Ռուս-թուրքական մերձեցման «լոլիկային» հետևանքները

Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք հայկական լոլիկի արտահանմանը։ Պարզվել էր, որ լոլիկի արտահանումը Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ աստղաբաշխական աճ է ունեցել։ ԵՏՄ տվյալներով՝ 2016 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանվել է 20366 տոննա լոլիկ՝ ավելի քան 14 մլն դոլար մաքսային արժեքով։ Այն դեպքում, երբ 2014 թվականին (ամբողջ տարվա կտրվածքով) Հայաստանից արտահանվել է ընդամենը 217.7 տոննա լոլիկ, իսկ 2015 թվականին՝ 1254 տոննա։ Ընդ որում, միայն ապրիլին արտահանվել է 7000 տոննա։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շտապեց պարզաբանում ներկայացնել այս հրապարակման կապակցությամբ։ Պարզաբանման մեջ նշվում էր, որ ըստ ԱՎԾ տվյալների, 2015 թվականին լոլիկի ցանքատարածությունները (բաց գրունտ) կազմել են 7401 հա, համախառն բերքի ծավալը՝ 320183 տոննա, իսկ 2016 թվականին՝ օպերատիվ տվյալներով՝ լոլիկի ցանքերը կազմում են 7900-8000 հա։

Կարելի՞ է լոլիկի արտահանման թռիչքը պայմանավորել ցանքատարածությունների 500-600 հեկտար աճով։ Կոպիտ հաշվարկով՝ այո։ Ըստ նույն ԱՎԾ-ի՝ Հայաստանում լոլիկի բերքատվությունը կազմում է տարեկան կտրվածքով մոտ 446 ցենտներ՝ 1 հեկտարից։

Այսինքն՝ տարվա կտրվածքով կարելի է ստանալ տարեկան մոտ 26 հազար տոննա լոլիկ։
Ինքս գյուղատնտես չեմ, սակայն հաշվի առնելով սեզոնայնությունը՝ կարելի է ենթադրել, որ 4 ամսվա կտրվածքով լոլիկի հավելյալ բերքը չի գերազանցի 9-10 հազար տոննան։ Սա, իհարկե, շատ կոպիտ հաշվարկ է, սակայն ակնհայտ է, որ 4 ամսում 20 հազար տոննայով ավելի արտահանումը միայն այսքանով հնարավոր չէ բացատրել։

Դրա համար էլ ԳՆ մասնագետներն այդ աճը պայմանավորել են հիմնականում ջերմոցային տնտեսության ակտիվացմամբ։ Պարզաբանման մեջ նշվում է, որ վերջին տարիներին տնտեսվարողների մոտ լուրջ շահագրգռություն է նկատվում ջերմատնային տնտեսությունների կառուցման և վերակառուցման ուղղությամբ, իսկ ժամանակակից ջերմոցները թույլ են տալիս ոչ միայն բերքատվությունը կտրուկ ավելացնել, այլ նաև որակը բարելավել։ «Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում նախորդ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում բարձրորակ տեղական արտադրության լոլիկ, վարունգ, ամսաբողկ, ելակ և տարբեր տեսակի ծաղիկներ, և կտրուկ ավելացել են դրանց արտահանման ծավալները»,- նշվում է պարզաբանման մեջ։

Նշվում է նաև, որ այսօրվա դրությամբ Հայաստանում շահագործվող ջերմատնային տնտեսություններում լոլիկի տարածքները, ըստ օպերատիվ տվյալների, կազմում են շուրջ 475 հա, որից սովորական տեխնոլոգիաներով՝ 434 հա, մեկ քառակուսի մետրի բերքատվությունը տատանվում է՝ 8-20, իսկ շուրջ 41 հա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմատներում` 40-50 կիլոգրամի սահմաններում։ Ջերմատներում տարեկան արտադրվում է 97000-100000 տոննա լոլիկ։ Սակայն չի նշվում, թե նախորդ տարվա համեմատ ջերմատնային տնտեսություններում լոլիկի տարածքները որքանով են աճել։

Ինչևէ, ընդունենք, որ Գյուղնախարարությունը հիմնավորեց լոլիկի արտահանման թռիչքը։ Սա նշանակում է, որ ամրագրվում է լոլիկի արտահանման նոր բարձր նշաձողը՝ տարվա առաջին 4 ամիսներին՝ ավելի քան 20 հազար տոննա լոլիկ՝ միայն ԵՏՄ երկրներ։ Եթե 2016 թվականի հունվար-ապրիլին այդ նշաձողը պահպանվեց կամ ավելացավ, ուրեմն կարող ենք փաստել, որ լոլիկագործությունը Հայաստանում իրոք նոր բարձունքների է հասել ու գրավում է եվրասիական շուկան։

Իսկ հակառակ դեպքում՝ կստացվի, որ «չար լեզուները» ճիշտ են, երբ ասում են, թե իրականում աճը գրանցվել է թուրքական լոլիկի հաշվին, որը մաքսանենգ ճանապարհով մտել է Հայաստան և հայկականի անվան տակ արտահանվել է Ռուսաստան։ Գյուղնախարարության օպերատիվ արձագանքը, ի դեպ, պայմանավորված էր հենց այդ՝ թուրքական հետքը մաքրելու ցանկությամբ։

Հիմա ընթերցողը կարող է մտածել՝ եթե «թուրքական տարբերակն» է աշխատել, ապա այն կշարունակի աշխատել նաև հաջորդ տարի, և լոլիկի արտահանման ցուցանիշները կպահպանվեն։ Սակայն այդպես չէ, քանի որ մի հետաքրքիր հանգամանք է ի հայտ եկել։

Ինչպես արդեն հայտնի է, Թուրքիայի նախագահն օրերս ներողություն խնդրեց 2015 թվականի նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելու համար (որից հետո ՌԴ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի համար)։ Դժվար չէր կանխատեսել, որ ռուսական կողմը շուտով կսեղմի իրեն մեկնված ձեռքը, և ռուս-թուրքական հարաբերությունները կրկին եղբայրական կդառնան։

Սակայն իրադարձությունները զարգանում են սպավածից շատ ավելի արագ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը 40 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես երեկ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ «Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է, որ կհանձնարարի կառավարությանը բանակցություններ սկսել համապատասխան թուրքական գերատեսչությունների հետ՝ առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցությունը վերականգնելու համար»: Առաջին քայլն էլ արդեն արվել է՝ հաղորդվել է, որ վերացվելու են Թուրքիա ռուս զբոսաշրջիկների այցելության հարցում գործող սահմանափակումները։

Սա նշանակում է, որ շատ շուտով Ռուսաստանը կվերացնի նաև սահմանափակումները։

Այսինքն, թուրքական պոմիդորն արդեն հայկական ձևանալու կարիք չի ունենա և անմիջապես կուղևորվի Ռուսաստան։ Սա էլ իր հերթին՝ նշանակում է, որ, եթե «չար լեզուները» ճիշտ են, ու իրականում Ռուսաստան է արտահանվել թուրքական լոլիկ, ապա հաջորդ տարի լոլիկի արտահանումը նվազելու է այնքանով, որքանով ավելացել է այս տարի։

Ռուս-թուրքական մերձեցման երկրորդ փուլը հիասթափեցնելու է ոչ միայն՝ ռուս-թուրքական հարաբերությունների վատացմամբ ոգևորված գործիչներին, այլև՝ լոլիկի «թրաֆիկինգով» զբաղվող գործարարներին։

Սակայն բարդանալու է նաև Գյուղնախարարության գործը, քանի որ չափազանց դժվար է լինելու հիմնավորել լոլիկի արտահանման շեշտակի անկումը։ Առավելևս, որ ջերմոցային տնտեսությունը, ըստ նախարարության, ոչ թե պասիվանում է, այլ հակառակը՝ կառուցվում են նոր արդիական ջերմոցներ։ Կրկնում ենք՝ եթե չար լեզուները ճիշտ են։
Իսկ լոլիկի այս խուճուճ պատմությունն իրականում ոչ թե Գյուղնախարարության թեման է, այլ ավելի խորը՝ համակարգային խնդիր։ Եթե Հայաստանում մարդիկ լիովին իրատեսական են համարում, որ Թուրքիայից Հայաստան կարող է մի քանի հազար տոննա լոլիկ աննկատ մտնել Հայաստան, դա խոսում է մաքսային համակարգի նկատմամբ վստահության գրեթե զրոյական մակարդակի մասին։

Տեսանյութեր

Լրահոս