Netflix-ը հրաժարվել է ավելի բարձր գին վճարել Warner Bros.-ի համար, քան առաջարկել էր Paramount-ը
Netflix սթրիմինգային ընկերությունը հայտարարել է, որ չի բարձրացնի Warner Bros.-ի գնման համար ավելի վաղ ներկայացված առաջարկը և այն չի հասցնի մեկ բաժնետոմսի համար 31 դոլարի, ինչն ավելի վաղ առաջարկել է Paramount Skydance ընկերությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Netflix-ի ղեկավարների հայտարարությունը։
Նրանք նշել են, որ նման գնով Warner Bros.-ը գնելու գործարքն այլևս գրավիչ չէ, հետևաբար Netflix-ը հրաժարվում է մրցակցել Paramount Skydance-ի առաջարկի հետ։
Մեկ բաժնետոմսի դիմաց 31 դոլարի դեպքում Warner Bros.-ը գնահատվում է 108 միլիարդ դոլար։ Paramount-ը նաև առաջարկել է վճարել 7 միլիարդ դոլար, եթե գործարքը չեղյալ հայտարարվի, ինչպես նաև համաձայնել է վճարել 2,8 միլիարդ դոլար գումարը, որը Warner Bros.-ը պարտավորվել է վճարել Netflix-ին, եթե միաձուլման ծրագիրը ձախողվի։
Warner Bros.-ը տիրապետում է հոլիվուդյան ֆիլմերի գրեթե 100 տարվա արխիվին, ինչպես նաև հեղինակավոր HBO Max հեռուստատեսային սթրիմինգային ծառայությանը։ Warner Bros.-ն ավելի վաղ հայտարարել էր, որ իր բիզնեսի մնացած մասը, այդ թվում՝ ավանդական հեռուստաալիքները և CNN լրատվական ալիքը, կտրամադրի անկախ ընկերության։
Paramount-ն ունի իր սեփական սթրիմինգային ծառայությունը, չնայած այն Netflix-ից և HBO Max-ից պակաս ժողովրդականություն է վայելում, ինչպես նաև Nickelodeon-ի, CBS-ի և Comedy Central ապրանքանիշների սեփականատերն է։
Paramount Skydance կոնգլոմերատը պատկանում է Էլիսոնների ընտանիքին, որը մտերիմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կոնգլոմերատը գլխավորում է Լարի Էլիսոնի որդի Դեյվիդը, որը 2025 թվականից ակտիվորեն պայքարում է Warner Bros.-ը ձեռք բերելու համար



