Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան

Քաղաքագետ, վերլուծաբան Վահե Դավթյանը գրում է. «Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները Հորմուզի նեղուցի փակման մասին հերթական անգամ հիշեցնում են, որ համաշխարհային էներգետիկ համակարգը կառուցված է ծայրահեղ խոցելի աշխարհագրական հանգույցների վրա։ Հորմուզը դրանցից առանցքայինն է։

Իրավաքաղաքական առումով նեղուցը բաժանված է Իրանի և Օմանի միջև (1975 թ. համաձայնագիր)․ այստեղ առանձին «միջազգային ջրեր» գրեթե չկան։ Միևնույն ժամանակ, 1982 թ. ՄԱԿ-ի Ծովային կոնվենցիան ամրագրում է տրանզիտային անցման իրավունք, որը չի կարող կամայականորեն կասեցվել։ Սակայն Իրանը կոնվենցիան չի վավերացրել։ Արդյունքում ձևավորվում է երկակիություն՝ դե յուրե միջազգային անցում, դե ֆակտո՝ վերահսկվող տարածքային միջանցք։

Հորմուզի գլոբալ նշանակությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրությամբ, այլ ծավալներով։ Աշխարհում օրական սպառվող նավթի 20-25% և հեղուկացված գազի շուրջ մեկ երրորդը անցնում են հենց այստեղով (վերջինիս հիմնական մատակակարը՝ Կատար)։ Միաժամանակ, Պարսից ծոցի ավազանը պարունակում է աշխարհի ապացուցված նավթի գրեթե կեսը և գազի մոտ 40%-ը։ Տարեկան արժեքը՝ էներգետիկ համարժեքով մոտ 500 մլրդ ԱՄՆ դոլար։ Սա արտերիա է, որի խափանումը անմիջապես վերածվում է գնային շոկի։

Հատկանշական է, որ հիմնական հարվածը կհասնի ոչ թե Արևմուտքին, այլ Ասիային․ նավթի հոսքերի ավելի քան 80%-ը ուղղվում է Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա։ Նեղուցից որոշ երկրների կախվածությունը հասնում է 60-75 %-ի։ Այսինքն՝ Հորմուզի գործոնը նույնքան ասիական անվտանգության հարց է, որքան մերձավորարևելյան։

Տարածաշրջանում առկա են շրջանցիկ խողովակաշարեր, սակայն դրանց թողունակությունը բավարար չէ ամբողջ ծավալը փոխարինելու համար։

– Սաուդյան Արաբիայի «Արևելք-Արևմուտք» խողովակաշարը կարող է օրական ընդմանեը 5 մլն բարել հասցնել Կարմիր ծով:
– ԱՄԷ-ի Հաբշան-Ֆուջեյրա խողովակաշարը ապահովում է մոտ 1,5 մլն բարել օրական։
– Իրաքի հյուսիսային Կիրկուկ-Ջեյհան երթուղին չի սպասարկում հարավային հսկա հանքավայրերը, որոնք կախված են Բասրայի նավահանգստից և Հորմուզից։

Արդյունքում, եթե նեղուցը երկարաժամկետ պարալիզացվի, համաշխարհային տնտեսությունում գոյանում է էներգետիկ ու հողուկացված գազի պակասորդ։ Ավելին, ՕՊԵԿ պահուստային հզորությունների մոտ 70%-ը գտնվում է հենց Պարսից ծոցի երկրներում, որոնք նույնպես կախված են Հորմուզից:

Այս կոնֆիգուրացիան առավել քան բխում է ԱՄՆ գեոտնտեսական շահերից՝ Ասիայի տնտեսական աճի զսպում, ԵՄ-ի՝ ամերիկյան հեղուկացված գազի մատակարարումներից կախվածության կտրուկ ավելացում: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը լավ հնարավորություն է ստանում զսպելու նաև իր գլխավոր նավթային մրցակցին՝ ՕՊԵԿ-ին:

Չափազանց բարդ ու բազմաշերտ պարտիա է խաղարկվում»:

Տեսանյութեր

Լրահոս