Կառավարությունը կողմ է «Նաիրիտի» ամբողջական վերագործարկմանը
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից կազմված պատվիրակությանը։ 168.am-ի հետ զրույցում քիմիկ-ինժեներ Անահիտ Մանուկյանը նշեց, որ իրենք ներկայացրել են գործարանի հնարավորությունները, որ այն կարող է աշխատել շահույթով, նաև խոսել են այն խնդիրների մասին, որոնց պատճառով գործարանը վերջին տարիներին շահույթով չի աշխատել։
Ա.Մանուկյանի խոսքով՝ իրենք նաև ներկայացրել են, որ կան ներդրողներ, որոնց հետ կարելի է բանակցություններ վարել, մասնավորապես՝ «EU-ASIA Business Finance Centre» միջազգային հոլդինգը, իսկ ռուսական ընկերությունները, որոնց հետ այսօր կառավարությունը բանակցություն է վարում, «Նաիրիտը» համալիր չեն դիտարկում, այլ քննարկվում է միայն քլորի և քացախաթթվի արտադրությունների վերագործարկումը։
«Սակայն «Նաիրիտը» նախատեսված է քլորոպրենային կաուչուկ արտադրելու համար։ Եվ «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգը գործարանը համալիր է դիտարկում, այսինքն՝ ուզում է ամբողջությամբ վերագործարկել և հասկանում է, որ «Նաիրիտը» կարող է աշխատել 2 տեխնոլոգիայով՝ ացետիլենային և բութադիենային։ Եվ քանի որ բութադիենային տեխնոլոգիային անցումը մի քիչ երկարատև է, ավելի մեծ ներդրումներ են պահանջվում, պետք է սկսել ացետիլենային տեխնոլոգիայով աշխատել, հետո անցում կատարել մյուսին»,- ասաց Ա.Մանուկյանը։
Ըստ նրա՝ նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը կողմ է «Նաիրիտի» ամբողջական վերագործարկմանը, բայց ներդրողների հարցերով այլևս զբաղվելու է Սուրեն Կարայանի ղեկավարած Էկոնոմիկայի նախարարությունը, իսկ Էներգետիկայի նախարարությունն այլևս պատասխանատու չի «Նաիրիտի» համար. «Քանի որ մենք արդեն 2 տարուց ավելի պայքարում ենք և այս ընթացքում բոլոր նախարարների հետ հանդիպել ենք, իմ տպավորությունն Աշոտ Մանուկյանից այն է, որ նա տնտեսությունից հասկացող մարդ է։ Երբ մենք նախկին նախարար պարոն Յոլյանի հետ էինք հանդիպել, նա նախ՝ 2 ամիս ժամանակ էր խնդրել խնդրին ծանոթանալու համար, հետո այդ 2-ը դարձավ 4, ապա՝ 6 ամիս, և դրանից հետո էլ նա չէր կարողանում մեզ պատասխանել «Նաիրիտ» գործարանի մասին։ Հիմա Աշոտ Մանուկյանը կարծես ուզում է հասկանալ, թե «Նաիրիտն» իրենից ինչ է ներկայացնում, և ինչ ենք մենք պահանջում։ Բայց նաև հասկացանք, որ այլևս ինքը չի «Նաիրիտի» պատասխանատուն, Կարայանը պետք է զբաղվի այդ գործով»։
Անահիտ Մանուկյանի խոսքով՝ հոկտեմբերի 6-ին նախատեսվում է միջազգային հոլդինգի ներկայացուցիչների այցելություն և հանդիպում վարչապետի ու կառավարության անդամների հետ, քննարկվելու է ոչ միայն՝ «Նաիրիտի», այլև՝ տարբեր ներդրումային նախագծեր։