«Էս ի՞նչ աշխատաոճ է». Միքայել Մելքումյանը՝ Ֆինանսների նախարարին
«Ես ներկայացրել եմ 101 առաջարկ, կարծես, 8-ն եք ընդունել»,- այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով նախագծի հիմնական զեկուցող, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Մ. Մելքումյանը դժգոհեց, որ անհասկանալի է, թե ընդունված առաջարկների մասով ինչեր են գրված. «Իսկ դուք նայե՞լ եք՝ այնտեղ, որ ընդունվել է, չասեմ՝ անհեթեթություն, բայց ինչե՞ր եք գրել։ Խնդրում եմ՝ ուշադիր նայեք և հավուր պատշաճի արձագանքեք»։
Պատգամավորը նաև անդրադարձավ նվազագույն աշխատավարձերի բարձրացման խնդրին՝ ասելով.
«Նվազագույն աշխատավարձի մասով ասում եք՝ «այսքան փող է պետք, որտեղի՞ց»։ Ինչի դուք կարծում եք, որ նվազագույն աշխատավարձը բարձրացնեք, լրացուցիչ պահանջարկ չի՞ ձևավորվելու, որ գնան այդ փողերը ծախսեն, հետո դրանցից հարկեր գան բյուջե, ու ունենանք տնտեսական ակտիվություն։ Նախորդ անգամ Դուք ասացիք, որ տույժ ու տուգանքների մասով ունեք շատ կոմպետենտ տեղակալ, որ իբր պետք է զանգ տար, քննարկեինք, չեղավ դա։ Էս ի՞նչ աշխատաոճ է, այսինքն՝ դուք մի բան եք հայտարարում, հետո դա չի արվում, դա նորմա՞լ եք համարում»,- ասաց նա։
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ Մ. Մելքումյանի հարցերին շատ կոմպետենտ ձևով պատասխանել են.
«101 հարցն էլ շատ մանրակրկիտ նայել ենք, և դուք նաև գիտությունների դոկտոր եք, ու պետք է շատ լավ տեղյակ լինեք՝ աշխատուժի շուկայի տեսությունը և էմպիրիկ վերլուծություններն ինչ են փաստում։ Եթե դու արհեստական, օրենքի միջոցով փորձում ես աշխատավարձ բարձրացնել, խեղում ես աշխատուժի շուկան, բոլոր էմպիրիկ վերլուծությունները դա են ասում։ Եթե ես բարձրացնում եմ նվազագույն աշխատավարձը, մյուս աշխատավարձերի վրա դա պե՞տք է անդրադառնա, թե՞ ոչ, իհա՛րկե պետք է լինի»,- ասաց նախարար Վարդան Արամյանը։
«Պարոն Արամյան, Դուք գիտությունների թեկնածու եք, չէ՞»,- արձագանքելով նախարարին՝ ասաց Մ. Մելքումյանը։ -Դուք ի՞նչ է, ուզում եք ստվերային տնտեսությունը մնա՞, չգիտե՞ք, որ նվազագույն աշխատավարձը, որ ֆիքսված է, մարդիկ այդքան չեն ստանում։ Դուք՝ որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, ձախողել եք ձեր 5-ամյա ծրագիրը»,- հայտարարեց Մ. Մելքումյանը։
Վ. Արամյանն էլ ասաց, որ, եթե իմանար՝ ստվերն ինչքան է, այն կդադարի ստվեր լինելուց. «Դրա համար ստվերը գնահատում են տարբեր առաջնորդող ինդիկատորների միջոցով և տարբեր գնահատականներով՝ դա 30-40 տոկոս է։ Մենք ասում ենք՝ արհեստական, օրենքով աշխատավարձերը բարձրացնելը կարող է ուղղակի խփել տնտեսվարողներին։ Մենք չպետք է այնպիսին քայլեր անենք, որ տնտեսվարողներին վատ վիճակի մեջ գցենք»։