«Մերկելն Էրդողանին ասել է. «Բունդեստագի բանաձևն անհեթեթ բանաձև է, որը ոչ մի իրավական բան չունի»». Սարգիս Հացպանյան

«Ինքնաթիռի խոցման դեպքից հետո հայ հասարակության մեջ թվացյալ բան էր ձևավորվել, թե Ռուսաստանը կգնա պատժիչ քայլերի, բայց ընդհակառակը՝ Ռուսաստանն այս առիթը շատ լավ փորձեց օգտագործել ընդդեմ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, և թե՛ Սիրիայի քաղաքականության մեջ, թե՛ տարածաշրջանում Թուրքիան դարձրեց իր համար հենարան։ Ռուսաստանը Թուրքիայի ձեռքով կարող է տարածաշրջանում տարբեր ուղղություններով քաղաքականություն ձևավորել, որի ամենակարևոր դրսևորումը մեզ համար հենց Ադրբեջանի ակտիվացումն էր Արցախում։ Քառօրյա պատեազմն արվեց հենց Ռուսաստանի ձեռքով։ Ոչ մի գաղտնիք չկա, որ Ռուսաստանն էր դա հրահրել՝ Հայաստանին հասկացնելու համար, որ ինքն է որոշում տարածաշրջանում ամեն ինչ»,- այսօր լրագորղների հետ հանդիպման ընթացքում ասաց Տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։

Նա ընդգծեց՝ իբրև ասադյան դիրքերի պաշտպանությամբ հանդես եկող՝ Ռուսաստանը հիմա Թուրքիային թույլ է տալիս ազատ ելք ու մուտք ունենալ Սիրիա. «Այստեղ տուժեցին քրդերը, որոնք հեռացվեցին Ռուսաստանի կողմից, հարձակման ենթարկվեցին Թուրքիայի կողմից և չպաշտպանվեցին ԱՄՆ-ի կողմից։ Ինչպես ժամանակին մեզ օգտագործեցին, Հայկական դատը շահարկեցին, հիմա քրդերի գլխին են նույն բանը խաղում։ Քրդական թերթերը գրում են՝ ժամանակին հայերի հետ ինչ եղավ, հիմա նույնը մեզ հետ է կատարվում։ Աշխարհի գերհզոր պետությունների համար մանրադրամ է դառնում ցանկացած ազգի ցանկություն»։

Վերլուծաբանի խոսքով՝ ՋԻ 20 հանդիպման ժամանակ գրեթե մարդ չմնաց, ում հետ Էրդողանը չհանդիպեր, չզրուցեր. «Էրդողանի հետ զրույցում, խոսելով Բունդեստագի բանաձևի մասին, Մերկելն ասել է. «Ինչո՞ւ ես այդքան դարդ ու ցավով տառապում, մի հատ անհեթեթ բանաձև է, որը ոչ մի իրավական բան չունի։ Պատմական ակնարկից բացի, ոչ մի բան չկա այդ փաստաթղթում»։ Կարծես թե ներողություն է խնդրել այսպես, ու այսօր կամ վաղը Թուրքիան իր դեսպանին ետ է ուղարկելու Բեռլին։ Էրդողանի ու Մերկելի խոսակցությունը գերմանական մամուլում որակվել է այսպես՝ Մերկելը ծնկաչոք ներողություն է խնդրել Էրդողանից»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս