
Ռոգոզինն այսօր մեկնում է Բաքու՝ Ալիևի հետ քննարկելու ՌԴ-ի կողմից Հայաստանին «Իսկանդերների» ու զենքի մատակարարման հարցը. «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրում է, որ այսօր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ պետք է կայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Կողմերը մտադիր են քննարկել երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարման հարցը։
Պարբերականի տեղեկություններով՝ Ռոգոզինը Բաքու է մեկնում միջկառավարական հանձնաժողովի նիստի նախօրեին, որը պլանավորված է դեկտեմբերի 16-ին և ողջ օրն անցկացնելու է բանակցություններ վարելով։
ՌԴ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկության թոփ մենեջերի խոսքով՝ բացի ընդհանուր համագործակցության հարցերի քննարկումից, օրակարգում առանձնացված է երկու միջոցառում՝ ՌԴ փոխվարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ և բանակցություններ զենքի արտահանման վերաբերյալ, որին մասնակցելու է նաև ռազմա-տեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Բոյցովը։
«Կոմերսանտի» աղբյուրները նշում են, որ ռուս բանակցողների հիմնական խնդիրներից մեկը լինելու է ՌԴ-ի դիրքորոշումն Ադրբեջանին բացատրելը՝ կապված «Իսկանդեր» համակարգերի մատակարարումների հետ։
«Ադրբեջանցի գործընկերները չափազանց բացասական են արձագանքել իրադարձությունների նման զարգացմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում»,- ասված է հոդվածում։