«Եթե այս ամենը ճիշտ է, ապա մեր ժողովուրդը պետք է հստակ ճանաչի այն ողորմելի մարդկանց, որոնք…». «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի պատասխանը՝ Շաբոյանին

Ի պատասխան մամուլում ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի 16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածված հրապարակամների «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ն հարկ է համարում հանդես գալ պաշտոնական հայտարարտությամբ, որին կից կներկայացվի տեղեկանք՝ պարզաբանումներով:

ՏՄՊՀ-ի կողմից իրականացվող և երեք տարիներ տևած ստուգումները հենց սկզբից պատվերի տպավորություն էին թողնում, իսկ վերջին հրապարակումը իսպառ փարատեց բոլոր կասկածները: «Գյումրի -Գարեջուր» ՍՊԸ-ին վերագրվող «խախտոմները» հիմնավորված չեն, ինչը մանրամասն պարզաբանվում է կից ներկայացված տեղեկանքով, սակայն ուզում ենք անդրադառնալ նաև հարցի բարոյական կողմին և հարցնել, թե նմանատիպ գործողությունները եվ շաբոյանատիպ բութ գործիքների կիրառումը ինչ հետևանքներ կարող են ունենալ գործարար միջավայրի եվ ներդրումային մթնոլորտի վրա:

Ավելին, ապրիլյան պատերազմի օրերին, երբ ողջ հայությունը, այդ թվում «Գյումրի -Գարեջուր» ընկերությունը, միավորվելով մեկ միասնական գաղափարի շուրջ, զբաղված էր զոհերով, վիրավորներով և ռազմաճակատի խնդիրներով, Շաբոյանի հիմնարկը 12 հոգանոց խմբով ստուգում էր իրականացնում մեր ընկերությունում՝ ապշեցնելով ընկերության հանրույթին իրենց սառնասրտությամբ:

«Գյումրի -Գարեջուր» ընկերությունը մեկն է այն մի քանի ընկերություններից, որոնք գյումրիակենտրոն են և ունեն համապետական սպառում, ինչպես նաև իրականացնում են արտահանման ծրագրեր, և ընկերությունը համարվում է մարզի ամենախոշոր հարկատուն ու գործատուն. հիշեցնենք, որ վերջին 3 տարիների ընթացքում ընկերությունը վճարել է վեց միլիարդից ավել հարկ:

Մամուլում նաև վարկած շրջանառվեց, որ Շաբոյանի այս վերջին սրացումները կապված են ԱԺ գալիք ընտրությունների հետ, և եթե այս ամենը ճիշտ է, ապա մեր ժողովուրդը պետք է հստակ ճանաչի այն ողորմելի մարդկանց, ովքեր մանդատի համար պատրաստ են մարզի և Գյումրու սոցիալ- տնտեսական վիճակին այդպիսի հարված հասցնել:

18/11/2016թ.

«ԳՅՈՒՄՐԻ-ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ-ի կողմից

 Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կատարված հրապարակման վերաբերյալ

 ՏԵՂԵԿԱՆՔ

16.11.2016թ. տարբեր լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է գերիշխող դիրք զբաղեցնող «Գյումրի-Գարեջուր» ՍՊ ընկերության գործունեության հետ կապված խնդիրներ:

Հրապարակումների համաձայն՝ հանձնաժողովի ուսումնասիրություններից պարզվել է, որ ընկերության փաստաթղթերում նշված ծախսերն ուռճացված են և կրում են ձևական բնույթ՝ ընկերության իրացման ծավալները նվազել են շուրջ 17 տոկոսով, տրանսպորտային ծախսերը, որոնք անմիջականորեն կապված են իրացման ծավալների հետ, աճել են շուրջ 86 տոկոսով:

Ընկերությունը հարկ է համարում սույն տեղեկանքով անդրադառնալ հրապարակմամբ բարձրացված խնդիրներին առանձին-առանձին:

Նախ ցանկանում ենք նշել, որ հանձնաժողովի կողմից ընկերության նկատմամբ 2013թ.  կեսերից սկսած մինչև սույն թվականի օգոստոս ամիսը կարելի է ասել անընդհատ իրականացվել են վարչական գործողություներ՝ ընկերության գործունեությանը վերաբերվող տարաբնույթ հարցադրումներով: Իրականացված վարչարարության ընթացքում հարուցվել են մի շարք խնդիրներ, որոնք հանգեցրել են ընկերության բնականոն գործունեության խաթարմանը: Ընկերության նկատմամբ հարուցված խնդիրներին անդրադառնալն  ընկերությունը նույնպես էական է համարում, սակայն, մինչ այդ, նախ անդրադառնանք հրապարակումներում ընկերությանը վերագրված “խախտումերին” և դրանց հիմնավորվածությանը:

Այսպես, հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի՝ ստուգումների արդյունքներով ընկերության նկատմամբ 01.08.2016թ. կազմվել է ստուգման ակտ: Ակտով արձանագրված խախտումերի հետ համաձայն չլինելով՝ 10.08.2016թ. ընկերությունը վիճարկման հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Դատարանը 17.08.2016թ. որոշմամբ փաստել է, որ ստուգման ակտով ընկերության նկատմամբ պարտավորություններ չեն առաջադրվել և այն ընկերության համար հետևանքներ առաջացնող, միջամտող ակտ չի հանդիսանում:

Ակտի 3-րդ էջում հանձնաժողովն անդրադարձել է ընկերության ծախսերին, արտադրանքի ինքնարժեքի ձևավորման բաղադրիչներին և փաստել, մեջբերում ենք “ստուգումից պարզել է, որ ինքնարժեքի բարձրացումը հետևանք է ինքնարժեքի բաղադրիչ հանդիսացող տարրերից կոմունալ ծախսերի (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, աղբահանություն և այլն), մաշվածքի և արտադրական սպասարկման և ընթացիկ նորոգման ծախսերի ավելացման, որ հանգեցրել է ընկերության շահույթի և շահութաբերության նվազմանը:  …… Այսպիսով` ստուգումից պարզվել է, որ ընկերության արտադրանքի իրացման ծավալների կրճատումը, որն ուղեկցվել է այդ արտադրանքի ինքնարժեքի տարրեր հանդիսացող որոշակի ծախսային հոդվածներով ծախսերի ավելացմամբ, ազդել է արտադրանքի գնագոյացման վրա և նույնիսկ այդ արտադրանքի իրացման գների որոշակի բարձրացումից հետո էլ հանգեցրել է ընկերության շահույթի և շահութաբերության նվազմանը: Ընկերության կողմից արտադրանքի իրացման գների բարձրացումը չի հանգեցրել “Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին” ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի ժ) ենթակետի հատկանիշներով նախատեսված խախտմանը” մեջբերման ավարտ:

Նշված նորմերը վերաբերվում են ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը:

Ստուգման ակտի մեջբերված հատվածից հետևում է, որ հանձնաժողովը ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի չհիմնավորված բարձրացում չի հայտնաբերել, հակառակը՝ փաստել է, որ ինքնարժեքի բարձրացումը հետևանք է օբյեկտիվ պատճառների՝ ինքնարժեքի բաղադրիչ հանդիսացող տարրերից կոմունալ ծախսերի (գազ, էլեկտրաէներգիա, ջուր, աղբահանություն և այլն), մաշվածքի և արտադրական սպասարկման և ընթացիկ նորոգման ծախսերի ավելացման: Ինչպես տեսնում ենք, այլ ծախսերի, մասնավորապես տրանսպորտային ծախսերի աճի մասին խոսք չի գնում ստուգման ակտով:

Այստեղ պետք է նշենք, որ ստուգման ակտը ընկերությունում երեք տարուց ավելի իրականացված վարչարարության արդյունքում ընկերության գործունեության վերաբերյալ հանձնաժողովի կողմից ընդունված միակ փաստաթուղթն է: Հանձնաժողովի հետևություններ կամ եզրահանգումներ պարունակող այլ փաստաթուղթ չի կազմվել և ընկերությանը չի հանձնվել:

Հետևաբար, անհիմն է այն պնդումը, թե ընկերությունը կատարել է ուռճացված տրանսպորտային ծախսեր, այն դեպքում, երբ ընկերությունում հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումների արդյունքում նման բան չի արձանագրվել:

Ընկերությունը որևէ փոխկապակցված անձի տրանսպորտային միջոցներ չի հանձնել և վարձակալությամբ նույն այդ տրանսպորտային միջոցները չի վերցրել: Հանձնաժողովը փոխկապակցվածության մասին վկայակոչելով առնվազն պետք է վկայակոչեր, թե որ հանգամանքներն են վկայում փոխկապակցվածության մասին և ի վերջո, որ կազմակերպության հետ է ընկերությունը փոխկապակցված:

Հանձնաժողովի մյուս հետևությունը նույնպես հիմնավորված չէ:  Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրան, որ ընկերության կողմից հանձնաժողովին են ներկայացվել մարքեթինգային ծառայությունների մատուցման հաշվետվությունները, որոնք, ի դեպ, ծավալուն և մանրամասն տեղեկություններ են պարունակում համապատասխան ծառայությունների վերաբերյալ: Մարքեթինգային, ինչպես նաև տրանսպորտային ծախսերի վերաբերյալ ներկայացվել են անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված փաթեթները, որոնց վերաբերյալ համաձայն ստուգման ակտի որևէ առարկություն հանձնաժողովը չի ունեցել: Հանձնաժողովը չի նշել, որ դրանք որևէ ազդեցություն են ունեցել ինքնարժեքի ձևավորման վրա: Այն, բաղադրիչները, որոնց աճը պայմանավորել են ինքնարժեքի բարձրացումը, ընդ որում հիմնավորված, ստուգման ակտով հանձնաժողովը բավական հստակ և կատեգորիկ նշել է, այն է՝  ինքնարժեքի բարձրացումը հետևանք է ինքնարժեքի բաղադրիչ հանդիսացող տարրերից կոմունալ ծախսերի (գազ, էլեկտրաէներգիա, ջուր աղբահանություն և այլն), մաշվածքի և արտադրական սպասարկման և ընթացիկ նորոգման ծախսերի ավելացման: Սա իր հերթին նշանակում է, որ տրանսպորտային և մարքեթինգային ծախսերի անհիմն լինելու կամ ինչպես հանձնաժողովն է արտահայտվել, արհեստականորեն բարձրացված ծախսերի մասին հանձնաժողովը չէր կարող նշել, քանի որ այդ հետևությունը ուղղակիորեն հակասում է ստուգման ակտով հանձնաժողովի եզրահանգմանը:

“Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին” ՀՀ օրենքով սահմանված են  հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակները և այն գործառությունները, որոնք իրավասու է իրականացնել հանձնաժողովը:

Առկա չէ մի նորմ, որը հանձնաժողովն իրավասություն է վերապահում տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունների վերաբերյալ գնահատականներ տալ: Այդպիսի իրավասությունները վերապահված են հարկային մարմիներին և ավելորդ չենք համարում նշել, որ ՀՀ սահմանադրությամբ ուղղակիորեն արգելվում է պետական որևէ մարմնի իր լիազորություններից դուրս գործողություններ կատարել կամ վարքագիծ դրսևորել:

Ստացվում է, որ ստուգման ակտով տրված եզրահանգումներին ուղղակիորեն հակասող դիրքորոշում է հրապարակվել հենց հանձնաժողովի կողմից:

Թեպետ այս ամենը տեղավորվում է ընկերության նկատմամբ իրականացված վարչարարության տրամաբանության մեջ:

13.07.2013թ. սկսած ընկերությունից պահանջվել են մեծածավալ տեղեկություններ, փաստաթղթեր և նյութեր, սահմանվել դրանց տրամադրման համար աներևակայելի կարճ ժամկետներ՝ 5 օր, 10 օր: Ամեն անգամ այս ամենի հետ մեկտեղ հանձնաժողովը, ըստ էության սպառնացել է մինչև հինգ միլիոնի չափով տույժի ենթարկել ընկերությանը՝ հանձնաժողովի պահանջները չկատարելու կամ թերի  կատարելու դեպքում:

Ամեն անգամ ընկերության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ, ընդ որում, ընկերության ընթացիկ գործունեության անմիջական կառավարում իրականացնող անձինք՝ գործադիր մարմնի ղեկավար, ստորաբաժանումերի ղեկավարներ, հաշվապահ, իրենց աշխատանքային պարտականությունները թողած, զբաղվել են հանձնաժողովի պահանջները կատարելով: Այս պահանջները վերաբերվել են գարեջրի ինքնարժեքի բաղադրիչների, ծավալների, ծախսերը հիմնավորող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելուն: Ընդ որում, հիմնականում պահանջվել են նաև տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի պատճենները՝ անկախ դրանց ծավալից:

Տեղեկություններ, հիմնավորումներ, պարզաբանումներ և/կամ փաստաթղթեր ներկայացնելու պահանջներ են եղել կամ վարչական վարույթներ են հարցվել 13.07.2013թ., 02.09.2013թ. 17.09.2013թ., 28.11.2016թ., 01.09.2014թ., 05.05.2015թ., 26.10.2015թ., 26.01.2016թ., 01.02.2016թ., իսկ 30.03.2016թ. հանձնաժողովի նախագահի հրամանով սկսվել են ստուգումներ, որոնք ավարտվել են 01.08.2016թ. ստուգման ակտի ընդունմամբ:

Շուրջ չորս տարի ձգվող վարչարարական գործողություների, դրանց հաջորդականության արդյունքում հանձնաժողովը իր համար ցանկալի արդյունքի չհասնելու հետևանքով այժմ անցել է սպառնալիքների նոր ձևերի:

Այս ամենին կարելի է մեկ բնորոշում տալ և ամփոփել մեկ արտահայտությամբ.  2013 թվականից ընկերության նկատմամբ հանձնաժողովը բանեցնում է վարչական մտրակ:

«Գյումրի Գարեջուր» ՍՊԸ
18/11/2016թ.

Տեսանյութեր

Լրահոս