Բարոյական ճնշո՞ւմ. Դատավոր Իշխան Բարսեղյանի դատական նիստերը՝ իր աշխատավայրում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործի քննությունը։

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999թ. զբաղեցնելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Այսօր դատական նիստը կարճ տևեց. դատարանը ճշտեց երկու ամբաստանյալների՝ Իշխան Բարսեղյանի և Էլզա Զաքարյանի տվյալները։ Դատավոր Իշխան Բարսեղյանն ասաց, որ իր խնամքին են վատառողջ ծնողները, երեխաները, առողջության հետ կապված խնդիր ունի։ Գործով մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն, նշեց, որ ունի բարձրագույն կրթություն, աշխատում է որպես փաստաբան, խնամքին են անչափահաս երկու երեխաները։

Այս գործով մեղադրանքը պաշտպանելու համար ներգրավվել էր դատախազ Կարեն Բիշարյանը։ Ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից համապատասխան գրությունն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանին, սակայն քրեական գործը քննում է դատավոր Կարեն Մարդանյանը։ Ըստ պաշտպանի՝ հենց գործը քննող դատավորին պետք է ուղարկվեր գրությունը, դատարանի նախագահը վերադաս չէ ընդհանուր իրավասության դատարանի որևէ դատավոր նկատմամբ։

Փաստաբանը նշեց, որ գրությունում նշված է, որ Դատախազության՝ ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը ներգրավվել է քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը։ Վարդուհի Էլբակյանի խոսքով՝ Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը։

«ՀՀ գլխավոր դատախազն է հաստատում մեղադրական եզրակացությունը, և ըստ այդմ՝ նա պարտավոր է դատարան ներկայանալ և իր լիազորությունների շրջանակներում պաշտպանել մեղադրանքը»,- ասաց Վարդուհի Էլբակյանը։

Փաստաբանը մեջբերեց «Դատախազության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների: «Տվյալ դեպքում այս գրությունից մենք չհասկացանք, թե որն էր այն բացառիկ դեպքը, որ ՀՀ գլխավոր դատախազն իր լիազորությունները փոխանցել է մեկ այլ մեղադրողի։ Ըստ օրենքի՝ վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների։ Տվյալ գրության բովանդակությունից երևում է, որ գլխավոր դատախազը ոչ թե որպես երկրորդ մեղադրող է ներգրավել պարոն Բիշարյանին, այլ դատախազի դատավարական լիազորությունների իրականացումը լիազորել է պարոն Բիշարյանին»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրող Կարեն Բիշարյանը որպես պատշաճ մեղադրող ներգրավված չէ, հետևաբար՝ նրան բացարկ հայտնելու կամ բացարկ չհայտնելու հարցն այս պահին չեն կարող քննարկել։

Նախագահող դատավորն ասաց, որ գրության ձևակերպման հետ կապված խնդիր չի տեսնում։ Քանի որ գործով ամբաստանյալ Էլզա Զաքարյանը հրաժարվեց իր պաշտպանից և խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել, դատական նիստը հետաձգվեց մինչև 2017թ. հունվարի 23-ը։ Հաջորդ դատական նիստին ևս մեկ փաստաբան կներգրավվի՝ որպես Իշխան Բարսեղյանի պաշտպան. այդպիսով նա կունենա 6 պաշտպան։

Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրուցում Վարդուհի Էլբակյանն ասաց, որ քրեական գործով նախաքննությունը տևել է 11 օր։ «Ես 17 տարվա փաստաբան եմ, և առաջին անգամ եմ հանդիպում դեպք, այն էլ՝ նման մեղադրանքներով (մարդը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ), որ 11 օրում նախաքննությունն ավարտվի»։ Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում Իշխան Բարսեղյանը դիրքորոշում չի հայտնել մեղադրանքի վերաբերյալ, բայց մեղադրանքները չի ընդունում։

Հարցին՝ արդյոք խնդիր տեսնո՞ւմ է, որ քրեական գործը քննվում է այն դատարանում, որտեղ Իշխան Բարսեղյանը դատավոր է աշխատել, Վարդուհի Էլբակյանը պատասխանեց. «Շատ մեծ բարոյական խնդիր եմ տեսնում։ Գտնում եմ, որ սա հոգեբանական ճնշում էր Իշխան Բարսեղյանի, Իշխան Բարսեղյանի հարազատների նկատմամբ։ Տարիներ շարունակ նա այստեղ դատավոր է աշխատել»։

Նրա խոսքով՝ դատական նիստը կարող էր այլ վայրում անցկացվել կամ այլ դատարանից դատավոր գործուղվեր։ Փաստաբանն ասաց նաև, որ 1992թ. Իշխան Բարսեղյանը ծանր վիրավորում է ստացել, ինչի հետևանքները մինչ այժմ առկա են։

Տեսանյութեր

Լրահոս