«Ես պարտավորվում եմ, եթե ընտրվեմ, գոնե մինչև ապրիլ 100 պրոֆեսիոնալ կադրեր պատրաստել». ԿԸՀ անդամի թեկնածուի խոստումը

«Քանի որ հարգարժան Թևան Պողոսյանը պետք է ասի՝ «ի՞նչն է քեզ հրապուրում», ինձ չի հրապուրում, ինձ պարտավորեցնում է մի բան»,- այսօր Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի անդամի թեկնածու Սեյրան Շահսուվարյանը։

Նա նշեց, որ ինքը ոչ մի կապ չունի այս հանձնաժողովի հետ՝ որպես մասնագետ, 48 տարի աշխատել է հեռուստատեսության, լրատվության ոլորտում. «Ինձ այն ժամանակ Կարեն Անդրեասյանը խնդիր դրեց, որպեսզի կարողանամ գալ այստեղ ու պատրաստեմ լրավամիջոցների որակյալ կադրեր, այնպիսին, ինչպիսին Պաշտպանության նախարարությունում են։ Ես պարտավորվում եմ, եթե ընտրվեմ, գոնե մինչև ապրիլ 100 այդպիսի պրոֆեսիոնալ կադրեր պատրաստել։ Գիտեք, որ մեր լրատավամիջոցներում շատերը պատրաստ չեն, տեղյակ չեն ամեն ինչին, գալիս են հարցազրույցների, մամուլի ասուլիսների, բացարձակ անտեղյակ՝ ինչի են եկել։ Եթե կարողանանք դասընթացներ կազմակերպենք մարզերում և Երևանում, որպեսզի ճիշտ կարողանան լուսաբանել, ճիշտ կլինի»։

Պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, որ մեր երկրի բյուջեն ծանր վիճակում է գտնվում. «Հիմա եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ բյուջեն չբավարարի 100 պրոֆեսիոնալ պատրաստելու, պատրա՞ստ եք լինելու հանձնաժողովում սկզբունքային ձևով այս նույն թվի համար պետք եղած բոլոր որոշումներին դեմ քվեարկեք, միայն թե ապահովեք, որ առնվազն 100 լրագրող  պատրաստվի, քանի որ հասկանում եք, որ հանրային վստահություն բարձրացնելու համար մեզ պետք է թափանցիկություն, ճիշտ տեղեկություն տրամադրել»։

Ս. Շահսուվարյանը նշեց, որ լրագրողներ պատրաստելու համար ոչ մի կոպեկ պետք չէ. «Ես 20-25 տարում հարյուրավոր լրագրողներ եմ պատրաստել, ու ՊՆ-ն դրա համար ոչ մի գումար չի ծախսել, դրա համար միայն կամք է պետք»։

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ նշեց, որ ինքը հանրաքվեից հետո հարց է բարձրացրել, թե այն լրատվամիջոցները, որոնք բացարձակ «հակաքարոզչությամբ» էին զբաղվում, ենթարկվեին պատասխանատվության. «Կարծում եմ՝ ձեր մոտեցումն է պետք, որ օրենքում պատժաչափերը խստացնենք, թեկուզ, լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից»:

Ս. Շահսուվարյանն էլ նշեց, որ արդեն 25 տարի այդ հարցն օրակարգում է, բայց լուծում չունի։ Նրա խոսքով՝ լրատվամիջոցները խոսքի ազատության տակ՝ ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ գրում են: Ըստ նրա՝ այս հարցի լուծումն օրենսդիր մարմինը պետք է տա։

Տեսանյութեր

Լրահոս