Ամեն ազգ իր հումորն ունի։ Կատակիր, բայց չափդ իմացիր
Հումորը միշտ չէ, որ ունիվերսալ բնույթ ունի, եւ չի փոխանցվում մի կուլտուրայից մյուսը: Անգլիացի մարդաբան Քեյթ Ֆոքսը, օրինակ, գտնում է, որ անգլիական հումորը հատուկ է եւ խիստ տարբերվում է մյուս կուլտուրաների հումորից: Նա գրում է, որ իր հայրենակիցների կյանքում «…Հումորը ղեկավարում է: Հումորը կառավարում է: Հումորն ամենագնա է, ամենահզոր»: Ըստ նրա, հումորը ներթափանցում է կեցության եւ մշակույթի բոլոր ոլորտները, քանի որ անգլիացիների հումորը ծրագրավորված է գենետիկորեն: Հազիվ թե այս կարծիքը կիսեն նրանց հարավցի հարեւան ֆրանսիացիները, որոնք բարձր կարծիքի են, եւ ոչ առանց հիմքերի, իրենց հումորի եւ երգիծանքի մասին: Ես համամիտ եմ ֆրանսիացիների հետ, եւս ոչ առանց հիմքերի: Ողջ գիտակցական կյանքում մոտ գտնվելով Ֆրանսիայի մշակույթին եւ երկար տարիներ աշխատած լինելով ֆրանսախոս երկրներում, վատ չգիտեմ ֆրանսիացիներին եւ վատ գիտեմ անգլիացիներին: Իմ կարծիքով, ֆրանսիական հումորը, իրոք, նրբագեղ է, գեղեցիկ, կենսախինդ: Այն համազգային, վերդասակարգային երեւույթ է, ազգային հարստություն: Հումորը ֆրանսիացու մտածելակերպի եւ կենսաձեւի բաղկացուցիչ մասն է, «գոյության իմաստը»-«raison dգetre»: Ֆրանսիացի դիվանագետը դրա կենդանի վկայությունն է: Համենայն դեպս, չեմ տեսել Փարիզի Քե դգՕրսեից (Ֆրանսիայի ԱԳՆ) դուրս եկած դիվանագետի, որին մշտապես չուղեկցի հումորը:
Նախագահ Ժակ Շիրակը ցուցադրաբար լքեց Եվրամիության գագաթաժողովը, որովհետեւ նիստի լեզուն անգլերեն էր: Նա իրենից դուրս եկավ, երբ UNICE-ի (Արդյունաբերողների եւ գործարարների եվրոպական բիզնեսի միություն) նախագահ Էռնեստ-Անտուան Սեյլեն ելույթ ունեցավ անգլերեն: Ընդմիջելով նրան` Շիրակը հետաքրքրվեց, թե ինչու նա ֆրանսերեն չի խոսում, որին Սեյլեն պատասխանեց. «Որովհետեւ գործնական լեզուն անգլերենն է»: Չտանելով այդ պարզ ճշմարտությունը, Ֆրանսիայի նախագահը իր երեք նախարարների հետ գնդակի նման դուրս նետվեց դահլիճից: Որոշ ժամանակ անց ֆրանսիացի դիվանագետները լուր տարածեցին, որ Շիրակը կարիք է զգացել գնալ զուգարան, եւ նախքան գնալը Սեյլեի հասցեին ասել է. «Դու ինձ բարկացնում ես»: Ֆրանսերեն դա հնչում է այսպես՝ «Tu me fais chier», որը թարգմանվում է նաեւ այլ կերպ. «Քո պատճառով իմ աղիները խանգարվեցին»:
Եթե լսելու լինենք որոշ մարդկանց, ստացվում է, որ դիվանագետները զուրկ են հումորից` երկնային այդ պարգեւից, քանի որ, իբր, չոր, խստաբարո, իրենց պատյանում ներփակված, հումորից զուրկ մարդիկ են: Իմ մեջ համարձակություն եմ գտնում չհամաձայնելու նման գնահատականի հետ: Անշուշտ, այդ ցեխում կան նման մարդիկ, ինչն ավելի շուտ բացառություն է, քան օրինաչափություն: Պրոֆեսիոնալ դիվանագետը, ինչպես արդեն նշել ենք, կրթական եւ ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող, բազմակողմանի զարգացած անձնավորություն է: Նա շփվում է պետական-քաղաքական գործիչների, մտքի եւ գրչի մարդկանց հետ եւ չի կարող լինել անհետաքրքիր, ինչպես ժողովուրդն է ասում, «տափակ», եթե նա, իհարկե, ի ծնե բութ եւ մաղձաշատ չէ: Ուրեմն, եթե դիվանագետը այդպիսին չէ, նա անպայմանորեն տիրապետում է հումորի զգացումին, ունի սրամտելու եւ սրախոսելու, ծիծաղելու եւ ծիծաղեցնելու կարողություն, որոնք անքակտելի մաս են կազմում նրա հատկանիշներին ու հոգեկառուցվածքին, եւ որոնք մեծապես հեշտացնում են հաղորդակցությունն ու փոխգործակցությունը շրջապատի հետ:
…Գլոբալիզացիայի դարում տարբեր կուլտուրաներ մերձենում են, եւ ժողովուրդներն ավելի լավ են հասկանում իրար: Մյուս կողմից` ամեն կուլտուրա ունի իր անթափանց սահմանները, որոնցից ներս գործում են անփոփոխ կանոններ եւ տաբուներ: Այդ կուլտուրաներում կան կուռքեր ու սրբություններ, որոնց շուրջ օտարի սրախոսությունը, անեկդոտը եւ կատակը կարող են ընկալվել որպես անպատվություն, վիրավորանք` այստեղից բխող անցանկալի հետեւանքներով:
Այնպես որ, դիվանագետը պետք է գերզգույշ լինի սրախոսելիս` չվիրավորելու համար տվյալ երկրի ավանդույթներն ու սովորույթները, անպայման հաշվի առնի տեղի եւ զրուցակցի մտածելակերպը` մենթալիտետը: Ընդհանրապես, նախընտրելի է, որ նա չխախտի կատակի սահմանները եւ չանցնի հումորի սահմանները, իսկ սեւ, թունոտ հումորի եւ հեգնանքի մասին խոսելն անգամ ավելորդ է, դրանք հակացուցված են դիվանագետին:
Հիշենք, որ աթենացիներից շատերը դժգոհում էին, երբ Սոկրատեսը բանավիճելիս անցնում էր հեգնանքի: (Փակագծերի մեջ նշենք, որ այսօրվա Հայաստանի հրապարակախոսական ժանրում ավելի փնտրված է թունոտ հեգնանքը եւ սուր երգիծանքը, ինչը, իմ կարծիքով, պաշտպանական մեխանիզմ է ֆրուստրացիայի դեմ, որոնք արդյունք են հանրապետության սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բարդ իրադրության): Անվանի դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Պոպովը զգուշացնում է ԱՄՆ-ում կամ Անգլիայում կանանց հասցեին կատակելուց, որտեղ ձեզ կարող են հարց տալ. «Դուք կնատյա՞ց եք, պրն դիվանագետ»: Իսկ վիետնամցիները խիստ վիրավորվում են, երբ ռուսները անեկդոտ են պատմում զոքանչի մասին: «Դուք արդուկում եւ պատշգամբից ցած եք գցում ձեր զոքանչներին, իսկ մեզ մոտ նրանք ընտանիքի ամենասիրված եւ պատվավոր անդամներն են»:
Մենք կարծես թե համոզվեցինք, որ բանակցային գործընթացներում, հանդիպումների եւ զրույցների ժամանակ հումորի շրջանակներում դիվանագետի համար որպես հաղորդակցության միջոց ընդունելի մեխանիզմներ են հանդիսանում անեկդոտը, կատակը, սրախոսությունը, աֆորիզմը, բայց երբեք` հեգնանքը, ծաղրը եւ սեւ հումորը: Սակայն հումորի նշված առաջին խմբի կիրառման դեպքում, անգամ, եթե դուք շրջահայացորեն խուսանավում եք ազգային «ծուղակները», ծագում է մեկ ուրիշ խոչընդոտ` կապված լեզվի առանձնահատկության եւ լեզվամտածողության հետ: Հանրահայտ է, որ անեկդոտները, աֆորիզմները, երգիծանքն ու հումորը դժվար են թարգմանվում կամ, ընդհանրապես, չեն թարգմանվում: Այս հարցում, հատկապես, տուժում ենք մենք՝ հայերս:
Հակոբ Պարոնյանին, մեծ հաշվով, չգիտի ո՛չ ռուս, ո՛չ ֆրանսիացի, ոչ անգլիախոս ընթերցողը, մինչդեռ, ըստ իս, նա կարող է հավասարը հավասարի պես խոսել Գոգոլի, Մոլիերի եւ Բեռնարդ Շոուի հետ: Բայց ինչպե՞ս մեծ պոլսեցու եւ կամ Օտյանի ու Ատրպատականի երգիծանքը հայ դիվանագետը փոխանցի իր գործընկերոջը: Սա է հարցը: Նույնը կարելի է ասել մեր անեկդոտների մասին: Մեր հումորը, միգուցե, երբեմն կոպիտ է, գրոտեսկային, բայց հաճախ ավելի սուր է, կյանքային եւ հյութեղ, քան, ասենք, ֆրանսիական կամ անգլիական հղկված եւ ռաֆինացված հումորը: Անթարգմանելիության պատնեշը պատճառ է հանդիսանում, որ պատմականորեն եւ մշակույթով մեզ ամենամոտ ռուս ժողովուրդն անգամ անտեղյակ մնա հայկական հումորին ու երգիծանքին: Մյուս կողմից` հայերը լավ գիտեն եւ սիրում են ռուսական հումորը: Այն սուր է, բազմաշերտ եւ բազմանիստ, քանի որ ռուսական կուլտուրան մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների շնորհիվ հաջողությամբ միաձուլել է տարբեր սուբկուլտուրաներ, արդյունքում ստեղծելով բարձրակարգ եւ նուրբ արվեստ:
Գաղտնիք չէ, որ այդ ունիվերսալության մեջ առաջնային դեր են խաղացել հրեա արվեստագետները` սկսած Արկադի Ռայկինից, վերջացրած Մաքսիմ Գալկինով: Բոլոր դեպքերում դրսում կարելի է եւ պետք է օգտագործել մեր հարուստ հումորը: Օտար լեզուների փայլուն իմացությունը եւ բարձր կուլտուրան ի զորու են օգնել այդ հարցում: Արտասահմանում ներկա եմ գտնվել ազգությամբ հայ, արտաքին հետախույզի հրապարակային ելույթին, որի հայկական թեմայով սրախոսությունները եւ անեկդոտները, այդ թվում՝ հայտնի «Հայկական ռադիոյի» մասին, հոմերական ծիծաղ էին առաջացնում դահլիճում:
Անեկդոտը եւ սուր խոսքը դիվանագիտական շրջապատում ունի մի կարեւոր պայման. որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս: Այս առումով հետաքրքրություն են ներկայացնում միջազգային համբավ վայելող ամերիկյան CNN հեռուստաընկերության մեկնաբան Լարի Քինգի խորհուրդները: Եթերի վարպետը զգուշացնում է: Երբեք հումորիստական արտահայտությունը չսկսել հետեւյալ արտահայտություններով.
ա) «Թույլ տվեք ձեզ պատմել մի կարճ անեկդոտ»:
բ) «Պատմեմ մի հետաքրքիր անեկդոտ: Նա անպայման ձեզ դուր կգա: Այն շատ ծիծաղելի է, դուք ծիծաղից կթուլանաք»:
գ) «Դա ինձ մի հին անեկդոտ է հիշեցնում: Դուք հավանաբար այն լսել եք, բայց ես բոլոր դեպքերում այն կպատմեմ»:
Քինգի հետ չի կարելի չհամաձայնել: Մի՞թե անեկդոտը լինում է երկար (ա): Իսկ եթե անեկդոտը հետաքրքիր չլինի՞ եւ մարդիկ չծիծաղե՞ն (բ): Եթե անեկդոտը հին է, ինչո՞ւ այն նորից պատմել (…):
Հումորին վերաբերող ենթաբաժինը ես կավարտեմ հետեւյալ խոսքերով: Նախորդ էջերում մենք երիտասարդ դիվանագետներին խորհուրդ տվեցինք ժպտալ: Իսկ հիմա խորհուրդ ենք տալիս նաեւ սրախոսել եւ կատակել: Մի անտեսեք հումորը: Հիշեք, որ տեղին ասված սուր, դիպուկ եւ տարողունակ խոսքը կարող է հասարակ թղթի մեջ փաթաթված թանկարժեք զարդի նմանվել: Բացեք փաթեթը, եւ նրա պայծառ շողերը լույս կսփռեն ձեր շուրջը:
Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
2010թ., մարտ 18
«168 ԺԱՄ»