«Կարծում եմ՝ սա ոլորտում լրջագույն քայլ կլինի». Հայաստանում մեկնարկել է առողջապահական իրավունքի առաջին միջազգային համաժողովը
Այսօր Հայաստանում մեկնարկել է առողջապահական իրավունքի առաջին միջազգային համաժողովը, որն անց է կացվում «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով: Նպատակն է՝ քննարկել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը, առողջապահության օրենսդրության զարգացման միտումները Հայաստանում և մասնակից պեություններում, վեր հանել առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները և խոչընդոտները, մարդու իրավունքների խոչընդոտները և համատեղ մշակել առաջարկություններ առողջապահության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու և պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ամրագրելու ուղղությամբ:
Նշենք, որ Համաժողովն անց է կացվում «Իրավունքի զարացման կենտրոն» և «Առողջապահական և սոցիալական իրավունքների պաշտպանության գիտաուսումնական կենտրոն» հասարակական կազմակերությունների կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամների հովանավորությամբ: Համաժողովին աջակցում են նաև Արդարադատության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամը և «Save the Children» կազմակերպությունը:
Համաժողովի մեկնարկին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առողջության մասին խոսելիս՝ դժվար է գտնել մեկին, ով չգիտակցի այդ երևույթի կարևորություն: Նա նշեց, որ պատահական չէ, որ, եթե մարդու առողջությունը հավուր պատշաճի է, շատ այլ խնդիրներ երկրորդական են դառնում: Ըստ նախարարի՝ առողջության պահպանման իրավունքը կենտրոնական տեղ է զբաղեցնում, մյուս բոլոր իրավունքները շաղկապված են այս իրավունքին կամ ստորադասվում են այս իրավունքին:
«Այս թեման հոգեհարազատ է նաև ինձ համար, քանի որ դեռևս խորհրդարարանում եղած ժամանակ մի շարք համաժողովների եմ մասնակցել տարբեր երկրներում, խոսել, ներկայացրել եմ այս խնդիրները, կարծում եմ՝ մի փոքր չափով վաստակել եմ իրավունք ոչ միայն՝ որպես արդարադատության նախարար խոսելու, այլև՝ այդ իրավունքների պահպանման ջատագով»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով էլ՝ այսօր, առավել քան երբևէ, առողջապահության ծառայությունների և քաղաքացիներին դրանց հասանելիության իրավունքների ապահովման տեսանկյունից շատ կարևոև հանգրվանում ենք գտնվում:
Նախարարը նշեց, որ, ոչ միայն՝ կառավարության, այլև՝ մի շարք գործընկերների աջակցությամբ իրենք աշխատում են, որ այդ ծառայություններն ավելի մատչելի դառնան. «Որդեգրել են մի մոտեցում, որ պետք է իրականացնենք առաջին հերթին՝ կանխարգելման աշխատանք: Նրանք, ովքեր դիմում են հաշմանդամություն ճանաչելու կամ ձեռք բերելու հարցերով, այստեղ իսկապես խնդիր է դառնում, որ մենք առաջին հերթին՝ ճանաչում ենք հաշմանդամությունը, հետո՝ ծառայություններ ենք մատուցում, ինչը շատ խնդրահարույց է: Մոտեցում ենք որդեգրել Առողջապահության նախարարության հետ, որը փորձելու ենք առաջիկայում ներդնել, ոչ թե՝ ճանաչենք հաշմանդամությունը՝ նոր մատուցենք ծառայություն, այլ՝ կանխարգելենք այդ հաշմանդամությունը: Սա, կարծում եմ՝ ոլորտում լրջագույն քայլ կլինի»:
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ նշեց, որ այն խնդիրները, որոնք վերաբերում են առողջապահության իրավունքին, բազմաթիվ են. «Այս դաշտում մենք դեռ շատ անելիքներ ունենք: Իդեալական դաշտ իրավական կարգավորման գոյություն չունի, այս դաշտն անընդհատ կատարելագործելու խնդիրներ է առաջադրում, հասկանում ենք, որ կան բազմաթիվ բացեր, որոնք պետք է լրացվեն»:
Բաց հասարակության հիմնադրամների տնօրեն Լարիսա Մինասյանն էլ ասաց, որ ունենք իրավիճակ, երբ սաստիկ ցավից մարդիկ տառապում են, իսկ ՄԱԿ-ի մոտեցումն այն է, որ նման ցավը չբուժելը, չամոքելը հավասար է խոշտանգմանը. «Հասկանալով նման իրավիճակը՝ չենք կարող թողնել այնպես, ինչպես կա»: