«Դրայվոտ» ծրագրի մասին

ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում ԱԺ պատգամավորներին կներկայացնի իր ծրագիրը։ Այն հրապարակվեց հոկտեմբերի 18-ի երեկոյան, և ի տարբերություն Հարկային օրենսգրքի` խորհրդարանականները մեկուկես օր ժամանակ ունեին փաստաթղթին ծանոթանալու համար։

Լրագրողներն այս օրերին փորձում են տարբեր մարդկանցից կարծիքներ ստանալ ծրագրի վերաբերյալ` տալով մի քանի հիմնական, կրկնվող հարցեր` որքանո՞վ է այս ծրագիրն իրատեսական, որքանո՞վ է համապատասխանում խոստացված փոփոխությունների ոգուն և ինչո՞վ է տարբերվում նախկին ծրագրերից։

Սկսենք վերջին հարցից։ Նախ` կառավարության այս ծրագիրը տարբերվում է նաև ծավալով, ավելի կարճ է։ Բնօրինակ տարբերակով` grapalat տառատեսակով, փաստաթուղթը 33 էջ է, իսկ sylfaen-ով` 28 էջ։ Համեմատության համար նշենք, որ 2014 թվականի մայիսի կառավարության ծրագիրը 76 էջ էր։ Այն բաղկացած էր մոտ 14 հազար բառից` այս ծրագրի 5800 բառի դիմաց։ Այսինքն, փորձ չի արվել գեղեցիկ ձևակերպումներով «էջ լցնել»։

Ավելի լուրջ տարբերությունների մասով` այն տարբերվում է որոշակի անկեղծությամբ։ Հենց առաջին նախադասության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ` այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ «Մեկ րոպե առաջը» անուղղակի խոստովանություն է, որ գտնվում ենք շատ լուրջ դժվարությունների մեջ, և նախկինի պես շարունակել չի կարելի։ Պետք է գործել, ու գործել շատ արագ։
Ու մյուս կարևոր տարբերությունը բխում է հենց արագության անհրաժեշտությունից. դա կոնկրետությունն է` ժամկետների առումով։ Կարելի է ասել, որ այս ծրագրի «դրայվը» հենց այդ վերջնաժամկետներն են։ Որոշ քայլերի համար նախատեսված է 6-ամսյա ժամկետ, մյուսների համար` 1 տարի կամ մինչև 2017 թվականի վերջ:

Կան քայլեր, որոնց համար նախատեսված է ավելի կարճ ժամանակահատված` 3 ամիս. օրինակ` եռամսյա ժամկետում «ապօրինի հարստացման» քրեականացում և վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում։
6-ամսյա ժամկետի ավարտը համընկնում է ԱԺ ընտրությունների հետ։ Այսինքն, կառավարությունը փորձելու է բարեփոխումների առաջին փուլն ավարտին հասցնել մինչև խորհրդարանական ընտրությունները։ Դա թույլ կտա, մի կողմից` ընտրողին ներկայացնել, որ կատարվել են որոշակի քայլեր, և մյուս կողմից` այդ քայլերը շարունակելու մանդատ խնդրել։

Իրատեսակա՞ն է արդյոք ծրագիրը։ Մեծ հաշվով` այո։ Ճիշտ է, կան որոշ կասկածելի դրույթներ (օրինակ` 6-ամսյա ժամկետում մեխանիզմ ներդնել, որը կվերափոխի հարկային և մաքսային համակարգի աշխատողի կերպարը), սակայն դրույթներն ընդհանուր առմամբ իրագործելի են և ֆանտաստիկայի ժանրից չեն։

Բանն այն է, որ այստեղ չկան խոստումներ, առավել ևս` չափելի խոստումներ։ Օրինակ, 2008 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունն իր ծրագրում խոստանում էր առաջիկա տարիներին ապահովել տարեկան 8-10% ՀՆԱ-ի աճ, ներդրումների 10% աճ, աղքատության մակարդակի աստիճանական կրճատում` 2012 թվականին այն հասցնելով 11.2%ի (հիշեցնենք, որ աղքատության մակարդակն այժմ 30% է)։ Թե ինչ եղավ այդ խոստումներից հետո, ինչպես հիմա ասում են, հուզիչ էր. հենց հաջորդ տարում համաշխարհային ճգնաժամն «աներեսաբար» այցելեց Հայաստան, և ՀՆԱ-ն կրճատվեց երկնիշ թվով։

Այս ծրագրում նման «ցուցանիշային» խոստումներ չկան։ Փոխարենը` կան խոստումներ, որ պետք է կատարվեն այս կամ այն քայլերը։ Իսկ եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ապա այդ քայլերը, անկասկած, կբերեն նաև ցուցանիշների բարելավման։ Ծրագրի հիմքում մի կողմից` դրված է ծախսերի արդյունավետությունը (օպտիմալացումը), մյուս կողմից` բիզնեսի համար հնարավորինս նպաստավոր պայմանների ապահովումը։ Այսպես ասած, business-oriented մոտեցումն արտացոլված է անգամ ծրագրի` կրթության ոլորտին վերաբերող բաժնում։ Օրինակ, նախատեսվում է կրթական ծրագրերում ներառել ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրեր։

Սակայն հենց այս` ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, ներդրումներ ներգրավելու տեսանկյունից` Կառավարության ծրագիրն ունի մի լուրջ խոցելիություն։

Մինչև տեքստի հրապարակումը շատերը հույս ունեին, որ կառավարության ծրագիրը կնախատեսի հարկային լրջագույն բարեփոխումներ։ Բիզնեսին իրո՛ք թափ հաղորդելու համար միգուցե անհրաժեշտ էին անսպասելի, անհավանական թվացող լուծումներ` հարկատեսակների կրճատում, լուրջ արտոնություններ ներդրողներին, ՏՏ ոլորտին, ՓՄՁ-ին, նոր ստեղծվող բիզնեսներին և այլն։

Նման դրույթներ կառավարության ծրագրում չկան։ Օրինակ, ՓՄՁ գործունեության որոշ տեսակների համար նախատեսվում է էներգակիրների արտոնյալ սակագներ սահմանել։ Իսկ ներդրումները խթանելու նպատակով ծրագիրն առաջարկում է որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգ մշակել։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հեռանկարը որքանո՞վ կշահագրգռի գործարարին` ներդրում անել Հայաստանում, դժվար է ասել։ Բայց որ, օրինակ, Հարկային օրենսգրքով նախատեսվող շահաբաժինների 5% հարկումն իրական խոչընդոտ է ներդրումների համար, կարծում ենք` ապացուցման կարիք չունի։

Եթե պատկերավոր ասենք, բոլորովին վերջերս ընդունված Հարկային օրենսգիրքն ի սկզբանե սահմանափակել է կառավարության հնարավորությունները։ Այն արդեն առաջիկա տարիների համար նախանշել է խաղի այն կանոնները, որոնցով պետք է առաջ շարժվել։

Ու թեպետ շատերը նման ակնկալիքներ ունեին, սակայն քիչ հավանական էր, որ Կառավարությունը դեմ կգնա ինքն իրեն և արմատական փոփոխությունների կենթարկի իր իսկ կողմից մեկ ամիս առաջ մշակված Հարկային օրենսգիրքը։

Ամեն դեպքում, չի կարելի գերագնահատել թե՛ կառավարության ծրագրի, թե՛ հարկային ու մյուս օրենսգրքերի դերը։ Շատ ավելի կարևոր է, թե ինչպես են դրանք իրականում կյանքի կոչվում։ Կարելի է ունենալ ամենալավ օրենսդրությունն ու ծրագիրը, և միևնույն ժամանակ` ամենավատ տնտեսությունը։ Եվ հակառակը։

Կառավարության ծրագիրն ընդամենը ցույց է տալիս կառավարության տեսլականը` ինչ է ցանկանում անել, որոնք են առաջնահերթությունները, ինչ է ցանկանում ունենալ որոշակի ժամանակ անց։ Իսկ թե այդ տեսլականը որքանո՞վ կյանքի կկոչվի, կախված է ոչ միայն` կառավարությունից, այլև` իշխանության մյուս թևերի` օրենսդիր, և հատկապես` դատական իշխանության որակից։

Տեսանյութեր

Լրահոս