«Բանակից՝ ՏՏ ոլորտ». Ապահով և արժանապատիվ աշխատանք՝ նախկին զինծառայողների համար

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը շարունակում է իրականացնել ապրիլյան մարտերից հետո նախաձեռնված «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագիրը:

Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել զորացրված բոլոր այն զինծառայողներին, ովքեր ցանկանում են մասնագիտանալ ՏՏ ոլորտում:

Առաջին փորձարարական այս ծրագիրը մեկնարկել է օգոստոս ամսին` Մերգելյան ինստիտուտի տարածքում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում: Ծրագրի տևողությունը 6 ամիս է, այդ թվում՝ 1 ամիս մասնագիտական փորձաշրջան ՏՏ ոլորտի ընկերություններում: Դասընթացի շրջանակում նախկին զինծառայողները սովորել են ծրագրավորման լեզուներ, ինչպես նաև՝ մասնագիտական անգլերեն:

Ծրագրի կազմակերպիչները նշում են, որ ծրագիրը նպատակ ունի ապահովել զինծառայություն անցած երիտասարդների սահուն ինտեգրումը, ապահով և արժանապատիվ աշխատանքը, նվազեցնել այս թիրախային խմբի արտագաղթելու հավանականությունը:

Կարդացեք նաև

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը խիստ կարևորում է այս դասընթացների իրականացումը: Նա նշում է, որ սա լավագույն նախաձեռնություններից է, որը մի կողմից՝ լուծում է երիտասարդների աշխատանքի և կարիերային առաջընթացի խնդիրը, մյուս կողմից՝ բավարարում է ՏՀՏ ոլորտի մասնագիտական կարիքները։

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է այս դասընթացներն իրականացնել անմիջապես զինծառայության ընթացքում, որպեսզի երիտասարդները զորացրվելուց հետո անմիջապես մտնեն աշխատանքի»,- նշում է Հայկ Չոբանյանը:

«Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրի մասակիցներն այս տարի մասնակցում էին նաև «ԴիջիԹեք Էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսին: 168.am-ի հետ զրույցում տղաները նշել էին, որ այս նախաձեռնության շնորհիվ ստանում են մասնագիտական կրթություն, որը հետագայում կարող են կիրառել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում:

Ծրագրի մասնակիցները գրանցել են արդեն առաջին արդյունքները: Մասնակիցներից մեկը՝ Արմեն Դերիկյանը, ով ծառայում էր Մարտակերտում, այժմ դասավանդում է Երևանի թիվ 197 միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում:

Բացի այդ, ծրագրի մասնակիցներն իրենց ստացած գիտելիքների հիման վրա ծրագրի համար կայք են պատրաստում:

Ծրագիրը լինելու է շարունակական: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում նշում են, որ ցանկացած զինծառայող ծրագրի մասնակից դառնալու համար կարող է դիմել իրենց:

2017-ին առաջին իսկ օրերից կմեկնարկի դասընթացի հաջորդ փուլը, որին կմասնակցեն 80-ից ավելի նախկին զինծառայողներ:

Ծրագրի կազմակերպիչները նպատակ ունեն տարածելու ծրագիրն ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ Արցախում:

Ծրագրի իրականացմանը կարող են աջակցել բոլորը: Ֆինանսական աջակիցների առաջին խումբը, որը միացավ ծրագրին, կանադահայ «Միասին» խումբն էր: Այս խումբը, նպատակ ունենալով թիրախային ընտանիքների համար ստեղծել մշտական ապրուստի միջոց, միացել է ծրագրին՝ գտնելով, որ կրթությունը և հետագա աշխատանքի ապահովումը դրա լավագույն տարբերակն է: Ծրագրի աջակիցներին են միացել նաև «Այբ» դպրոցի աշակերտների ծնողները:

Ծրագրին կարող են միանալ բոլոր քաղաքացիները՝ հանգանակություն կատարելով 1930052916980200 հաշվեհամարին:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս