Կարեն Կարապետյանի կողմից կուսակցությանն անդամակցելու հայտ չի ներկայացվել
ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ փոխնախագահին փոխելու հարցը չի քննարկվել, ավելին` վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից կուսակցությանն անդամակցելու հայտ չի ներկայացվել:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, որ Կարեն Կարապետյանը դառնալու է ՀՀԿ փոխնախագահ՝ հենց Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն:
«Իմ իմանալով մամուլը չի նշանակում, հանում կամ դնում»,- ասաց նա` խոստանալով ՀՀԿ ԳՄ-ում քննարկման դեպքում տեղեկացնել։
Ըստ նրա` ՀՀԿ փոխնախագահ դառնալու համար տարիքն էական չէ, կարևորը` խելք լինի:
Ռ. Զոհրաբյանը նկատեց, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի հետ վաղուց է համագործակցում.
«Վարչապետը նախկինում քաղաքապետ է եղել և ՀՀԿ-ի ցուցակով է եղել, այնպես որ, նորություն չի, որ նա ՀՀԿ-ի հետ համագործակցում է»:
Անդրադառնալով իր հետագա գործունեությանը, արդյոք նորից ներկա կլինի՞ հաջորդ խորհրդարանում, Ռ. Զոհրաբյանը նշեց, որ, եթե կուսակցությունն անհրաժեշտություն գտնի, որ ինքը պետք է լինի ԱԺ-ում՝ կլինի, եթե ոչ, ապա դրանից չի նեղվի։
ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, որ կուսակցությունը տարիներ շարունակ բարեփոխումների մեջ է:
Նա կտրականապես չհամաձայնեց, որ հասարակությունն այլևս չի ընդունում ՀՀԿ-ին:
«Անտագոնիզմ չկա, այս 25 տարվա մեջ, որ իշխել է երկրում, սկզբում ՀՀՇ-ն է եղել, հետո ՀՀԿ-ն»,- ասաց նա: