Ռուսական ռուբլով ինչ վարկերի մասին էր խոսում վարչապետը
Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսելով արտահանողներին աջակցելու մասին՝ որպես օրինակ բերեց առաջարկ, որ կարելի է տնտեսվարողներին ռուսական ռուբլով վարկեր տրամադրել՝ արտահանումները խթանելու և արտարժութային ռիսկերից ապահովագրելու համար։
168.am-ը ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում այդօրինակ վարկերի տրամադրումը։
«Դա ծրագրում դրված ածանցյալ գործիքների գաղափարն է, որի վրա մենք աշխատում ենք։ Հիշո՞ւմ եք, վարչապետն իր ելույթում նաև ասաց, որ մենք որոշակի գործիքակազմ ենք մշակելու, որպեսզի մեր արտահանողներին օժանդակենք։ Արտահանողներն այսօրվա դրությամբ ունեն արտարժութային ռիսկ, որովհետև ակնհայտ է, որ իրենց ապրանքը ծնվում է դրամով, իսկ արտահանվում է արտարժույթով։ Բնականաբար, այդտեղ իրենք ունենում են արտարժութային ռիսկ։ Եթե իրենք աշխատում են ռուսական շուկայում, կրկնակի ռիսկ է առաջանում, որովհետև գնանշումը կատարում են դոլարով, իրենց այնտեղ գործընկերը վաճառում է ռուսական ռուբլով, ստացվում է՝ ռուբլի-դրամ փոխհարաբերությունն է էական։ Մենք փորձել ենք մտածել այնպիսի տարբերակներ, որ այդ ածանցյալ գործիքները ստեղծենք»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ, ընդ որում, ածանցյալ գործիքներ այսօր շուկայում կան, բայց դրանք մատչելի չեն, ինչը նշանակում է՝ որոշակի բան այնպես չէ. «Մենք պետք է տնային աշխատանք անենք, որպեսզի դա մեր տնտեսվարողների համար դառնա մատչելի»։
Դոլար-ռուբլի փոխարժեքի տատանումների դեպքում, ըստ Արամյանի, արտահանողն է որոշելու, թե որ փոխարժեքի մասով հեջավորի, իր ռիսկն ապահովագրի։ Նրա խոսքով՝ ամենակարևորը բոլոր տնտեսվարողների համար կայունությունն է, քանի որ, եթե տնտեսվարողն ունի կայուն միջավայր, օրինակ, գիտի, որ ածանցյալ գործիքից օգտվելու համար տալու է ինչ-որ վճար, դա նրա համար տեսանելի է։ Մինչդեռ, նշեց Վ.Արամյանը, փոխարժեքի վայրիվերումները տեսանելի չեն, որովհետև կարող է 14%, 20%, 30% կամ 1% արժևորվել կամ արժեզրկվել։
«Դա նշանակում է՝ վտանգ ես տեսնում ապագայի նկատմամբ, և դա խեղում է քո ներդրումային միջավայրը, որովհետև ապագան քո համար անորոշություններով լի է։ Փոխարժեքը բարձրանա՝ կշահես, իջնի՝ կտուժես։ Ներդրումների եկամտաբերության ցուցիչը հաշվարկելիս պետք է ապագա տեսանելի կանխիկ հոսքերի վրա հաշվարկես։ Մենք փորձելու ենք այդ հստակությունը մտցնել։ Այսինքն՝ ածանցյալ գործիքի միջոցով տնտեսվարողը կայունություն է մտցնում իր ապագա հոսքերի մասով։ Այսինքն՝ ինքն արդեն կիմանա, թե դրամ-դոլար, ռուբլի-դոլար փոխարժեքի փոփոխությունն էական չի լինի, և ինքը վճարելու է հաստատված գումար»,- ասաց նախարարը։
Հարցին, թե այդ դեպքում վտանգ չկա՞, որ հայկական դրամը երկրորդ պլան կմղվի, Վ.Արամյանը պատասխանեց, որ ածանցյալ գործիքները վտանգ չեն ստեղծում, հակառակը, եթե հաջողեն, մեր շուկան կդառնա ավելի լիկվիդ։