Բաժիններ՝

«Հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար». Կարեն Կարապետյան

«Մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ՝ նախանշված ցուցանիշներն ապահովելու համար»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ հաջորդ տարվա համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2% աճ:

Ըստ նրա` այդ ցուցանիշին հասնելու համար, հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը, կառավարությունից բավական ջանքեր կպահանջվեն:

Կ. Կարապետյանի խոսքով` վերջին 2 տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որը պայմանավորված է թե’ ՌԴ տնտեսական անկմամբ և թե’ պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ.

«Այս իրավիճակում տնտեսական աճ ու կայունություն ապահովելու համար անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ 2017 թվականին կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար, բայց քանի որ պետական պարտքի մասին ՀՀ օրենքով սահմանափակումներ կան, ապա հաջորդ տարվա բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցում:

Ըստ վարչապետի` բյուջեն կազմելու հիմքում դրվել է տնտեսությունը չխեղդող, բայց միևնույն ժամանակ հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ.
«Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք են ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումները»,-ասաց նա:

Վարչապետ Կ.Կարապետյանը կարևորեց հարկաբյուջետային քաղաքականության թափանցիկ ու հրապարակային իրականացումը, որպեսզի հասկանալի լինի յուրաքանչյուր հարկատուի ու հասարակության անդամի համար:

Նրա կարծիքով` կառավարության մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար.

«Մակրոտնտեսական ցուցանիշներից ելնելով՝ կառավարությունն ունի սահմանափակումներ, իսկ այդ սահմանափակումներից ելնելով՝ ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է դրվել 2017 թվականի բյուջեի հիմքում, որպեսզի չունենանք դեֆիցիտի ավելի աճ, քան սահմանափակումներն են թելադրում, և բիզնեսի ու գործարար աշխարհին մաքսիմալ չճնշող միջավայր լինի: 2017 թվականի համար պետք է ստեղծենք նորմալ պլատֆորմ, որպեսզի ակնկալենք ավելի աշխույժ տնտեսական վիճակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս