«Հալեպի մեջ այսօր ապահով թաղամաս, շրջան կամ փողոց չկա». Սիրիահայեր
«Այսօրվա դրությամբ Հալեպի մեջ ապահով թաղամաս, շրջան կամ փողոց չկա: Այս հասկացությունը գոյություն չունի Հալեպի մեջ: Այս է հիմնական խնդիրը, որին մենք այնտեղ փորձում ենք դիմագրավել», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասում է Սիրիայում գործող «Սիրիահայերի շտապ օգնության և վերականգնման» հ/կ մամուլի խոսնակ Մարիա Գաբրիելյանը:
Սիրիայում տիրող ռազմական գործողությունների արդյունքում պատերազմից տուժած սիրիահայերը բազմաթիվ ու տարատեսակ օգնությունների կարիք ունեն:
«Առաջին խնդիրը, որ ծառացավ մեր առջև, տնտեսական էր, որովհետև Հալեպի ամենահայաշատ թաղամասը՝ Նոր Գյուղը, գտնվելով սահմանամերձ շրջանում, գրավվեց ահաբեկիչների կողմից և ամենաշատ ռմբակոծության ենթարկված տարածքներից մեկը դարձավ:
Նոր Գյուղում էին մեկտեղված հայկական գրեթե բոլոր արհեստագործական կենտրոնները և, բնականաբար, դեպքերի նման զարգացման հետ մենք կորցրեցինք մեր տնտեսական կայունությունն ապահովող գլխավոր շրջանը, էլ չասենք, որ Նոր Գյուղում են տեղակայված և գործում հայկական չորս վարժարաններ, միակ հայկական տպարանը, մանկապարտեզը, երկու եկեղեցի և այլն»,- պատմում է բանախոս Մարիա Գաբրիելյանը:
Այսօր Սիրիայի արևմտյան շրջանն իր ողջ թաղամասերով ռմբակոծության թեժ կետի է վերածվել, այդ թվում՝ նաև հալեպահայության երկրորդ հայաշատ կենտրոնները՝ Խրախայի և Դեր Զորի շրջանները:
«Այս առումով երկրորդ կարևորագույն խնդիրը, որ ծառացել է հալեպահայության առաջ՝ անվտանգության հարցն է, որի երաշխիքներն առայժմ որևէ մեկը չի կարող տալ: Ծառայողական բաժնի մնացյալ խնդիրները հնարավոր եղավ լուծել՝ ընտելացանք կացության հետ, կարողացանք հաղթահարել իրավիճակները՝ էլեկտրականության հարցը փորձեցինք լուծել, թեև դժվարությամբ, թանկ և կարճ ժամանակով, բայց լուծվեցին, նույնպես նաև խմելու ջրի հարցը»,- ասում է Մարիա Գաբրիելյանը:
Բանախոսը հարկ համարեց անդրադառնալ նաև վերջին շրջանում մամուլում տարածված ապատեղեկատվությանը.
«Մամուլի հարցերով լուրջ չմոտեցողների կողմից ապատեղեկատվություններ տարածվեցին, որոնց մասին հիմա ուզում եմ խոսել: Սիրիայում կա որոշակի մի խավ, որ պատկառելի թիվ է կազմում և կարողություն ունի դուրս գալու Հալեպից, բայց մերժում է այդ միտքը՝ նախընտրելով մնալ իր հողում: Կա մի խավ, որ դեռ երկմտանքի մեջ է և դեռ մի քիչ էլ կսպասի, եթե այսպես շարունակվի, ապա կլքեն երկիրը, իսկ երրորդ խավը, որ թվով ամենանվազ տոկոսն է կազմում, ուզում է դուրս գալ երկրից, բայց նյութական կարողություն չունի, նրանց, բարեբախտաբար, օժանդակողներ գտնվում են և´ Հայաստանից, և´ տեղի կառույցներից»:
Բացի Հայաստանից, սիրիահայերի մեծ տոկոսը նախընտրում է գաղթել Կանադա, Շվեդիա և Ավստրալիա:
«Ափսոս, որ Հայաստանում աշխատանք գտնել չկարողանալու պատրվակով Հայաստանը դառնում է պարզապես տարանցիկ երկիր սիրիահայերի համար, սակայն այս խնդիրը ևս հասկանալի է, եթե տեղի բնակիչների համար է աշխատանք գտնելը մեծ խնդիր, ապա պարզ է, որ սիրիահայերը ևս կբաղվեն այս խնդրով, թեև ուրախությամբ պետք է նկատել, որ այստեղ հաջողված սիրիահայեր էլ կան: Հատկապես նկատելի է նրանց բերած նոր մշակույթը սպասարկման և խոհանոցային ոլորտներում, ինչի համար մենք շատ ուրախ ենք»,- նկատում է Մարիա Գաբրիելյանը:
Լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատում է.
«Նախ՝ պետք է ընկալել՝ իրավիճակն այնքան բարդ է, որ քաղաքական կանխատեսումներ անելու տրամաբանությունը հաճախ դժվար արգելքների է հանդիպում: Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ես կբանաձևեի 21-րդ դարի աշխարհամարտի տեղայնացված տարբերակը: Այնտեղ ներգրավված են տարածաշրջանի գլխավոր խաղացողներ միջազգային գերտերությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, ինչպես նաև եվրոպական որոշ երկրներ: Ազդեցության գոտիների ընդհանուր պատերազմ է գնում»:
Շահան Գանտահարյանն ուշադրություն է հրավիրում նուրբ մի հացի վրա՝ ամեն անգամ, երբ միջազգային մակարդակով հրադադար է հաստատվում, սա պետք է ընկալել՝ իբրև դյուրաբեկ, ոչ կայուն և անպայմանորեն խախտվելու հավանականությամբ մի «պայմանավորվածություն»:
«Արդեն նկատե՞լ եք՝ որերորդ անգամն է հայտարարվում նման հրադադարների մասին: Խնդիրն այստեղ այն է, որ պատերազմող կողմերից մեկն ահաբեկչական խմբավորում է, որը տվյալ պետության հրահանգով, կամ բանակի ստորաբաժանումներով հրահանգավորված բրգաձև կառույցով չի գործում, և հրադադարի որևէ որոշում անպայմանորեն խախտվում է հենց այդ ահաբեկչական խմբավորումների կողմից»,- ասաց նա: