախագիծ է, դժվար է պատկերացնել` ինչ դժվարություններ հաղթահարելու գնով է ընկերությունը հասել այն կետին, որտեղ հիմա է։
Ի վերջո, Հայաստանի իրավական դաշտն այնքան էլ հեշտ չի` այս ոլորտում գործունեություն ծավալելու համար։ Դրան գումարած` կան տարբեր շահեր ու նաև մարդիկ, որ ծրագրին դեմ արտահայտվելով ` իրականում այլ օրակարգեր ու նպատակներ ունեն։ Իհարկե, կան նաև անկեղծ մտահոգություններ, սակայն զուտ մասնագիտական տեսանկյունից` Ամուլսարի հանքը բարդ նախագիծ չէ։
Կան, իհարկե, որոշ խնդիրներ, որ լուծումներ են պահանջում (օրինակ, մենք ապահովեցինք մեկ պահպանվող բուսատեսակի տեղափոխումը և ապահով վերարտադրությունն այլ վայրում), սակայն, մեծ հաշվով, անկառավարելի բարդություններ չկան։ Իսկ բնապահպանական ռիսկերի կառավարման համար մենք ունենք բավարար գիտական ռեսուրս, կամք և, իհարկե, պարտավորություն։
– Բնապահպանները հաճախ ահազանգեր են հնչեցնում Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված տարբեր ռիսկերի մասին։ Ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, որքանո՞վ են դրանք իրական։
– Գիտեք ինչ, ընդհանրապես այն ամենը, ինչ մենք կյանքում անում ենք, պարունակում է որոշակի ռիսկ։ Օրինակ, առավոտյան մեքենա ենք նստում, և դա էլ որոշակի ռիսկ է։ Սակայն մենք կառավարում ենք ռիսկերը` ամրագոտի ենք կապում, զգույշ ենք վարում, և այլն։ Այսինքն, հարցը ռիսկերի կառավարումն է, և ընկերության դեպքում էլ. իմ և իմ պես գիտնականների խնդիրն է` կառավարել այդ ռիսկերը։
Օրինակ, կույտային տարրալվացման հարթակի հետ կապված` լուծույթի արտահոսքը բացառելու նպատակով, մենք հարթակի տակ տեղադրելու ենք պլաստիկե գեոմեմբրան։ Սա նման է մեքենայի մեջ ամրագոտի կապելուն։ Սակայն դրանով չբավարարվելով` մենք տեղադրում ենք երկրորդ շերտը` կրկնակի ապահովության համար, այսինքն` երկրորդ ամրագոտին ենք կապում։ Այդքանով էլ չենք սահմանափակվում` այդ նույն հարթակում նաև հատուկ տեսակի կավի շերտ ենք տեղադրում, սա էլ երրորդ ամրագոտին է։ Այս ամենից բացի, մենք տեղադրում ենք ազդանշանային համակարգ, այնպես որ, եթե անգամ արտահոսք լինի, ապա մինչև երրորդ արգելքին հասնելը մենք դրա մասին կիմանանք` սա էլ չորրորդ ամրագոտին։ Այս ամենն արվում է անվտանգության ու ապահովության համար։
Հասկանում ենք, որ մարդիկ անհանգստանում են, կասկածում են, դրա համար 1-2-ի փոխարեն` մենք ներդնում ենք ռիսկերի չեզոքացման 3-4 միջոցներ։ Ընդ որում, մենք այդ առումով Հայաստանում որևէ նոր բան չենք հորինում, ռիսկերի չեզոքացման այդ մեխանիզմները հաջողությամբ աշխատում են նաև Կանադայում և այլ հանքարդյունաբերական երկրներում։
– Հայաստանում շատ մարդիկ այն կարծիքին են, որ մեզ մոտ այլևս ոչ մի նոր հանք պետք չէ բացել, եղածը բավարար է։ Դուք նշեցիք, որ Կանադան հանքարդյունաբերության ծավալով աշխարհում 5-րդ տեղում է։ Այնտեղ նոր հանքեր բացո՞ւմ են։
– Այո, իհարկե, որովհետև հանքարդյունաբերական արտադրանքի նկատմամբ պահանջարկը չի նվազում։ Մի թիվ նշեմ, աշխարհում յուրաքանչյուր մարդ սպառում է միջինում տարեկան 31 տոննա մետաղ։ Նկատի ունեմ` տներ են կառուցում, մեքենա են վարում, և այլն։ Այդ թվում նաև` բնապահպան ակտիվիստները, ովքեր պայքարում են հանքերի դեմ։ Մենք հանդիպումներ ենք ունենում նման բնապահպանների հետ, որոնք ընդհանրապես դեմ են հանքարդյունաբերությանը։ Նրանց հարցնում եմ` ինչո՞վ եք եկել հանդիպման` ոտքո՞վ, թե՞ տրանսպորտային միջոցով։
Ու եթե տրանսպորտային միջոցով, նշանակում է` նա ինքը հանքարդյունաբերական արտադրանքի` մետաղի սպառող է։ Նրա հեռախոսի, համակարգչի և այլ իրերի մեջ մետաղները մեծ ծավալ ունեն։ Գիտեք, կան մարդիկ, ովքեր սկզբունքորեն չեն ընդունում տեխնոլոգիաները. նրանք ապրում են բնության գրկում, փայտ են վառում, ձի են քշում, արտադրական ոչ մի իր չեն օգտագործում։ Դա, անշուշտ, նույնպես հարգանքի արժանի ընտրություն է։ Սակայն այլ բան է, երբ դու օգտագործում ես հեռախոս և ավտոմեքենա, և միևնույն ժամանակ ասում` դեմ եմ հանքերին։ Դա, իմ կարծիքով, անկեղծ մոտեցում չէ։
Վերադառնալով Կանադային` ասեմ, որ այնտեղ այսօր էլ մեծ ծավալով որոնողահետախուզական աշխատանքներ են կատարվում։ Հանքարդյունաբերությունը վերջին 7 տարիների ընթացքում Կանադայի բյուջեին 71 մլրդ դոլարի հարկային մուտքեր է ապահովել։ Այդ 71 միլիարդ դոլարը հնարավոր չի փոխարինել այլ աղբյուրով։ Սակայն հանքարդյունաբերության տնտեսական էֆեկտը միայն հարկերը չեն։ Այս ոլորտը մեծ թվով աշխատատեղեր է ստեղծում, ընդ որում` բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Խոսքը ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների մասին է, օրինակ, մեզ մոտ աշխատում են իրավաբաններ, բժիշկներ, ֆինանսիստներ, բնապահպանական մասնագետներ և այլք։
– Կոնկրետ Հայաստանի դեպքո՞ւմ որոնք են լինելու տնտեսական օգուտները։
– Մանրամասն վերլուծություն` կանխատեսումներով, մենք արել ենք և հրապարակել ենք։ Ամեն դեպքում, համառոտ անդրադառնամ։ Նախ, կախված ոսկու միջազգային գներից` «Լիդիանը» տարեկան 40-60 մլն դոլարի հարկեր կարող է վճարել։
Շինարարական աշխատանքների փուլում կստեղծվի մոտ 1300 աշխատատեղ, իսկ հանքի շահագործման 10 տարիների ընթացքում կունենանք 700 մշտական աշխատատեղ։ Նշեմ նաև, որ հանքարդյունաբերության ոլորտում յուրաքանչյուր աշխատատեղ ստեղծում է 5-6 անուղղակի աշխատատեղ հարակից ոլորտներում։
Ընդհանուր առմամբ, ներդրվելու է ավելի քան 370 մլն դոլար, որը լուրջ խթան է Հայաստանի տնտեսության աշխուժացման համար։ Մի կարևոր հանգամանք էլ` հանքարդյունաբերության ոլորտն ինքը տարբեր ապրանքների ու ծառայությունների խոշոր սպառող է, որոնք, բնականաբար, ձեռք են բերվելու տեղական շուկայից։ Այս պահին մենք տեղական արտադրողներից ձեռք ենք բերում մեծ քանակությամբ հագուստ, տարբեր ծառայություններ, սակայն համոզված եմ` հանքարդյունաբերության ոլորտի նորմալ զարգացումը հանգեցնելու է նրան, որ Հայաստանում էլ արտադրվեն հանքարդյունաբերության համար անհրաժեշտ սարքավորումներ։
– Դուք հարցազրույցի ընթացքում հիշատակեցիք հիմնականում բնապահպան կազմակերպություններին, սակայն կան նաև մեծ թվով մարդիկ, ովքեր բնապահպան կամ մասնագետ չլինելով` անհանգստանում են և մտածում, որ Ամուլսարի նախագիծն ավելի շատ վնաս է տալու մեր երկրին, քան օգուտ։ Ի՞նչ կասեք այդ մարդկանց։
– Ես այդ մարդկանց հետ բարեկամական կամ ընկերական հարաբերությունների մեջ չեմ, որ ասեմ` ինձ վստահեք։ Այո, ես եկել եմ Հայաստան, ինքս բնապահպանական գիտնական եմ և աշխատում եմ այստեղ, սակայն չունեմ այնքան ճանաչում ու հեղինակություն, որ միայն իմ խոսքերի հիման վրա մարդիկ ինձ հավատան։ Սակայն ես ուրիշ բան կասեմ` մեզ հնարավորություն և ժամանակ տվեք։
Մենք մեծ աշխատանք ենք արել այս նախագծի վրա և դեռ կանենք։ Մենք օգտագործում ենք լավագույն տեխնոլոգիաները, ու այդ ամենը Հայաստան բերելն իր արդյունքը տալու է, ու ամենակասկածամիտ մարդիկ էլ համոզվելու են, որ Հայաստանում հնարավոր է նորմալ հանքարդյունաբերություն ունենալ։
Մենք երկխոսության համար բաց ենք, ու, եթե մարդիկ մտահոգություններ կամ դիտողություններ ունեն, միայն ուրախ կլինենք նրանց հետ խոսել։ Ոչ բոլորն են մասնագետ կամ գիտնական, սակայն մենք կփորձենք նրանց բացատրել և տալ բոլոր հարցերի պատասխանները։