«Ես ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր վիզ են վերցնում երկիրը փրկել, որովհետև նրանք մահապարտ են». Հարություն Մեսրոբյան
168.am-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը
– Պարոն Մեսրոբյան, Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս՝ նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դրանք պայմանավորված են նոր կառավարության կողմից որոշակի առաջնահերթությունների ընդգծմամբ կամ նոր մոտեցումների մեկնարկով։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փոփոխությունները, և ըստ Ձեզ՝ այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երկրում համակարգային փոփոխություններ անելու գործընթացում։
– Կառավարության կառուցվածքը սկզբունքորեն չի փոխվել, մեկ նախարարություն վերացվել է, մի քանի նախարարությունների անունները մասնակի փոխվել են, դա չի կարելի համարել կառուցվածքային փոփոխություն։ Իսկ քանի դեռ չկա ծրագիր, շատ գլոբալ իմաստով խոսելը դժվար է, որովհետև այն փոփոխությունները, որ մենք նշեցինք՝ մի նախարարության կրճատմամբ կամ մի քանի նախարարությունների անվանափոխություններով եզրակացություն անելը դժվար է։
– Նախագծի ներկայացման ժամանակ կարծիքներ հնչեցին, որ լավ կլիներ՝ սկզբում ծրագիրը հաստատեին, նոր կառուցվածքը փոխեին, ի՞նչ կասեք այդ առնչությամբ։
– Իհարկե, ավելի ճիշտ է սկզբում ծրագիրն ունենալ ու հետո մնացածը ենթարկեցնել այդ ծրագրերի տրամաբանությանը և պահանջներին, բայց մեզ մոտ հերթական անգամ ոտքի վրա գնում են փոփոխությունների։ Ուզում եմ պարզապես հասկանալ՝ մի՞թե արագ-արագ փոխելով կառավարությունը՝ հնարավոր է հասնել լուրջ փոփոխությունների, որովհետև ցանկացած թիմ եթե գալիս է կառավարություն՝ ինքը բավականին երկար ժամանակ պետք է ծախսի, որպեսզի իրական իրավիճակի ճշգրիտ նկարագիրը ստանա։ Պետք է ժամանակ անցնի, որպեսզի թիմը ստեղծվի, դրանից հետո այդ թիմը, հիմնվելով իրական վիճակին, բերում է ծրագիրը, որից հետո արդեն պետք է սկսեն այն, ինչ սկսել են։ Իսկ մեզ մոտ, որպես կանոն, միշտ վերջից է գալիս։
– Կառավարությունում արդեն բազմաթիվ փոփոխություններ են եղել նախարարների և փոխնախարարների մակարդակով։ Նայելով այն կազմին, որը ձևավորվում է, և այն հանձնարարականներին, որոնք նոր վարչապետն է տալիս, ի՞նչ տպավորություն ունեք՝ ի վերջո, իշխանությունները պատրա՞ստ են համակարգային փոփոխությունների։
– Ես փորձագետ եմ, ես տպավորություններով չեմ առաջնորդվում, եթե դուք ուզում եք փոփոխություններ լինեն, դուք պետք է իմանաք՝ ինչ հենարաններ ունեք տվյալ պետությունում։ Ցանկացած թիմ, որն ուզենա լուրջ, իրական փոփոխություններ անել Հայաստանում, չունի ոչ մի հենարան։
Եթե երկիրը պետք է լավ զարգանա, առնվազն պետք կրճատումներ լինեն, անցյալ տարի ես գնահատել եմ ՀՀ պետական համակարգը և գտել եմ, որ առնվազն 3 անգամ կարելի է կրճատել կառուցվածքը և մոտ 10 անգամ՝ չինովնիկների քանակը։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե իրական փոփոխություններ սկսեն, քանի՞ մարդ է դժգոհ լինելու։ Երկրորդ՝ իշխանական գործիչների մի մասը փոխկապակցված են օլիգարխների հետ, նրանք էլ են առնվազն ներքուստ դեմ լինելու իրական փոփոխություններին: Տրամաբանությունն ասում է՝ պետք է պայքարել ստվերի դեմ, որը նշանակում է, որ մի մեծ խումբ մարդիկ ուղղակի վտանգվում են։ Վտանգվում են նրանց գերշահույթները, և կարող է՝ հենց իրենք վտանգվեն։
Ընդդիմադիրներին էլ պետք չէ, որպեսզի վիճակը լավանա, որովհետև հարց է ծագում՝ իրենք ի՞նչ պետք է քարոզեն 2017 թվականի ընտրություններին, եթե պարզվի, որ երկիրը սկսում է ուղղվել, կոպիտ ասած, ի՞նչ երեսով են իրենք խոսելու, ի՞նչ են քարոզելու, ի՞նչ հռետորաբանությամբ են իրենք պայքարելու ընտրություններում։ Արմատական ընդդիմությանն ընդհանրապես պետք չեն դրական փոփոխությունները, իրենց համար ինչքան՝ վատ, այնքան՝ լավ, որովհետև ինչքան՝ վատ, այնքան իրենք կարող են հիմնավորել իրենց գոյությունը, նրանք ոչ մի կերպարով արդեն չեն կարող երես ունենալ։
Վերջին հարցը ժողովուրդն է, ժողովուրդը հենարան չի կարող լինել, որովհետև 25 տարի ինքն ինչքան սպասել, երազել է, ոչինչ չի ստացել: Հիմա ինքն ավելի շատ նեգատիվ սպասումներ ունի, որովհետև ինքը մտածում է, որ հերթական անգամ լինելու է աչքկապոցի։ Դրա համար վարչապետը հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագինն իջեցնեն, որ դրական մթնոլորտ ձևավորվի։ Ստացվում է՝ ցանկացած լուրջ մտադրություններ ունեցող թիմ, եթե ուզենա ոտքի կանգնեցնել Հայաստանը, իրենք հավասարազոր են մահապարտներին։
– Ստացվում է՝ այս կառավարության, վարչապետի փոփոխությունից ոչ մեկը որևէ ակնկալիք չպե՞տք է ունենա։
– Ես թվարկեցի գրեթե բոլորին՝ բացի ժողովրդից, մնացածը չեն ուզում փոփոխություն։ Ժողովուրդն էլ դեռ չի կարող ունենալ դրական սպասումներ, ինքը հիմա դիտորդի կարգավիճակում է, մարդուն եթե հազար անգամ խաբում ես, ինչպե՞ս ես ասում՝ լավ է լինելու։ Ես ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր լուրջ մտածում են և վիզ են վերցնում երկիրը փրկել, որովհետև նրանք մահապարտ են։