Բաժիններ՝

Վանաձորում առաջին անգամ անցկացվեց BarCamp չկոնֆերանսը՝ «Դըբա լավը»

Նոյեմբերի 6-ին առաջին անգամ Վանաձորում անցկացվեց BarCamp չկոնֆերանսը, որն ուներ «Դըբա լավը, դըբա Բարքեմփ» կարգախոսը:  Տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանակներում անցկացվող BarCamp չկոնֆերանսն անցկացվում էր Վանաձորի նորաբաց տեխնոլոգիական կենտրոնում:

BarCamp Վանաձորի կազմակերպիչ Կարեն Տերտերյանի խոսքով՝ Վանաձորում չկոնֆերանսի կազմակերպումը երազանք էր, որը վերջապես հնարավոր եղավ իրագործել: «ԲարՔեմփ» անցկացվել է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, և Կարեն Տերտերյանը հույս է հայտնում, որ Հայաստանի այլ քաղաքները ևս կմիանան այս շարժմանը:

«Եթե դուք ունեք ցանկություն, ապա մենք գալիս ենք ձեր քաղաք: «ԲարՔեմփ» կազմակերպելը տեղի ակտիվ երիտասարդների գործն է: Եթե կա գաղափար, եթե կա ցանկություն և նպատակ, ապա թե՛ «ԲարՔեմփ» Երևանի, թե՛ «ԲարՔեմփ» Գյումրիի և թե՛ արդեն «ԲարՔեմփ» Վանաձորի թիմերը պատրաստ են ցուցաբերել իրենց աջակցությունը, ինչպես տեղի ունեցավ այս անգամ»,- նշում է Կարեն Տերտերյանը:

Վանաձորի նորանշանակ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ «ԲարՔեմփը» տեղի երիտասարդության համար ավելի զարգանալու ու Հայաստանի համար շատ կարևոր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջխաղացում ունենալու համար շատ լավ հնարավորություն է:

«ԲարՔեմփ»  Վանաձորին մասնակցում էին ոչ միան տեղի երիտասարդները, այլև մեծաթիվ հյուրեր Գյումրիից և Երևանից:

Այս անգամ ելույթներից շատերն ուղղված էին տեղեկատվական անվտանգությանը, IT ոլորտի մութ   կողմերին,  հաջողված նախագծեր ստեղծելու գաղտնիքներին, նոր մեդիաներին, սոցիալական ցանցերին, բլոգոսֆերային, Web 2.0-ին և 3.0-ին, ստարտափներին, բաց կոդերին, մոբայլ հավելվածներին և այլն:

Հրավիրված բանախոսների թվում էին ինտերնետ անվտանգության և ոլորտի այլ  մասնագետներ՝ Սամվել Մարտիրոսյանը, Արթուր Պապյանը, Անդրանիկ Վարդանեանը, Նարեկ Մանասերյանը և այլք:  Բացի հրավիրված բանախոսներից,  մեծ թիվ էին կազմում նաև բանախոսները, ովքեր ելույթ էին ունենում սեփական նախաձեռնությամբ:

14962635_1425483210812311_5742493476742094563_n

Հիշեցնենք, որ «ԲարՔեմփ»  են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ «ԲարՔեմփերը» սկսել են անցկացնել  2005 թվականից և ի սկզբանե ունեցել են ոչ միայն տեխնոլոգիական ուղղվածություն, այլև վերաբերել են  վաղ շրջանի համացանցային ծրագրերին և դրանց հետ փոխկապակցված բաց կոդով (open source) տեխնոլոգիաներին, սոցիալական ցանցային պրոտոկոլներին և տեղեկատվության բաց ֆորմատներին։ «ԲարՔեմփի» ֆորմատը նաև օգտագործվել է այլ կարգի բազմազան թեմաներ ներկայացնելու, քննարկելու նպատակով, այդ թվում՝ հանրային փոխադրամիջոցների, առողջապահության, հոգեբանության,  կրթության, մարդու իրավունքների և այլ ոլորտների:

Ինչպես ընդունված է բարքեմփերի ժամանակ, Վանաձորում ևս գործում էր ոտքով քվեարկության կանոնը. եթե ելույթը դուր չի գալիս մասնակիցներին, ապա նրանք կարող են պարզապես դուրս գալ դահլիճից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս