Բաժիններ՝

«Նաիրիտի» գլխավոր տնօրենին փոխում են. Ի՞նչ առաքելություն է իրականացնելու իրանական կեղծ գործարքի համահեղինակը

«Նաիրիտի» համակարգող խմբից 168.am-ին տեղեկացրին, որ գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու է Ռաֆիկ Սանդոյանը, որը նախկինում գլխավոր տնօրենի իրավական գծով խորհրդականն էր: Այս պաշտոնը Սանդոյանը զբաղեցրել է այն տարիներին, երբ տեղի էր ունեցել հերթական մութ պատմությունը` օֆշորային գոտում գրանցված իրանական «Նումարդ թրեյդինգ» ընկերության հետ կապված:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Նաիրիտ» գործարանում անցկացված ստուգումների արդյունքում բացահայտումներից մեկը «Նումարդ թրեյդինգի» հետ կապված «խաղերն» էին: Մասնավորապես՝ 2009 թ. հուլիսին այս ընկերությունը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում էր ներկայացրել` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից 4 մլրդ 949 մլն դրամ բռնագանձելու պահանջով, որպես չկատարված պարտավորության փոխհատուցում, և գործը քննող դատավոր Արա Կուբանյանը բավարարել էր ընկերության միջնորդությունը՝ պետտուրքից ազատելու կամ տարաժամկետելու վերաբերյալ, և հայցադիմումը վարույթ էր ընդունել` առանց տուրքի վճարման անդորրագրի:

Պետական տուրքն առաջին ատյանում կազմում է հայցապահանջի գումարի 2%-ը, տվյալ դեպքում՝ 98 մլն դրամ: 2010 թ. սեպտեմբերին դատավոր Կուբանյանը բավարարել էր հայցը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ «Նումարդ թրեյդինգի» բռնագանձել 4 մլրդ 949 մլն դրամ, միաժամանակ որոշել էր «Նաիրիտ» գործարանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետտուրքի գումար՝ նշված 98 մլն դրամը:

Իրադրությունը փոխվեց Ֆինանսների նախարարության ստուգումների ու «Հետքի» աղմկահարույց բացահայտումներից հետո, երբ ավելի քան 1 տարի անց «Նաիրիտը» բողոքարկեց և շահեց դատը:

Կարդացեք նաև

Վերաքննիչը գործը բեկանել էր և 2012 թ. մայիսին ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության համար, որտեղ արդեն անցած տարի նոյեմբերին վճռվել էր «Նումարդ թրեյդինգից»` հօգուտ ՀՀ պետբյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել ավելի քան 247.5 մլն դրամ, որից 98 մլն դրամը՝ չվճարված պետական տուրքի գումարն է: Այս բռնագանձումն, իհարկե, չարվեց, քանի որ օֆշորային ընկերության հետք անգամ բռնել ԴԱՀԿ-ն չկարողացավ:

Եվ ահա այժմ «Նաիրիտի» ղեկավարումը հանձնում են մի մարդու, որը սերտ առնչություն է ունեցել այս կոռուպցիոն պատմության հետ: Այն էլ այն ժամանակաշրջանում, երբ «EU-ASIA buisness finance centre» միջազգային հոլդինգը դիմել է ՀՀ կառավարությանը` գործարանի ղեկավարումը ստանձնելու և ներդրումներ իրականացնելու համար:

Ընդ որում` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում գործարանի վերագործարկման համար ներկայացված ծրագիրն արժանացել է հավանության և սպասվում է, որ 1 ամսվա ընթացքում նոր զարգացումներ կլինեին:

Գլխավոր տնօրենի այս փոփոխությունը, թերևս, վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները բոլորովին նպատակ չունեն «Նաիրիտին» նոր կյանք տալ, այլ փորձում է խրտնեցնել պոտենցիալ ներդրողներին: Հակառակ պարագայում՝ եթե մտադիր են բանակցել հոլդինգի հետ, ապա ի՞նչ անհրաժեշտություն կար մեկ ամիս առաջ գլխավոր տնօրեն փոխելու: Ընդ որում` հոլդինգի ներկայացրած ծրագիրը չի կարող բացասական գնահատականի արժանանալ և մերժվել կառավարության կողմից, քանի որ դա նույն կառավարության կողմից վարձված անգլիական Jacobs ընկերության կազմած ծրագիրն է:

Իսկ թե կառավարությունն իրականում ի՞նչ նպատակ ունի «Նաիրիտի» վերաբերյալ, կերևա արդեն շատ կարճ ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս