«Հայաստանը մեկուսացել է համաշխարհային շուկաներից՝ իրեն դնելով անելանելի փակուղային իրավիճակի մեջ». Աշոտ Եղիազարյան
Մեր զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը
– Պարոն Եղիազարյան, այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ չնայած մարտահրավերներին, առաջին կիսամյակի արդյունքներով որոշակի հաջողություններ կան, տնտեսական աճն ապահովվել է արտահանման շնորհիվ: Համամի՞տ եք, որ մեր երկրի տնտեսական աճն առավելապես պայմանավորված է արտահանմամբ:
– Անցած տարի արտահանումն այդ նույն ժամանակաշրջանում, եթե հիշում եք, բավականին անկում արձանագրեց, այդ ֆոնի վրա հիմա աճ է, բայց դա չի նշանակում, որ մենք արտահանման հետ կապված խնդիրներ չունենք: Ըստ էության՝ հին խնդիրները շարունակվում են՝ արտահանման դիվերսիֆիկացումը, ինչպես նաև՝ լոգիստիկ խնդիրը ռուսական շուկայի հետ: Այսինքն՝ այդ հիմնախնդիրները քանի դեռ լուծված չեն, քանի դեռ Հայաստանը չի կարողացել էապես բարելավել իր արտահանման կառուցվածքը և արտահանման նոր շուկաներ ձեռք բերել, խոսել այն մասին, որ արտահանումը լոկոմոտիվ է Հայաստանի տնտեսության աճի համար, ճիշտ չէ:
Իհարկե, ընդհանուր առմամբ, հենց արտահանումը պետք է լինի լոկոմոտիվ Հայաստանի տնտեսական աճի համար, բայց դա, ըստ էության, ենթադրում է նոր տնտեսություն, նոր կառուցվածք, նոր շուկաներ և արտահանման կառուցվածքի որակի բարելավում: Մեր արտահանման բաղադրիչներն այսօր հիմնականում հանքարդյունաբերությունն է, այսինքն՝ հումքային ճյուղը, նաև՝ գյուղատնտեսական և սննդի վերամշակման արտադրանքը, որը նույնպես կարելի է համարել հումքային արտահանում, քանի որ պահածոների կամ խմիչքների արտադրությունը ենթադրում է հումքի առաջին վերամշակում: Այսինքն՝ կառուցվածքային իմաստով՝ որակապես որևէ տեղաշարժ չի եղել: Ընդհակառակը՝ նոր շուկաներ ձեռք բերելու առումով կան սահմանափակումներ, որովհետև Հայաստանը, ըստ էության, մաս է Եվրասիական տնտեսական միությանը և ունի որոշակի պարտավորություններ, որոնք սահմանափակում են Հայաստանի համար ոչ միայն՝ ներդրումային հնարավորությունները, այլև՝ մուտքն այլ շուկաներ:
– Բայց որքանո՞վ է ճիշտ՝ տնտեսական մոդելի հիմքում դնել հենց արտահանման աճը:
– Հայաստանը փոքր երկիր է և ունի փոքր ներքին շուկա: Իհարկե, այդ ներքին փոքր շուկան, եթե, ասենք, բնակչությունն ավելի վճարունակ լինի, բարձր եկամուտներ ունենա, տնտեսությունը շատ զարգացած ճյուղեր ունենա, բարձր ավելացված արժեք ստեղծող, օրինակ՝ ինչպես Շվեյցարիան, որ լինելով փոքր երկիր, ունի ներքին մեծ սպառում, պայմանավորված բնակչության գնողունակությամբ, այդ դեպքում ներքին շուկան էլ կարող էր լինել խթան տնտեսական աճի համար: Այնուամենայնիվ, փոքր երկրի, առավել ևս՝ Հայաստանի պայմաններում սա դրական է, որ նրանք ոչ թե պետք է տնտեսությունը զարգացնեն ներքին շուկայի պահանջները բավարարելու վրա, ինչպես Չինաստանն է, այլ՝ արտաքին շուկաների վրա, այսինքն՝ զարգացնեն այնպիսի արտադրություններ, որոնց արտադրանքն ունի արտահանման կողմնորոշում:
Սա Հայաստանի ամենամեծ խնդիրն է: Ցանկացած մոդելի դեպքում արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերը դրա առանցքը պետք է կազմեն: Այսինքն՝ Հայաստանն ավելի ինտեգրված պետք է լինի համաշխարհային շուկային և կարողանա տալ մրցունակ արտադրանք, ինտեգրված լինի գլոբալ արտադրական շղթաների մեջ: Բայց, ցավոք սրտի, Հայաստանն այդ սահմանափակումներն ունի, մեկուսացել է համաշխարհային շուկաներից՝ իրեն դնելով անելանելի փակուղային իրավիճակի մեջ՝ ինտեգրվելով փակ Եվրասիական տարածքին:
– Պարոն Եղիազարյան, ինտեգրումը հասկանալի է, բայց թե´ ներկա, թե´ նախորդ կառավարությունը կենտրոնացել է միայն արտահանման վրա, ոչ թե՝ արդյունաբերություն զարգացնելու: Չէ՞ որ արտահանումը հետևանք է, ոչ թե՝ պատճառ:
– Չէ, խնդիրը հետևյալում է. նախորդ կառավարության մասով ճիշտ եք նկատում, բայց տարիների ընթացքում հակառակն էր, որևէ նշանակություն չէր տրվում արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերին: Նախորդ կառավարությունն ընդունեց արտահանմանն ուղղված ռազմավարություն, և անկախ դրա որակական թույլ կողմերից՝ արտահանման վրա հիմնված կուրսը ճիշտ է: Այսինքն՝ արդյունաբերության այնպիսի ճյուղեր պետք է զարգանան, որոնց արտադրանքն անմիջապես պետք է սպառվի արտաքին շուկաներում: Դրա համար մենք պետք է ստեղծենք արդյունաբերության մրցունակ ճյուղեր: Հիմնվել միայն ներքին պահանջարկի, այսինքն՝ ներմուծումը փոխարինող ճյուղերի վրա, տվյալ դեպքում՝ ՀՀ պարագայում շատ քիչ է:
Ես չեմ թերագնահատում, որ պետք է ներմուծումը փոխարինող ճյուղերը ևս առավելապես զարգացնենք, որ ավելորդ տեղն արտարժույթ չտանք ներմուծման վրա, բայց միաժամանակ՝ Հայաստանն իր առևտրային բալանսը պետք է կարգավորի արտահանման ճյուղերի հաշվին: Մեր տնտեսության ամենաթույլ, խոցելի տեղը մեր վճարային հաշվեկշիռն է, որ բացասական է: Եվ դա լրացվում է ընդամենն այլ եկամուտների, մասնավորապես՝ դրամական փոխանցումների (տրանսֆերտների) հաշվին, իսկ դրամական փոխանցումները, գիտենք՝ ինչպիսի կրճատում են ապրել: Այդ բացը կարող ենք լրացնել միայն արտահանման ավելացման հաշվին:
– Հ.Աբրահամյանը նաև նշել է, որ վերջին 1.5 տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Ընդհանրապես, ե՞րբ է տնտեսական աճը զգացվում քաղաքացիների կենսամակարդակի վրա:
– Երբ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճում է, դա ենթադրում է, որ բնակչությունն իր մաշկի վրա պետք է զգա այդ փոփոխությունը: Դոլարային հաշվարկով՝ մեր ՀՆԱ-ն, ըստ ԱՄՀ-ի, անցած տարի անկում է ապրել: Դա նշանակում է, որ տեղի է ունեցել աղքատացում: Մյուսը՝ բնակչությունը կարող է չզգալ իր մաշկի վրա, թեկուզ դոլարային իմաստով աճ լինի մեկ շնչի հաշվով, եթե մեծանա բնակչության ունևոր և չունևոր խավերի միջև բևեռացվածությունը: Այնուամենայնիվ, մեր վիճակագրական ցուցանիշները ցույց են տալիս, որ բնակչության եկամուտներն ավելանում են, իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն՝ պակասում: