Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է համախմբել «Համախմբմանն» ու ԲՀԿ-ին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ողջունում է առաջին կայացած դաշինքը` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն», նաև նույն անկեղծությամբ ողջունում է «Համախմբում», «Ժառանգություն» կուսակցությունների և նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քննարկումները` միասնական պլատֆորմ ձևավորելու համար:
«Շատ կարևոր է, որ գործիչները, ովքեր ընդամենը 1-2 ամիս առաջ իրար հասցեին հնարավոր բոլոր և անհնար մեղադրանքները հնչեցնում էին, կարողացան այդուհանդերձ ներքին տարաձայնությունները դնել մի կողմ և միասնական, միասնաբար ձևավորել մեկ միասնական քաղաքական օրակարգ»,- ասաց նա:
Ն. Զոհրաբյանի կարծիքով` նոր Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) թելադրում է, որ խորհրդարանական ընտրություններն իսկապես լինեն այնպիսին, որ շատ կարևոր է լինելու մեծ համախմբումներով հանդես գալը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետորեն մասնակցել ընտրություններին. «Ես պարոն Օսկանյանին միշտ համարել եմ շատ ազնիվ անձնավորություն և երբևէ չեմ կասկածել իր ազնիվ մտադրություններին՝ մեր երկիրը տեսնել ազատ, արդար, բարգավաճ, և իսկապես ցանկանում եմ, որպեսզի այս համագործակցությունը կայանա»:
168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ «Բարգավաճ Հայաստանն» էլ միանա «Համախմբմանը», Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված հարցերին կպատասխանի միայն Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, բայց ԲՀԿ-ն որևէ քաղաքական ուժի հետ դաշինք քննարկելու խնդիր չունի:
Մեր հարցին, թե արդյոք Ծառուկյանը կարո՞ղ է համախմբել «Համախմբմանն» ու ԲՀԿ-ին, Ն.Զոհրաբյանը նշեց, որ որևէ հարցի Ծառուկյանի փոխարեն չի պատասխանելու, և Ծառուկյանն ինքը կպատասխանի. «Թե ինչ հնարավոր քայլեր կանի ԲՀԿ-ն, բոլոր հարցերը, պատեհ պահի, իսկ դրա հնարավորությունը դուք կունենաք առաջիկայում, կուղղեք պարոն Ծառուկյանին»:
Ն.Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ այս դաշինքները սպառնալիք չեն ԲՀԿ-ի համար, և իրենք պատրաստ են բոլորի հետ ազատ, արդար մրցապայքարի. «ԲՀԿ-ն ունի իր կայուն էլեկտորատը: Կլինեն իշխանական թե ընդդիմադիր դաշինքներ, ԲՀԿ-ն պատրաստ է բոլորին ընդունել՝ որպես հավասար արժանապատիվ մրցակիցներ»:
Նար կարծիքով` տեսականորեն գուցե գեղեցիկ գաղափար է, որ ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ձևով հանդես գար, բայց դա անհնար է, քանի որ դա կլիներ անընդունելի և կեղծ: