Բաժիններ՝

Կարճաղբյուրում չիչխանի վերամշակման արտադրամաս է հիմնվել

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ եւ աշխատանքային խմբի նախաձեռնությամբ հիմնվել է չիչխանի վերամշակման արտադրամաս, որտեղ արտադրանքի առաջին խմբաքանակը կթողարկվի առաջիկա օրերի ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Վարդենիսի տարածաշրջանի տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Գեղամ Աթեյանը, Կարճաղբյուրում գործող աշխատանքային խումբը չիչխանի հավաքմամբ եւ վաճառքով սկսել է զբաղվել 2010 թվականից, իսկ տարիների ընթացքում մտածել ու որոշել արտադրության կազմակերպման մասին:

«Աշխատանքային խումբը մեզ դիմել է ֆինանսական միջոցներ գտնելու խնդրանքով, որպեսզի կարողանա արտադրություն կազմակերպել: Մեր միջնորդությամբ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան կողմից հայտարարված դրամաշնորհը շահել են խմբի անդամները, իսկ բարերարի միջոցներով հիմնանորոգվել է գործարանային տարածքը, որը տեղավորված է խմբի անդամներից մեկի շենքում: Չիչխանի վերամշակման սարքավորումն արտադրված է Հայաստանում, որը կարող է վերամշակել նաեւ այլ հատապտուղներ: Մեկնարկում խումբը կարտադրի չիչխանի հյութ, կոմպոտ եւ մածուկ: Արտադրանքն իրացնելու համար աշխատանքային խումբը պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի ռեստորանների եւ հյուրանոցների, խանութների հետ: Աշխատանքներ են տարվում նաեւ արտահանում կազմակերպելու ուղղությամբ, որը հնարավոր կլինի համապատասխան արտոնագիր ձեռք բերելուց հետո»,- նշեց Գեղամ Աթեյանը:

Աշխատանքային խումբը ծրագրում է նաեւ ընդլայնել արտադրության տեսականին ու ծավալները, նոր մարդկանց ներգրավել չիչխանի բերքահավաքի ու վերամշակման աշխատանքներում: «Այս պահին 7 ընտանիք ներգրավված են չիչխանի բերքահավաքի եւ վերամշակման աշխատանքներում: Արտադրամասի հիմնումը կնպաստի, որ նոր ընտանիքներ ներգրավվեն այս գործում: Այս տարի խումբը ծրագրել է վերամշակել մինչեւ 5 տոնն չիչխան: Ակնկալվող արդյունքների ապահովման դեպքում եկող տարվանից կընդլայնվեն արտադրության ծավալներն ու տեսականին, մանավանդ որ նորագույն սարքավորումը հնարավորություն է տալիս, չիչխանից բացի, կազմակերպել նաեւ այլ հատապտուղների վերամշակում»,-ներկայացրեց տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս