Զարմանալի երևույթ, որ պատահում է միայն ամենաերջանիկների հետ
Մենք սիրում ենք անել այն ամենը, ինչ մեզ հաճույք է պատճառում։ Weforum.org կայքը գրում է, որ, երբ հնարավոր է, մենք փորձում ենք անել այն, ինչ հաճույք է պատճառում, և խուսափել տհաճ բաներից, երբ կարողանում ենք։ Այս հարցը տասնամյակներ շարունակ քննարկվել է գիտնականների կողմից։ Ամեն դեպքում, եթե ամենը, ինչ ցանկանում ենք, հաճույք ստանալն է, ինչպե՞ս ենք տնային գործերն անում և ավարտում աշխատանքային ծրագիրը։ Առավել կարևոր հարցերից մեկը հետևյալն է. եթե այն ամենը, ինչ մենք ցանկանում եք, հաճույք ստանալն է, ինչո՞ւ է մարդկանց մի մասն իր կյանքի այդքան երկար հատվածը դժբախտ անցկացնում։
Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Գիտությունների ազգային ակադեմիայի «Proceedings» ամսագրում, փորձել է պատասխանել այդ հարցին։ Հետազոտողները նշել են, որ ի հակադրություն ընդունված կարծիքի՝ մենք ողջ ժամանակը չենք անցկացնում՝ գնալով այն զբաղմունքների ետևից, որոնք մեզ ստիպում են լավ զգալ։ Մենք մեզ լավ ենք զգում, երբ ձգտում ենք անել ոչ հաճելի գործեր, ինչպես, օրինակ, տան գործերը։ Հնարավոր է՝ մենք հրաժարվում ենք նրանից, ինչ մեզ անմիջապես երջանիկ կդարձնի, ավելի ձանձրալի գործերի պատճառով, որոնք կարող են մեզ բավարարվածության զգացում պարգևել երկար ժամանակով։
«Մեր դրական զգացմունքները կարող են դիտարկվել՝ որպես ռեսուրս։ Երբ այն չի բավականացնում, այն ավելացնելու կարիք ունենք, բայց երբ այն մեզ բավականացնում է, մենք կարող ենք այն օգտագործել՝ անելու համար շատ գործեր»,- ասել է հոգեբանության պրոֆեսոր, հետազոտության գլխավոր հեղինակներից մեկը՝ Ջորդի Քուոդբաչը։
Երջանկությունը նուրբ հավասարակշռություն է
Իրենց եզրակացություններին հանգելու համար հոգեբաններից, տնտեսագետներից և տվյալների մասնագետներից կազմված միջազգային խումբը մեկ ամիս օգտագործել է հավելված՝ դիտարկելու համար 28.000 եվրոպացիների տրամադրությունն ու գործողությունների ընտրությունը։
Հավելվածը մասնակցին նախ առաջարկում էր գնահատել իր տրամադրությունն այդ պահին՝ 0-100 գնահատման սխեմայով։ Մասնակիցները գնահատում էին իրենց տրամադրությունն օրվա տարբեր պահերին։ Ապա նրանց առաջարկվում էր ցանկից առանձնացնել այն, ինչ անում էին։
Զարմանալի չէ, որ այն, թե ինչպես էին մարդիկ իրենց զգում տվյալ պահին, մեծապես ազդում էր նրանց ընտրության վրա։ Երբ մարդիկ վատ էին զգում, նրանք ձգտում էին անել այնպիսի գործողություններ, որոնք օգնում են ավելի լավ զգալ։ Հակառակը, երբ հետազոտվողներն իրենց լավ էին զգում, ձգտում էին անել այնպիսի գործեր, որոնք, ըստ էության, այնքան էլ զվարճալի ու հաճելի չեն։
Այս ամենը նշանակում է, որ մեզանից շատերի համար երջանկությունը նուրբ հավասարակշռություն է։ Երբ մենք վատ ենք զգում, ընտրում ենք այնպիսի գործողություններ, որոնք կարճ ժամանակում բարձրացնում են մեր տրամադրությունը։
Երբ լավ ենք զգում, երկար ժամակակով բավարարվածության զգացում պարգևող գործողությունները գերադասում ենք հաճելի գործողություններից։ Հետազոտության հեղինակներից մեկը նշել է, որ այս եզրակացությունները կարող են կարևոր լինել նաև աշխատատուների համար։ Երբեմն դրական տրամադրվածությունն ու երջանկությունը կարող է ընկալվել՝ որպես արդյունավետ չաշխատելու հակում, սակայն հետազոտությունը ցույց է տալիս, որ դրական զգացմունքները կարող են միջոց լինել՝ մարդկանց «ստիպելու» ավելի արտադրողական լինել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը