«Թե՛ 2007-ին, թե՛ 2012-ին ձայները տրվել են Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ի նախընտրական ծրագրին». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովում ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց «դեկորատիվ ատրիբուտները» հանել օրենքի նախագծից։

Նա համաձայնեց, որ ԱԺ օրակարգը քվեարկությամբ հաստատելն անիմաստ  արարողակարգ է. «Եկեք այդ դեկորատիվ ատրիբուտիկաները հանենք։ «Պատգամավորի պարտականությունն է՝  հանդիպել իր ընտրողների հետ»։ Հիմա այն պատգամավորը, որ չի ցանկանում դա անել, հաջորդ ընտրության ժամանակ ընտրողն այդ պատգամավորի գնահատականը կտա։ Եթե դրել եք քաղաքացիների  ընդունելություն պատգամավորների հետ, պատգամավորների 90 տոկոսը չի գնում այդ ընդունելությանը,  ուղարկում են իրենց փորձագետներին, դրա օգտակար գործողության գործակիցն ուղղակի զրո է։ Արհեստական, սինթետիկ դրույթներից եկեք բեռնաթափենք կանոնակարգ-օրենքը»։

Ն. Զոհրաբյանը նաև համաձայն է, որ ժողովուրդն ընտրում է ոչ թե այդ ցուցակում ներառված այս կամ այն անձին, այլ` կուսակցության լիդերին և կուսակցության ծրագիրը։ «Որպեսզի որևէ ուժ չվրդովվի, բերեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրինակը։ Բոլորիս համար էլ պարզ է, որ թե՛ 2007-ին, թե՛ 2012-ին հանրությունը ձայն տվել է Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ի նախընտրական ծրագրին, և եթե ինձանից սկսած՝ որևէ մեկը «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում  կարող է ասել, որ այդ ձայները եղել են իր ձայները, ես նման գնահատականն առնվազն ազնիվ չեմ համարում։ Ձայները տրվել են Գագիկ Ծառուկյանին և ԲՀԿ-ի նախընտրական ծրագրին։ Իհարկե, ես հասկանում եմ, որ նապոլեոնիզմն ու բոնապարտիզմը քաղաքական դաշտում շատ լուրջ շեղում է, հոգեբուժության մեջ դա անբուժելի հիվանդություն է ու ունի խորանալու հակում, բայց ակնհայտ է, որ ընտրողը ձայնը տալիս է առնվազն այն անձին, որ գլխավորում է ցուցակը, և կուսակցության ծրագրին»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս