«Այսօր հոգեբուժարանում գտնվող անձանց ընդամենը 30 տոկոսը պետք է լինեին հոգեբուժարաններում». Լարիսա Մինասյան
«Մարդու իրավունքները խոցելի խմբերի համար մշտապես եղել են պրոբլեմատիկ, և մեր հիմնադրամի և բազմաթիվ մարդու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունների միսիայի կենտրոնում»,- այսօր Հայաստանում Առողջապահական իրավունքի առաջին միջազգային համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց «Բաց հասարակության հիմնադրամների» տնօրեն Լարիսա Մինասյանը։
Հիշեցնենք, որ Համաժողովն անց է կացվում «Իրավունքի զարգացման կենտրոն» և «Առողջապահական և սոցիալական իրավունքների պաշտպանության գիտաուսումնական կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից՝ «Բաց հասարակության հիմնադրամների» հովանավորությամբ:
Լ. Մինասյանը նշեց, որ խոցելի խմբերի հետ աշխատելիս հասկացել են, որ կան նաև համակարգային խնդիրներ, որոնց հետազոությունը, խնդիրների վերհանումը և դրանց լուծումների եղանակներն արդեն երկար ժամանակ պատրաստվում են, հետազոտվում են. «Այսօր մենք շատ ուրախ ենք, որ այս լայն պրակտիկ բժիշկների, բուժաշխատողների, իրավաբանների հետ մենք կարող ենք քննարկել դրանք։ Այսօր արդեն կա մի շատ ուրախալի լուր, որ ամոքիչ բժշկության ռազմավարությունը, որը նաև ի շնորհիվ այս կազմակերպությունների և մեր հիմնադրամի աջակցությամբ մշակվել է, արդեն կառավարությունում է»։
Ներկայացնելով որոշակի վիճակագրական տվյալներ՝ Լ. Մինասյանն ասաց, որ այսօր ուժեղ ցավը (որը մշտապես կա մի շարք հիվանդությունների՝ առաջինը՝ քաղցկեղի դեպքում) բուժելու, ամոքելու հնարավորություն ունեն այդ ցավից տառապողների ընդամենը 3 տոկոսը. «Այդ դեղամիջոցների թե՛ հասանելիության, թե՛ դուրսգրման, թե՛ քանակի հետ մենք ունենք խնդիրներ, բայց ամենակարևորը, որ մենք ունենք դրանց հետ օրենսդրական խնդիրներ, պատկերացրեք, որ հոգեկան առողջության խնդիրներով տառապող և հոգեբուժարանում գտնվող անձանց ընդամենը 30 տոկոսը պետք է լինեին հոգեբուժարաններում։ Մարդիկ կարող են ապրել լիարժեք, լիակատար կյանքով, բայց մենք չունենք այդ հնարավորությունը»։