Բաժիններ՝

Մարդկային կյանքի իմաստը

Մարդկային կյանքի իմաստը պատմության ընթացքում եղել է մարդկային մտածողության, կրոնական գաղափարների և փիլիսոփայական մտքերի մշտական ուսումնասիրության առարկա։ Սա հարց է, որը յուրաքանչյուր մարդու կանգնեցնում է դրա առջև՝ հասկանալու իրեն ու աշխարհը և կերտելու իր գոյությունը։ Մարդկային կյանքը, լինելով ժամանակի ու տարածության մեջ, ունի ոչ միայն կենսաբանական կամ սոցիալական նշանակություն, այլև խորը հոգևոր ու բարոյական չափորոշիչներ։

Աստվածաբանական ընկալմամբ կյանքի իմաստը կապված է Աստծո հետ։ Հիմնական կրոնները մարդու գոյությունը դիտարկում են որպես ստեղծվածի ու Ստեղծողի միջև հաղորդակցության մի միջոց։ Մարդը, ըստ այդ մոտեցման, ստեղծվել է որպես նպատակ ունեցող, ստեղծագործ էակ՝ իր կյանքով փառաբանելու և ճանաչելու Աստծուն։

Քրիստոնեական ուսմունքում հատուկ ուշադրություն է դարձվում հոգևոր աճին, բարոյական պատասխանատվությանը և հավիտենական կյանքին պատրաստվելուն։ Մարդկային կյանքը միայն նյութական գոյություն չէ, այլ աստվածային ծրագիր՝ իր վերջնական նպատակով. Մատթեոս 5:16-ում ասվում է․ «Թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է»։

Իսլամում ևս կյանքի իմաստը միտված է Ալլահի պատվիրաններին հետևելուն և աստվածային արդարության համակարգում մարդկային պարտականությունները կատարելուն։ Մարդը փորձություն է ստանում և հնարավորություն՝ դառնալով բարոյապես կատարելագործված, հասնելով հոգևոր կայունության։ Հետևաբար, աստվածաբանական մոտեցմամբ, նպատակն ու իմաստը կերտվում են հավատքով և հոգևոր վարժանքներով, որոնք, ընդհանրապես, գերազանցում են երկրային ու ժամանակավոր չափանիշները։

Կարդացեք նաև

Մարդկային կյանքի իմաստը կարելի է դիտարկել երեք հիմնական հարթությունում`

1. հոգևոր հարթություն. մարդու առաքելությունը կապված է իր հոգու, բարոյականության և հոգևոր արժեքների զարգացման հետ։ Աստվածաբանական մոտեցման մեջ սա արտահայտվում է աստվածային օրենքների և արժեքների իրականացմամբ, հոգևոր աճով։

2. Բարոյական և սոցիալական հարթություն. մարդու կյանքն առանձին է, անհատական, բայց նաև մարդն զբաղվում է սոցիալական գործունեությամբ. այլ մարդկանց օգնելը, բարության տարածումը և համամարդկային արժեքների պաշտպանությունը նպաստում է կյանքի իմաստի իրականացմանը։ Արիստոտելն այս գաղափարը դիտարկում էր որպես «մարդու բնական միտում», քանզի, ըստ նրա, մարդը սոցիալական էակ է։

3. Անհատական հարթություն. յուրաքանչյուր մարդ յուրովի պետք է գտնի կյանքի իմաստը սեփական փորձի, կարողությունների, ցանկությունների և ապրումների միջոցով։ Սա ընդգծում է էկզիստենցիալիզմի և ժամանակակից որոշ փիլիսոփայական ուղղությունների մոտեցումը. պարտադիր չէ կյանքի իմաստը դրսից տրվի, այն կարող է ստեղծվել անձի կողմից, անհատական կենսափորձի արդյունքում։

Մարդկային կյանքի իմաստը կարելի է դիտարկել նաև հոգեբանական տեսանկյունից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ կյանքի իմաստն զգալը ամրացնում է մարդու հոգեկան առողջությունը, նվազեցնում դեպրեսիվ վիճակները և բարելավում սոցիալական ակտիվությունը։ Այն տալիս է նվիրվածություն, նպատակներ և հարաբերություններ՝ ստեղծելով ներքին կայունություն և հոգևոր բավարարվածություն։

Այս համադրական մոտեցումը ցույց է տալիս, որ կյանքի իմաստը բազմաշերտ է. այն ներառում է ինչպես հոգևոր և բարոյական բաղադրիչներ, այնպես էլ անհատական և սոցիալական տարրեր։ Մարդը, ունենալով ինքնատիպ փորձառություն, կարող է գտնել և ստեղծել իր կյանքի իմաստը՝ միաժամանակ հարգելով համամարդկային և հոգևոր արժեքները։

Ամփոփելով՝ կարելի է ասել, որ մարդկային կյանքի իմաստը համադրական և բազմաշերտ է, այն ծնվում է հավատքի, բարոյականության, անձնական փորձառության և սոցիալական գործունեության հատման արդյունքում։ Կյանքի իմաստը ստեղծվում, ձևավորվում ու պահպանվում է մարդի ինքնակերտման գործընթացում:

Նարեկ սարկավագ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Շողակն Արարատյան» ամսաթերթ

Տեսանյութեր

Լրահոս