Ինչու չի ապահովագրվում գյուղոլորտը
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում, պատասխանելով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անհրաժեշտ է համարել ապահովագրական համակարգի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման մասին հարցը նախարարին ուղղվել է Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Պատասխանելով հարցին՝ նախարարը նշել է. «Մեր ռազմավարության մեջ կարեւոր տեղ է գրավում գյուղատնտեսությանը պատճառված աղետի հետեւանքների նվազեցման քաղաքականությունը, որի մի ուղղությունն էլ գյուղատնտեսության մեջ ապահովագրական համակարգի ներդրումն է:
Սակայն այն պետք է լինի ամբողջական, գյուղատնտեսության բոլոր ճյուղերում: Այժմ մենք բանակցում ենք միջազգային առանձին կառույցների հետ: Ապահովագրական համակարգի ներդրումը բարդ մեխանիզմ է, բայց անհրաժեշտ մեր գյուղատնտեսության համար, քանի որ այն էապես կարող է նպաստել աղետների հասցրած վնասների հետեւանքները»,-ասաց նախարարը:
Ինչու մինչ այժմ գյուղատնտեսության ապահովագրություն Հայաստանում չի իրականացվում։
Պատճառն այն է, որ ՀՀ ապահովագրական ընկերությունները անգամ ցանկության դեպքում չեն կարողանա գյուղատնտեսության ոլորտն ապահովագրեն։
Ապահովագրության համար անհրաժեշտ են լուրջ հաշվարկներ, տեղեկատվություն՝ մի քանի տարվա կտրվածքով, որպեսզի ընկերությունը կարողանա վերլուծություններ անել և գնահատել ռիսկերը։
Օրինակ, ապահովագրական ընկերությունը պետք է իմանա, թե տվյալ տարածքում ինչ վիճակում են հողերը, բնակլիմայական պայմանները, կա արդյոք վարակ կամ որևէ այլ խնդիր, պետք է իմանա բերքի կամ անասունների գլխաքանակի մասին հստակ թվեր, պետք է ունենա տվյալներ՝ կենդանիների հիվանդացության ու անկման վերաբերյալ։ Ու այդ ամենը՝ մի քանի տարվա կտրվածքով։
Ո՞վ պետք է ապահովագրական ընկերությանն այդ տվյալները տրամադրի։ Դրանք պետք է ապահովեր գյուղատնտեսության նախարարությունը կամ վիճակագրական ծառայությունը, սակայն նման խորության տվյալներ՝ այն էլ մի քանի տարվա կտրվածքով, այս կառույցները չունեն։ Իսկ եթե անգամ ներկայացնեն, ապա ապահովագրական ընկերությունները դժվար թե մեծ վստահությամբ վերաբերվեն այդ տվյալներին։
Մի խոսքով, զուտ բիզնեսի տրամաբանությունից ելնելով՝ ապահովագրական ընկերությունները գյուղատնտեսության ապահովագրության դաշտ չեն մտնի, քանի որ անորոշ ու ռիսկային տարածք է։
Կա երկու տարբերակ։ Կա՛մ պետությունը պետք է մասնավոր ընկերությունների միջոցով ապահովագրի գյուղոլորտը՝ ռիսկերը վերցնելով իր վրա կամ սուբսիդավորման մեխանիզմներ ներդնելով։ Կա՛մ պետք է ինքը իրականացնի գյուղոլորտի ապահովագրություն, և այն կայացնելուց հետո փոխանցի այդ գործառույթը մասնավոր հատվածին։