«Այն ուժերը, որոնք կծառայեն իշխանությունների համար՝ որպես ընդդիմադիր, որևէ կերպ մեր համագործակցության տեսադաշտում չեն լինի»

«Թե՛ ԱԺ ամբիոնից, թե՛ տարբեր հարցազրույցներով մենք հայտնել ենք մեր համոզմունքն առ այն, որ այն Ընտրական օրենսգիրքը, որով տեղի են ունենալու 2017թ.-ի ընտրությունները, դառնալու են տարբեր ռեսուրսների, ադմինիստրատիվ ու ֆինանսական միջոցների մրցակցություն»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով՝ նման ահռելի միջոցների մեր երկրում տիրապետում են միայն իշխանական և նրանց մոտ կանգնած որոշ ոչ իշխանական քաղաքական ուժեր: Ըստ մեր զրուցակցի՝ հենց տարածքային ռեյտինգային ցուցակները լինելու են այն ցուցանիշները, որոնց միջոցով ամեն մեկը, ով տիրապետում է նշված ռեսուրսներին, չափելի արդյունք է ապահովելու տվյալ ուժերին և սրանով իսկ մատուցելու է իր «ծառայությունը»  տվյալ ուժերին՝ ապահովագրելով իր ունեցած դիրքը:

«ՏԻՄ ընտրություները ցույց տվեցին, որ նման ռեսուրսի Հայաստանի ամբողջ տարածքով չի տիրապետում և ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ՝ առանձին վերցրած: Հակառակը ևս ապացուցվեց՝ այսպիսի ռեսուրսների տիրապետում է միայն ՀՀԿ-ն: Չհասկանալ վերոգրյալը, նշանակում է՝ դատապարտված լինել ձախողման: Եթե տվյալ իրողության վրա ազդելու և այն փոխելու հնարավորություն չունես, պետք է հասկանալ, որ նման ռեսուրսների բացակայության դեպքում որոշակի կոմպենսացիա կարող է ապահովել ընդդիմության միավորումը:

«Լուսավոր Հայաստանն» այն քաղաքական միավորն է, որը, բացի այն, որ հստակ հասկանում է այս իրողությունը, նաև վարում է ներառական քաղաքականություն՝ միավորելու իշխող քաղաքական ուժի տեսլականից տարբերվող տեսլական ունեցող քաղաքական ուժերի: Տարբեր հարթակներում մենք փորձել ենք քաղաքական ուժերի ուշադրությունը դարձնել այս հանգամանքների վրա՝ միավորման հնարավորությունը մատնանշելով որպես հնարավոր լուծում՝ թույլ չտալու, որ ապագա ԱԺ-ի 70-80%-ը զբաղեցնեն նույն տեսլականը կիսող իշխանական և դրան հարող քաղաքական ուժերը»,- նշեց մեր զրուցակիցը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով այս պահին ընթացող հնարավոր բանակցություններին և քննարկումներին՝ Մ. Թանդիլյանը նշեց, որ սա այն փուլն է, երբ պետք է հստակ հասկանալ քաղաքական դաշտում առկա քաղաքական տարբեր ուժերի դիրքորոշումն այս հարցում, որպեսզի հանդիպումները և բանակցությունները թիրախավորված, ըստ էության և արդյունավետ լինեն. «Այդ նպատակով մենք ուշադիր հետևում ենք նաև այլ քաղաքական ուժերի դիրքորոշումներին, ճշտում նրանց մոտեցումներն այս կամ այն հարցի շուրջ»:

Հարցին, թե ՀԱԿ և «Հանրապետություն» կուսակցություններն արդեն հայտարարել են, որ պատրաստ են դաշինքներով ներկայանալ խորհրդարանական ընտրություններին, իրենցից ո՞րի հետ եք դուք պատրաստ համագործակցել, և արդյոք արդեն չկա՞ որոշակի գործընթաց այդ առումով՝ Մ. Թանդիլյանն այսպես պատասխանեց.

«Մենք դիտարկում ենք այն քաղաքական ուժերին, որոնք գիտակցում են չմիավորվելու և ձայներ փոշիացնելու վտանգը և դրա հետևանքները: Ինչպես նաև համարում ենք, որ կարող ենք համատեղ աշխատել այն ուժերի հետ, ովքեր կիսում են լիբեր գաղափարներ, ինչպես որ «Լուսավոր Հայաստանը», և Հայաստանի զարգացումը տեսնում են մարդակենտրոն պետություն կառուցելու մեջ, որտեղ մարդու իրավունքները, ազատություններն ու նշանակությունը կլինեն ոչ թե գեղեցիկ ու «փող բերող» խոսքեր ու գաղափարներ, այլ պետության և տնտեսության հիմնասյունը:  Այս ընթացքում հնարավորություն կունենանք հանդիպելու ձեր նշած, ինչպես նաև այլ ուժերի հետ, և եթե միավորման ընդհանուր պլատֆորմը դառնա հնարավոր, այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք հանրությանը»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ «Լուսավոր Հայաստանը» չի պատկերացնում համագործակցությունը, և Վանաձորի ընտրություններից հետո արդյոք էլի պատրա՞ստ եք համագործակցել «Հայկական վերածնունդի» և ԲՀԿ-ի հետ։ Ի պատասխան՝ Մ. Թանդիլյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» ՀՎԿ-ի և ԲՀԿ-ի հետ հուշագիր է ստորագրել բացառապես Վանաձորում տեղական մակարդակով ՀՀԿ-ին ընդդիմադիր դարձնելու ռեալ հնարավորությունն իրողություն դարձնելու նպատակով, որը, իրենց համոզմամբ՝ էական էր Վանաձորում զարգացում ապահովելու համար:

«Ապա, դրանից հետո, ամեն քաղաքական միավոր, որը ստորագրել էր այդ հուշագիրը, ստանձնելու էր Վանաձորի զարգացման որոշակի պատասխանատվություն՝ ըստ իրեն վստահված ձայների համամասնության, այն է՝ power sharing: Սրանով ցանկանում եմ մատնանշել, որ այս համագործակցությունը ստեղծված իրողության շուրջ էր և արտացոլում էր վանաձորցու քվեն: Սա հետընտրական գործընթաց էր:

Նման իրողությունը քիչ հավանական է՝ որպես հետընտրական իրավիճակ, եթե չասեմ՝ անհնար է: Մեկ բան հստակ է՝ այն ուժերը, որոնք կծառայեն իշխանությունների համար՝ որպես ընդդիմադիր, որևէ կերպ մեր համագործակցության տեսադաշտում չեն լինի: Իսկ թե որոնք են դրանք, պարզ կտեսնեք միավորումների գործընթացի ժամանակ»,- նշեց Մ. Թանդիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս